Ազատամարտիկն ափի մեջ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ազատամարտիկն ափի մեջ

Ազատամարտիկն ափի մեջ

Մարատը հեռախոսով իմացավ, որ հարցազրույցի եմ հրավիրում: Կաշկանդվեց: «Ի սեր Աստծո, ես ի՞նչ պիտի խոսեմ, այնքան արժանի տղերք կան, որ ստվերում են մնացել»,- ասաց: «Դրանցից մեկն էլ դուք եք»,- ասացի: Ծիծաղեց: Հետո լռեց: Ես չգիտեի, որ հեռախոսի մյուս ծայրում, որտեղ նա է, անբացատրելի հուզմունք էր իջել եւ ամպի պես պարուրել նրան: Նա այդ մասին ինձ չասաց, բայց ես դա գիտեմ…

  

Լուսաբացից առաջ

 

1989թ. դեկտեմբերի 21-ին Հադրութի շրջկենտրոնից պիտի ճանապարհվեին խորհրդային բանակ: Մարատ Դավթյանն իր հասակակիցների հետ սպասում էր ուղղաթիռի վայրէջքին, որպեսզի տեղավորվեն եւ թռչեն այնտեղից, որտեղ նրա ու նրա նմանների կարիքը շուտով պիտի զգացվի: «Ուղղաթիռն  օդում կանգնեց եւ նույնիսկ չիջավ: Այսօրվա պես հիշում եմ,- պատմում է նա,- աստիճաններն իջեցրին: Պետք է բարձրանայինք: Կողքիս կանգնած էր լեգենդ դարձած մարդը՝ Արթուր Մկրտչյանը, ով իմ պատմության ուսուցիչն էր եղել եւ առաջինն էր ինձ ուսանել «արգելված» հայոց պատմություն առարկան: Մկրտչյանը լուռ կանգնել էր, բայց երբ սկսեցինք աստիճաններով բարձրանալ, մեր հետեւից  բացականչեց. «Շուտով հետ եք գալու, տղե՛րք, մինչեւ վերջ չեք ծառայելու: Խորհրդային միությունը երկար կյանք չունի: Դուք այստեղ պետք եք գալու»: Մենք պարզ լսում էինք նրա խոսքերը  եւ գիտեինք, որ «լուսաբացից» առաջ այստեղ պիտի լինենք….»:

 

Այդպես էլ եղավ: Թբիլիսիում պիտի ծառայեր: Ծառայեց ընդամենը 7 ամիս: Հետո 62 ղարաբաղցիներով փախան եւ եկան Երևան: Երևանում միտինգներ էին: Ժողովուրդը «Միացո՜ւմ» ու «Ղարաբա՜ղ» էր գոչում, իրենք էլ միացան միտինգներին: Հետո նրանց տարան Խորհրդային Միության մի զորամաս: Այդտեղից էլ հաջողվեց փախչել եւ շտապել Արցախ: «Խորհրդային միության բանակում ծառայությունս ավարտեցի Ստեփանակերտում, կենտրոնական պաշտպանական շրջանում»,-ասում է Մարատը:

 

Ծնողներն այդ ժամանակ տեղափոխվել էին Մարտունու շրջանի Կաղարծի գյուղ: Երբ 1991 թ. դեկտեմբերին ավարտեց ծառայությունը, գնաց Կաղարծի: Արդեն ինքնապաշտպանական ջոկատ էր գյուղում ձեւավորվել. ինքն էլ միացավ:

 

 

Տարիներ, որոնց համար արժեր լույս աշխարհ գալ

 

«Պատերազմի տարիներն իմ կյանքի լավագույն տարիներն էին: Թող զարմանալի չթվա`դա, իրոք, այդպես է, որովհետեւ ամեն մի օրս իմաստավորված էր հայրենիքի ազատության երազանքով: Լավագույն ընկերներ եւ լավագույն հիշողություններ: Բոլորս միասնական էինք: Ես միշտ համարել եմ, որ իմ բախտը բերել է, որ ես ճիշտ ժամանակին եմ ծնվել եւ կարողացել եմ մաս կազմել Ազատամարտին: Որքա՜ն կփոշմանեի, եթե ուշ ծնվեի»,- ասում է եւ ավելացնում, որ այն ժամանակ օդն էլ էր ուրիշ, ամեն բան էր ուրիշ, ոգեղեն: «19-20 տարեկան  երիտասարդներ էինք, ու մտածում էինք՝ եթե զոհվելու ենք,  որքան լավ կլինի, որ Ավոյի կողքին զոհվենք. դա ամենամեծ պատիվը կլիներ»,- հիշում է ժպիտով:

 

 

 

Աշանի գումարտակի կազմում Մարատը մասնակցել է Մարտունու եւ հարակից տարածքների ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին՝ Աղդամ, Գյուլափլու, Մարզիլի, Յուսուփջանլի եւ այլն:

 

«1993-ին Աշանի գումարտակից տղաներ ջոկեցին, որ տեղափոխեն  գրոհային գունդ: Կաղարծիից 5 հոգի էինք»,- ասում է եւ խաղաղ ժպիտը դեմքին հիշում մի երգ` Լիզբոնի 5 տղաների մասին: «Այդ օրերին այնքան շատ էինք երգում այդ երգը: Այդ երգը նվիրումի եւ անձնազոհության խորհրդանիշ էր: Լիզբոնի 5 տղաները մեզ համար իդեալներ էին. ուզում էինք նրանց նման լինել, նրանց պես ոգի ունենալ, նրանց պես խենթ լինել»:

 

Հանդիպում Ավոյի հետ

 

«Առաջին անգամ Ավոյի /Մոնթե Մելքոնյան/ մասին երբ լսեցինք` ասացին, որ Ամերիկայից է եկել: Ամերիկա ասելով՝ առաջին բանը, որ գլխներումս ծագում էր, «ռեմբո», «շվարցնեգեր» բառերն էին: Նրան էլ էինք այդպիսին պատկերացնում: Հիշում եմ՝ Կաղարծի եկավ ուազով: Մոտեցանք: Ապշել էինք: Հագին հին բուշլաթ էր, սովորական գյուղացու շորեր: Այդ պահին չէինք էլ մտածում, որ լեգենդի կողքին ենք կանգնած»,- ասում է ու ավելացնում, որ պատերազմի ամեն մի օրն իր հուշատետրում անմահացրել է տարիներ հետո, բայց հուշատետրը ոչ մեկին ցույց տալ չի ուզում. գու՞ցե մի օր որոշի, բայց ոչ հիմա:

 

«Մի անգամ օձ խփեցինք: Սոված էինք, մի բան պետք է ուտեինք: Երբ Ավոն օձը տեսավ, գունաթափվեց: Ձայնը գլուխը գցեց՝ ո՞վ է հեղինակը, ո՞վ է հեղինակը: Մնացինք քար կտրած: Տղերքից մեկն ասաց. «Ի՞նչ հեղինակ, մեր մեջ գրող-բանաստեղծ կա՞, էս ի՞նչ է ասում»: Ավոյի աչքից արտասուք հոսեց:  Մեկն ասաց. «Օձի մասի՞ն է խոսքը: Այսքան թուրք ենք խփում, մի օձն ի՞նչ է, որ ջղայնանում ես, Ավո ջան»: Այդ օրն Ավոն այնքան լավ բացատրեց հայրենասիրություն կոչվածը, որ հուզմունքից չգիտեինք, թե որտեղ թաքցնենք  գլուխներս:  

 

«Էշ /նրա սիրած բառն էր/, թուրքին, որ չսպանես, ինքը կգա քեզ սպանելու, հետո կնոջդ կսպանի, երեխայիդ, ծնողիդ, տունդ կվառի, հետո էլ երկիրդ կտաս, կվերանաս աշխարհի երեսից: Այ դրա համար ես դու թուրքին սպանում, բայց էս օձը ի՞նչ պիտի անի քեզ: Թու՛, պատի՛ժ անմեղ կենդանուն խփելու համար»:

 

 

Պատերազմից դեպի թատրոն

 

«Երբ դպրոցական էի, երազում էի ֆուտբոլիստ դառնալ: Լավ էի խաղում: Ուզում էի ընդունվել Երևանի ֆիզկուլտինստիտուտ, բայց չստացվեց: Հետո, երբ մեծացա՝ մոռացա ֆուտբոլիստ դառնալու մասին: Անընդհատ մտածում էի դերասան դառնալ: Մայրս էլ էր այդպես ուզում: Կենտրոնական պաշտպանական շրջանում ծառայելու տարիներին մի օր որոշեցի դուրս գալ քաղաք եւ թատրոնի տեղն իմանալ: Փողոցում մի աղջկա հարցրի, բացատրեց թատրոնի շենքի տեղը: Մտա թատրոն: Առաջին իսկ պատահած սենյակում, որտեղ հայտնվեցի, նստած էին Համլետ Մարտիրոսյանն ու Մանվել Ավագյանը: Ասացի: Ինձ մոտ տպավորություն կա, որ ես դերասան պիտի դառնամ: Ասացի՝ կամ լավ դերասան պիտի դառնամ, կամ լավ տեռորիստ: Ծիծաղեցին: Հարցուփորձ արեցին: Պատմեցի, որ ծառայում եմ, բայց ազատ ժամերիս կարող եմ գալ, ծանոթանալ: Համաձայնեցին»:

 

«Պատերազմի տարիներին տղերքը կատակով «դերասան» էին կոչում եւ ասում, որ անպայման դերասան կդառնամ: 1994-ի զինադադարից հետո, երբ պետք է սպա դառնայի, ասացի՝ չէ, լավ է ես դիրքեր գնամ: «Դե, այնտեղ էլ դերասան կդառնաս երևի»,- կատակեցին»:

 

1996-ից հետո նորից եկավ թատրոն, 2 տարի աշխատեց` որպես դերասան, հետո ընդունվեց եւ ավարտեց Երևանի թատերական ինստիտուտը: Այսօր Մարատ Դավթյանը Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենն է:

 

 

Ազատամարտը չի վերջացել

 

«Երևի այսօր ազատամարտիկ բառի իմաստն այնքան էլ խորը չենք հասկանում: Մարդիկ 20-30 տարի հետո են հասկանալու, թե ինչ մեծ բախտ են ունեցել, որ մասնակցել են Ազատամարտին: Երբ 2-րդ համաշխարհային պատերազմն ավարտվեց, մեր մեծերն ասում էին՝ ի՞նչ պիտի անի գալիք սերունդը. եթե պատերազմ լինի, կթողնեն ու կփախչեն: Բայց Արցախյան ազատամարտի պատմությունը հակառակն ապացուցեց /թեեւ փախչողներ միշտ էլ լինում են/: Հիմա էլ են ոմանք  այդպես ասում, թե իբր` եթե պատերազմ լինի, երիտասարդներից շատերը ռուսաստաններ կփախչեն: Ես այդպես չեմ կարծում: Ես հավատում եմ նոր սերնդի ոգուն, հավատում եմ սահմանը հսկող զինվորին, որովհետեւ անցած տարվա օգոստոսն այլ բան ապացուցեց»,- ասում է նա եւ հավելում, որ երբ օգոստոսին «դրությունը վատ էր», ինքը որպես կամավոր գնացել է դիրքեր եւ համոզվել, որ նոր սերունդն իր նախորդին չի զիջում:

 

«Դիրքերում 60-70 տարեկան տղամարդիկ էլ կային, 20-30 տարեկան երիտասարդներ էլ: Բոլորն էլ կամավոր էին: Մի հրամանատար պատմեց, որ ՀՀ-ից 10 ժամկետային զինծառայողներ այդ օրերին պիտի զորացրվեին, բայց մոտեցան եւ ասացին. «Հրամանատար, չենք կարող գնալ, ամոթ է. ի՞նչ կմտածեն տղերքը: Ուզում ենք մնալ` դրությունը վատ է»: Սա ի՞նչ է նշանակում. մնողը միշտ էլ մնում է, գնացող-փախչողներ եղել են ու կլինեն:

 

Իսկ ո՞վ է ասել, որ պատերազմն ավարտվել է, ո՞վ է ասել, որ 1994-ին կնքված զինադադարը մեզ համար վերջակետ էր: Ճիշտ է, հաղթանակներ շատ ենք ունեցել պատերազմի ընթացքում, վաստակել ենք մեր անկախությունը, բայց կարող էինք ավելի առաջ գնալ: Եթե թողնեին՝ մինչեւ Բաքու կհասնեինք: Դա մեծ քաղաքականություն էր. պատերազմը կանգնեցրին: Մենք դեռ կունենանք այն Հայաստանը, որը կգա, որին կհասնենք: Այդ Հայաստանին հասնելու ոգին միշտ էլ կա»:

 

«Այսօր ամենամեծ հերոսությունն է կատարվում,- շարունակում է ազատամարտիկը,- որովհետեւ այսօր ավելի բարդ ժամանակներ են, աշխարհաքաղաքական շահերն ավելի մեծ են, մարդկությունն էլ է փոխվել: Նախկին ազատամարտիկը պետք է օրինակ լինի սահմանին կանգնած զինվորի համար, հարկ եղած դեպքում՝ զենք վերցնի ու կանգնի նրա կողքին: Երբեք չպետք է թողնենք, որ հաղթողի հոգեբանությունը մեր մեջ կոտրվի: Դրա համար էլ ե՛ւ իշխանավորը, ե՛ւ հասարակ քաղաքացին պետք է պատասխանատվության զգացումով ապրեն ու գործեն:

 

Ես հաճախ եմ մեր բացակա տղաներին հիշում, ու երբեք չեմ ընդունել, երբ նրանց կոչել են «զոհված» բառով: Նրանք ընդամենը բացակա են: Ու եթե մենք նրանց փոխարեն ներկա ենք այսօր, ուրեմն նրանց գործի շարունակողը պիտի լինենք, ուրեմն չպետք է պատերի տակ կամ տաք տեղերում նստած այս կամ այն բանը քննադատենք ու ասենք. «Կարելի էր սա անել, սա չանել, խի՞ է այս բանը այսպես կամ այնպես»: Պետք է ինքներս մեզ հարց տանք՝ ի՞նչ ենք անում մենք այդ ամենին ի հակադարձ: Ի՞նչ ենք անում մենք մեր երկրի համար…

 

Կա «չի կարելի»-ների մի շարք, որն ինձ համար անընդունելի է:

 

Սրանից 10 տարի առաջ, երբ տեսնում էի` թե ինչպես է մեկն աղբից  բան է վերցնում, չէի ուզում տեսնել, ասում էի՝ կգնամ այստեղից, որ չտեսնեմ: Բայց երբ մի օր տեսա, թե ինչպես են զինվորները շարք կազմած քայլում, տեսա նրանց հայացքներն ու աչքերը, հասկացա, որ գնալու տեղ չունեմ: Ինչպե՞ս կարող եմ ինքս ինձնից հեռանալ: Իսկ ո՞վ է մնալու, եթե բոլորը գնան, ո՞վ է մի բան փոխելու…  Երևի մեզ եւս մի պատերազմ է պետք, որպեսզի միավորվենք: Անտարբեր պետք չէ ապրել»:

 

 

Նոր սերունդը նոր կռիվ ունի մղելու

 

«Ես չգիտեմ` իմ 5 տարեկան որդին՝ Տիգրանը, որտեղից է լսել թուրք բառը, բայց նա նկարներ է նկարում, ասում է՝ թուրքին չեմ թողնի գա: Ես զարմանում եմ, թե նա ինչպես է դա մտածում: Երևի սա հային բնորոշ հատկանիշ է, որը սերնդեսերունդ փոխանցվում է:

 

Նոր սերունդը նոր կռիվ ունի մղելու: Այսօր պատերազմը նաեւ տեղեկատվական դաշտում, դիվանագիտական ու քաղաքական խաղերում է: Պատերազմն ամենուր է: Նոր սերունդն ավելի ամուր պետք է լինի: Մեզ դեռ նոր հերոսներ են պետք գալու…»:

 

 

 Հերմինե Ավագյան

1