Ազատության ուխտավորը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ազատության ուխտավորը

Ազատության ուխտավորը

Այս տարի, մարտի 17-ին լրացավ Արցախյան ընդհատակյա շարժման և ազատագրական պայքարի հայտնի դեմքերից մեկի, Մարտունու պաշտպանական շրջանի հետախուզության ղեկավար Վլադիկ Խաչատրյանի ծննդյան  65-ամյակը:

 

Ամեն տարի այդ օրը հանդիսավորությամբ խնկարկվում է հերոսի հիշատակը: Հավաքվում են… Գալիս են մարտական ընկերները, հարազատները  և  բոլոր նրանք, ովքեր իրենց հոգու տուրքն են ուզում մատուցել մի մարդու հիշատակին, ով հանուն հարազատ երկրի հայ մնալուն` անանձնական կյանքի ուղին է ընտրել:

 

Անցյալ դարավերջին, 80-ականներին,  երբ հայաթափվող Արցախի ու արցախահայության հետագա ճակատագրի հարցն էր դրված,  ամենազոր ժամանակը պահի հրամայականով ժողովրդի ծոցից ի հայտ բերեց նվիրյալների մի փաղանգ, որոնց համար գերնպատակ դարձավ ապուպապերի երկրի հայեցի դիմագծի վերաապահովումը:

 

Նվիրյալների մեջ` Մարտունու շրջանում իր կրակոտ խառնվածքով, բանիմացությամբ ու հայրենասիրությամբ աչքի ընկավ Վլադիկ Խաչատրյանը, ով ընդհատակյա գործունեության, շարժման տարիներին դրսեվորած ակտիվության և առաջին ջոկատների կազմավորման ու զինման գործում ունեցած ավանդի համար երախտապարտ համերկրացիների կողմից մկրտվեց  <<Կոմիսար>> անունով: Անձնուրացությամբ և գաղափարի մարդուն վայել պահվածքով` նա կարողացավ իր հետևից տանել տասնյակ մարդկանց, նրանց մեջ արթնացնել ազգային կրակը:

 

Կոմիսարի 65-ամյակին նվիրված միջոցառումներն իրենց մեկնարկն ունեցան Մարտունու` նրա անունը կրող Արհեստագործական ուսումնարանից, որտեղ  տրակտորիստ-մեխանիզատորի մասնագիտություն է ուսանել Վլադիկ Խաչատրյանը: Ազատության ուխտավորի անունով անվանակոչված ուսումնարանում` տնօրեն Ռաշիդ  Բաբայանը բազմաբնույթ միջոցառումներ կազմակերպելով ամեն ինչ արել է, որպեսզի նոր սերնդի ներկայացուցիչները չմոռանան բոլոր նրանց, ովքեր կերտել են այսօրվա ազատությունն ու անկախությունը:

 

Իսկ նույն օրը երեկոյան` Մարտունու մշակույթի տանը հանդիսավորությամբ նշվեց Վլադիկ Խաչատրյանի 65-ամյակը: ԼՂՀ պաշտպանության նախարարության և Մարտունու շրջվարչակազմի ջանքերով կազմակերպված միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բ. Սահակյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը, ԼՂՀ գլխավոր դատախազ Ա. Մոսիյանը, Մարտունու շրջվարչակազմի ղեկեվար Ն.Սողոմոնյանը, զինվորականներ և հասարակության ներկայացուցիչներ:

 

Ներկաներին` Վլադիկ Խաչատրյանի /Կոմիսարի/ կյանքի և գործունեության մասին պատմեց զինակից ընկերը,  Մարտունու շրջվարչակազմի  ղեկավար Նելսոն Սողոմոնյանը: Բարձր գնահատելով Կոմիսարի նվիրումը հայրենիքի հանդեպ` նշեց, որ նա մինչև վերջ հավատարիմ մնաց պայքարի սրբազան ուխտին: Բանախոսն ընդգծեց նաև, որ Վլադիկ Խաչատրյանի տեղն ու դերը մեր երկրի կյանքում շատ կարևոր ու ժամանակին էր, նա ասպարեզ եկավ այն ժամանակ, երբ իսկապես, Արցախի հետագա հայ մնալու համար` ազգին պետք էր առաջնորդ, այն էլ ոչ թե հոգևոր կամ սոցիալական, այլ ռազմական ու բարոյական:

 

Սերունդները դեռ պետք է դասեր քաղեն նրա անձնազոհությունից և նվիրումից: Չէ որ շատ քչերը կարող էին նրա նման Արցախի ազատագրության մարտերում զոհված անչափահաս ավագ որդու զենքը հանձնել երկրորդ անչափահաս որդուն` պատվիրելով պաշտպանել հայրենիքը: Քայլ, որ միայն մեծ անհատականություններին է հասու:

 

Կոմիսարը իր զավակներին որպես ճշմարիտ ուղի մատնացույց արեց ազգի արմատներն ու ակունքը, հասկացնելով, որ նրանք այս հողի և երկրի ծառան են: Ռուբենի, Մհերի և մանկահասակ Հրայրի համար անձնական օրինակ հենց հայրն էր ծառայում: Ինչ իմանար Կոմիսարը, որ իր սկսած պայքարը մեծ զոհողություն է պահանջելու հենց իր ընտանիքից…Եվ իր քարոզած գաղափարների համար հենց առաջինն էլ  ինքն է վճարելու…Դեռ չբոլորած ավագ որդու տարելիցը` նահատակվեց ինքը` Կոմիսարը, իսկ մի քանի օր անց` նրա մահը ծանր տարած մանկահասակ փոքր որդին` Հրայրը:

 

Կոմիսարի` որպես   գաղափարի ընկերոջ, ռազմավարական տաղանդի և նրա կտակած դասերի մասին խոսեցին  Ս. Հայրապետյանը և Ռ. Պետրոսյանը, իսկ ՊԲ սերժանտական խորհրդի նախագահ Ա. Խաչատրյանի ելույթն առավել շատ ուղղված էր իր զինվոր ընկերներին` կոչ անելով հայրենիքին ծառայել այնպես, որպեսզի պարզերես լինեն ավագ սերնդի առջև:

 

Միջոցառման կազմակերպիչներին իր երախտագիտությունը հայտնեց Կոմիսարի միջնեկ և միակ ողջ մնացած տղան` Մհերը, ով այսօր հոր երազած Ազատ  ու հայեցի դիմագիծը պահած Մարտունու քաղաքապետն է:

 

Հանդիսավոր երեկոյին` Արցախյան ազատագրական պայքարում երեք զոհ տված ընտանիքի  մորը` տիկին Իրային, ով կարողացավ արժանապատվորեն դիմանալ ճակատագրի ծանր հարվածին ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը հանձնեց Պաշտպանության բանակի հուշամեդալ, որով հետմահու պարգևատրվեց Վլադիկ Խաչատրյանը:

 

Պայքարի տարիներին պետք էր ոգեկոչել  ժողովրդին, արթնացնել նրա մեջ հավատը հայրենիքի վաղվա օրվա հանդեպ, ստեղծել համահայկական միասնություն և մնալով հայրենիքի զինվոր` վերցնել երկրի  ազատագրության պատասխանատվությունը ու դառնալ տեր:     Եվ Կոմիսարը  իր ընտանիքով դարձավ այս գաղափարների ոգեկոչողներից …

 

Վլադիկ Խաչատրյանի 65-ամյակին նվիրված  միջոցառումը, կարելի է ասել, որ հիշեցումի և պարտավորեցման պահ էր: Ազգային տառապանքը նրա արյան մեջ էր: Ինչ խոսք, անգնահատելի է նրա վաստակը, բայց ինչեր կաներ, եթե ապրեր, եթե հերիքեր ժամանակը: Յուրաքանչյուրս պետք է գլուխ խոնարհենք Արցախյան ազատագրական պայքարում երեք զոհ տված ընտանիքի առջև և փաստենք, որ նրանց իսկ օրինակով կարելի է ասել, որ դժվար է արմատախիլ անել մի ժողովրդի, որի արմատներն ամուր, շատ ամուր են սերտաճած հայրենի հողին:

 Երազ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

1