Ազատամարտիկ կնոջ պատմությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » հարցազրույց » Ազատամարտիկ կնոջ պատմությունը

Ազատամարտիկ կնոջ պատմությունը

Aparaj.am-ի հարցազրույցը Գայանե Առստամյանի (Բերդաձորի Գայանե) հետ:

 

Հայ կինը միայն առյուծածին մայր չէ. հայ կինը օրհասական պահին կանգնել գիտե իր զավակի ու եղբոր կողքին, եւ պատրաստ է զենք վերցնել, եթե դրա անհրաժեշտությունը կա: Արցախյան պատերազմում քաջագործություններ եւ հայ զինվորին առաջին գծում օգնություն ցուցաբերած քաջասիրտ կանանց մասին բազմիցս ենք առիթ ունեցել լսել կամ կարդալ, սակայն երբ անձամբ ես հանդիպում գեղեցկադեմ ու քնքույշ հայուհու, ով համեստորեն լռում է իր արած գործերի մասին, ինքդ էլ ես դժվարությամբ զսպում հուզմունքդ: Բերդաձորի Գայանեին (Գայանե Առստամյանին բոլորն այդպես են անվանում) շատերն են ճանաչում: Գայանեի սխրագործությունների մասին բազմիցս էի լսել, եւ միայն վերջերս բախտ ունեցա նրան անձամբ տեսնել եւ զրուցել հետը: Պատերազմի թոհ ու բոհով անցած հմայիչ հայուհին մեր զրույցի ընթացքում բավականին հուզված էր ու շփոթված: Ինձ համար դա անականկալ չէր, քանզի պատերազմի թոհ ու բոհով անցած հերոսներից ոչ բոլորն են սիրում խոսել իրենց անցած ուղու կամ արածի մասին: Ըստ նրանց՝ դեռ խոսելու ժամանակը չի, սակայն նրանք գտնում են, որ իրենց պարտքն է սերունդներին թողնել ճշմարտությունը, որպեսզի իրենց կիսատ թողած գործը շարունակեն:

 

Գայանե Առստամյանին Բերդաձորի Գայանե անունն իզուր չի տրվել: Գայանեն իր ուղին Արցախյան պատերազմում սկսել է հենց Բերդաձորից. <<Չնայած պատերազմից բավական տարիներ են անցել, բայց հաճախ եմ այցելում Բերդաձոր եւ կապս Բերդաձորի հետ չեմ կտրել, — մեզ հետ զրույցում նշեց Գայանեն,- ես իմ առաքելությունն ավարտված չեմ համարում թե Բերդաձորում եւ թե ընդհանրապես: Այդ իսկ պատճառով՝ Բերդաձորի ազատագրումից հետո հաճախակի եմ այցելում Բերդաձոր: Նախ՝ այնտեղ շատ ընկերներ ունեմ եւ, իհարկե, հիշողություններն են տանում ինձ այնտեղ: Ես համոզված եմ, որ առաջիկայում նույնպես իմ ուժերի ներածին չափով օգնելու եմ այդ ձորակին: Եւ, ընդհանրապես, մենք բոլորս միահամուռ ուժերով պետք է ամեն ինչ անենք այդ ձորակի եւ առհասարակ Արցախի բարգավաճման համար: Ես այսօրվա մեր գյուղերի վիճակը գնահատում եմ անբավարար: Գտնում եմ, որ վարչարարական աշխատանքը շատ թերի է, գյուղերի վիճակը՝ անբավարար: Այդ գյուղերում եռանդ չկա: Այն հնարավորությունները, որ կան այդ հողում, չեն օգտագործվում նպատակային: Իսկ այդ հողն ունի անսահման մեծ հնարավորություններ՝ տնտեսական առումով, ինչը կարող է դառնալ ապագայի տեսիլք>>:

 

Գայանեն 1989 թվականին ներգրավվել է Արցախյան շարժման ակտիվիստների խմբերում եւ փորձել իր համեստ լուման ունենալ հայ ժողովրդի արդար պահանջի իրագործման գործին: <<1988-89 թվականներին, երբ սկսվեց Արցախյան Շարժումը, բոլոր այն մարդիկ, ովքեր հայրենասեր էին, իրենց պարտքն էին համարում ինչ-որ մի լումա ներդնել ընդհանուր Շարժման մեջ: Ոմանք ձեռնամուխ են եղել խնդրագրեր եւ դիմումներ գրելով, կամ հացադուլներ անելով, իսկ ոմանք էլ ձեռնամուխ են եղել կոնկրետ գործեր կատարելուն. ես այդ մարդկանց թվին եմ դասվում: Ես գիտակցում էի, որ հնարավորություններս շատ համեստ են. ի վերջո կին եմ:  89 թվականին արդեն իսկ ձեւավորվել էր մի խումբ, ովքեր միեւնույն գաղափարի կրողներ էին: Եւ այդ օրերին անհրաժեշտ էր, որպեսզի Բերդաձորում կապի համակարգի վրա վստահելի մեկը նստեր: Այդպես ես հայտնվեցի Բերդաձորում 89 թվականի դեկտեմբերից մինչեւ 91 թվականի մայիսի 15-ը, երբ  կայացվեց տխրահռչակ Կոլցո ռազմագործողությունը, որի արդյունքում Ադրբեջանի ՕՄՕՆ-ի եւ Սովետական բանակի համատեղ ուժերով հայկական  գյուղեր էին դատարկվում>>: Չնայած Կոլցո ռազմագործողությունից 23 տարի է անցել, բայց Գայանեի հուշերում դրանք անջնջելի հետք են թողել: Եւ խոսելով այդ օրերի մասին՝ Գայանեն դժվարությամբ էր զսպում իր արցունքները. <<Կոլցո ռազմագործողության հետ կապված հիշողություններս շատ վառ են մնացել: Գերեվարված կանայք շրջապատված էին թուրք ՕՄՕՆ-ի եւ ռուս զինծառայողների կողմից: Գյուղի տղամարդկանց տարել էին Լաչին, որոշներին տանջամահ էին արել:

 

Դրանք շատ ծանր հիշողություններ են, որոնք հնարավոր չի ջնջել ուղեղից: Հենց Կոլցո ռազմագործողությունից մենք շատ բան հասկացանք: Մենք հասկացանք, որ պետք է ավելի ուժեղ լինենք, ավելի զինված, ավելի կազմակերպված, որպեսզի թույլ չտանք, որ կրկնվի պատմությունը, ըստ որի՝ մեր ազգն անընդհատ տուժողի դերում է հայտնվել կամ տարհանվել է:

 

Կոլցո ռազմագործողության արդյունքում դատարկվեց նաեւ Բերդաձորը, եւ ես էլ մյուսների հետ դուրս եկա գյուղից: Շուշիի ազատագրումից հետո ազատագրվեց Բերդաձորն ու Քաշաթաղը (Լաչինը), եւ ես կրկին վերադարձա, քանզի ես ոչ միայն զինվոր էի. պարզապես շատ սիրեցի տեղի մարդկանց, ունեցա շատ ընկերներ, որոնց հետ մինչ օրս կապ եմ պահում>>:

 

Ըստ Գայանեի՝ հայրենասիրությունն անձնազոհություն է պահանջում,  պահանջում է անքուն գիշերներ կամ վտանգի տակ մնալու զգացողություն. <<Առհասարակ, մեր բոլորի հայրենասիրությունը գալիս է մեր ծնողներից: Ծնողներս շատ մեծ դժվարությամբ ընդունեցին այն փաստը, որ ես մեկնում եմ Բերդաձոր: Մայրս իմ պատճառով ինֆարկտ է տարել, բայց, միեւնույն է, ժամանակն էր թելադրում մեր գործողությունները: Ժամանակն ինքն էր քեզ բերում եւ կանգնեցնում այն ճանապարհին, որով դու պետք է անցնեիր: Ես նստում էի  կապի մոտ, տղաները հերթափոխով ճանապարհներն էին հսկում, քանզի ադրբեջանցիները պարբերաբար հարձակվում էին: Հիմա, երբ հիշում եմ այդ վախն ու ապրումները, հասկանում եմ, որ պետք չէր իրենցից վախենալ, որովհետեւ մի փոքր դիմադրության արդյունքում նրանք արդեն չկային>>:

 

1991 թվականին Գայանեն վերադառնում է Ստեփանակերտ, որտեղ շտաբին կից ստեղծվում է 61 կապը: Եւ Գայանեն երկու աղջիկների հետ ծառայության է անցնում 61 կապում. <<Ես 61 կապում էի, երբ Արկադի Տեր-Թադեւոսյանը կոչ արեց՝ կանանց ներգրավվել պատերազմում: Արդեն թեժ մարտեր էին ընթանում, զոհվում էին մեր տղաները, եւ չէր բացառվում, որ եթե ժամանակին ցույց տրվեր բժշկական գրագետ օգնություն՝ հնարավոր կլիներ նրանցից ոմանց կյանքը փրկել: Հայաստանում ստեղծված <<Սպիտակ>> փրկարարական ծառայությունից եկան եւ Շուշիի ուսումնական կենտրոնում  կազմակերպեցին ուսումնական դասընթացներ: 13 աղջիկ անցանք այդ դասընթացները: Մեզ ներգրավեցին Շուշիի գունդ եւ Շուշիի գնդի կազմում մենք անցանք ռազմական գործողությունների ողջ ճանապարհով: Սկզբում շատ դժվար էր: Դժվարանում էի ներարկիչ բռնել, դեռ ավելին՝ մութ տեղ պետք է կարողանայի երակ մտնել: Պահ է եղել, երբ ստացվել է, պահ է եղել՝ չի ստացվել: Ես այն ժամանակ մտածում էի, որ եթե անգամ մի հայ զինվորի կյանք կարողանամ փրկել, ուրեմն ռազմի դաշտում իմ գտնվելն արդարացված է: Կարող եմ հստակ ասել՝ մի կյանք չէ, որ փրկել ենք, մեր աշխատանքն արդյունք ունեցել է>>:

 

Գայանեն կրթությամբ պատմաբան է, եւ, ինչպես ինքն է նշում, չնայած իր ռոմանտիկ լինելուն՝ կյանքում իրատես է, եւ Արցախյան Շարժման հենց սկզբնական փուլում է գիտակցել, որ կոչերով հող չի ազատագրվելու, որ հողի ազատագրման համար արյուն է թափվելու: Եւ առաջին գիծ է մեկնել առանց վարանելու. <<Երբ դու անդադար ստրեսի մեջ ես գտնվում, դադարում ես մտածել քո հաջորդ քայլի մասին, սկսում ես ապրել այդ վարկյանով, ինչքան որ ապրում ես: Պատերազմի ժամանակ ժամանակը լրիվ այլ ձեւ է գնում՝ հակառակ ֆիզիկայի օրենքներին: Եթե դու տեսնում ես, որ քո հարեւանի երեխան պատահական ռումբի պայթյունից ինչպես է գլխատվել, դու արդեն վախենալու կամ մտածելու ոչինչ չես ունենում պատերազմի դաշտ գնալու հետ կապված: Այսինքն՝ մահանալու նույն շանսերը դու ունես քո տանը նստած: Իսկ պատերազմի դաշտում լինելով՝ չի բացառվում, որ կկարողանաս մի հայ զինվորի կյանք փրկել, կամ մյուսների հետ միասին կանխել թշնամու առաջխաղացումը: Ինձ թվում է՝ մենք բոլորս այդ հոգեբանությամբ ենք գնացել պատերազմ>>:

 

Գայանեի համար ամենածանր մարտը  Սանասարի (նախկին Կուբաթլու) մարտերն էին:

 

<<Ահավոր դժվար մարտ է եղել նախկինում Կուբաթլուի մարտերը: Խծաբերդ գյուղի մոտակայքում մարտերը շատ թեժ էին: Այդտեղ դիվերսիոն խմբի գործողության ընթացքում զոհվեց մեր ընկերուհիներից մեկը՝ Մարգարիտան. նա դիպուկահար էր: Նույն մարտում մենք երկու կին վիրավոր էլ ունեցանք: Կարինեն գլխուղեղից վիրավորվեց, ներկայումս առաջին կարգի հաշմանդամ է, եւ Մարգարիտան վիրավորվեց>>:

 

Ըստ Բերդաձորի Գայանեի՝ մարտական գործողություններում մեծ դերակատարություն կարող էր ունենալ ընդհանուր մթնոլորտը. <<Համոզված կարող եմ ասել, որ մեր տղաներն իրենց հաստատ հանգիստ էին զգում, որ մեկն իրենց հետեւում կանգնած է բինտը կամ առաջին բուժօգնության պարագաները  ձեռքին: Այսինքն, եթե փրկվելու հնարավորություն ունենային, ուրեմն իրենք փրկվելու էին: Մենք տղաների հետ եղել ենք առաջին գծում եւ ընդամենը մեկ քայլ ենք նրանցից հետ կանգնած եղել>>:

 

Գայանեն գտնում է, որ մենք մեր նպատակների միայն մի փուլին ենք դեռ հասել. <<Մենք հասել ենք մեր նպատակների միայն մեկ փուլին: Իմ կարծիքով՝ կան շատ մեծ սխալներ: Իմ գերագույն նպատակն այս ամենի մեջ միացյալ Հայաստան ստեղծելն է: Մենք դեռ անելիք ունենք, որը պետք է շարունակենք եւ թողնենք մեր գալիք սերունդներին: Աստված մի արասցե՝ նորից անհրաժեշտություն լինի առաջին գծում հայտնվելու: Առաջին գիծ գնացողը չպետք է առողջական կամ տարիքային խնդիր ունենա: Չգիտեմ, թե այդ ժամանակ առողջական ինչ վիճակում կլինեմ, բայց մի բան հստակ է՝ ես ժողովրդիս կողքին եմ լինելու>>:

 

 

Պատերազմի տարիներին Գայանեի արած գործը պետության կողմից աննկատ չի մնացել: Նա պարգեւատրվել է <<Մարտական խաչ>> երկրորդ աստիճանի շքանշանով: <<Իմ արածի համար ես շատ ավելի ճոխ պարգեւատրում եմ ստացել պետության կողմից: Գտնում եմ, որ իմ արածի հարյուրապատիկն արել են մեր տղաները: Ես պարգեւը մեծ սիրով եմ ընդունել. ստացել եմ <<Մարտական խաչ>> երկրորդ աստիճանի շքանշան եւ Շուշիի ազատագրման մեդալ>>,- այսպես է ասում Գայանեն:

 

Շուշիի ազատագրման ժամանակ Գայանեն դեռ ծառայելիս է եղել 61 կապում: Ըստ նրա՝ իրենք գիտեին, որ ինչ-որ գործողություն է կատարվելու: Սակայն հետո են հասկացել, որ  պատմական գործողությունների մասնակից են դարձել:

 

<<Առհասարակ չեմ սիրում խոսել պատերազմում իմ տեսածի մասին: Հնարավոր է, որ դեռ ժամանակը չի խոսելու: Բայց չի բացառվում, որ մի օր պատերազմում տեսածս հավաքագրեմ եւ որպես հիշողություններ տպագրեմ:

 

Ես իմ աշխատանքը շատ ծավալուն չեմ գնահատում: Հնարավոր է, որ ես այն փոքր քարն էի, որը չի թողել, որ հսկա քարերը փլվեն: Մեր տղաները այդ հսկաներն են, որոնց կողքին մենք կանգնել ենք եւ թույլ չենք տվել, որ մեր հսկաները փլվեն>>,-իր արած աշխատանքն այսպես գնահատեց հմայիչ հայուհին եւ հավելեց,- մենք ունենք մի նպատակ՝ հայ ժողովրդի բարգավաճումը մեր հողի վրա, ինչի համար մենք շատ դաժան ճանապարհ ենք անցել>>:

 

Անի ԱԶԱՏՅԱՆ

1