Ազատամարտիկների պուրակը կդառնա Ստեփանակերտի գեղատեսիլ անկյուններից մեկը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ազատամարտիկների պուրակը կդառնա Ստեփանակերտի գեղատեսիլ անկյուններից մեկը

Ազատամարտիկների պուրակը կդառնա Ստեփանակերտի գեղատեսիլ անկյուններից մեկը

Ստեփանակերտցիներիս հետաքրքրում է, թե ինչպիսի տեսք կունենա Արցախի Ազատամարտիկների Միությանը հարակից կառուցվող Ազատամարտիկների պուրակը: Ստեփանակերտի քաղաքապետարանի Ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի վարիչ Սեյրան Սաֆարյանը մեզ տեղեկացրեց, որ Ազատամարտիկների պուրակի շինարարությունը կատարվում է Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների համագործակցության ծրագրերի շրջանակներում և անձամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ:

Պուրակի շինարարությունը սկսվել է 2015թվականին: Նախագիծը «Երևաննախագիծ» և Ստեփանակերտի «Նարինե և գեղանի» ընկերությունների համատեղ աշխատանքի արդյունք է, հեղինակներն են Երևանից՝ ճարտարապետ Շահեն Մուկուչյանը և Արցախից՝ ճարտարապետ Վլադիկ Սարգսյանը: Նախագծա- նախահաշվային սկզբնական արժեքը կազմում էր 400մլն. դրամ, սակայն այժմ կատարվում է նախագծի վերափոխում և այդ արժեքն ավելի կմեծանա, քանի որ պուրակում կտեղակայվի նաև «Արցախի ձայներ»-ի համերգային ստուդիայի շենքը:

Քաղաքապետարանի Ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Ս. Սաֆարյանը նշեց, որ շինարարությունն իրակականացվում է Երևանի քաղաքապետարանի միջոցների հաշվին: Ավարտված են հողային աշխատանքները, «Արցախի ձայներ» ստուդիայի շենքի հիմնական մասը, 350 հանդիսատեսի համար նախատեսված է բացօդյա ամֆիթատրոն, այժմ աշխատանքներ են տարվում շատրվանների և աստիճանների տեղադրման տեղամասերում:

Ազատամարտիկների պուրակը կզբաղեցնի 2հա տարածություն: Այգու կենտրոնական մասում նախտեսվում են պարող շատրվաններ, մանկական բաց և փակ խաղահրապարակներ, սրճարաններ, Ազատամարտիկների Միության կցակառույցում կլինի ամֆիթատրոնը: Նախատեսվում են ահագին կանաչապատ տարածքներ, ծաղկանոց, քանդակային հետաքրքիր լուծումներով բարելեֆներ, լուսային տարբեր էֆեկտներ: Պուրակի մուտքը կլինի 3կողմից՝ Վերածննդի հրապարակից, Թումանյան փողոցից և Սիրահարների այգուց:

Նախագիծը պլանավորվում է ավարտվել 2018թվականին: Հուսանք, որ Ազատամարտիկների պուրակը կդառնա ստեփանակերտցիների ժամանցի ամենասիրելի վայրերից մեկը:

«Ապառաժ»

1