«ԱԵԳՄՄ»-ն՝ համախմբող ուժ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական »  «ԱԵԳՄՄ»-ն՝ համախմբող ուժ

 «ԱԵԳՄՄ»-ն՝ համախմբող ուժ

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2015 թվականին: Այն միավորում է Արցախի տարբեր հիմնախնդիրներով զբաղվող կամ դրանց լուծմանը նպաստող երիտասարդ գիտնականներին, մասնագետներին, դոկտորանտներին, ասպիրանտներին, հայցորդներին, գիտաշխատողներին, դասախոսներին և մագիստրանտներին: Կազմակերպության համահիմնադիրն իրավաբանական գիտությունների թեկնածու Ավետիք Հարությունյանն է, հիմնադիր-նախագահը՝ իրավաբանական գիտությունների թեկնածու Սիրանուշ Պետիկյանը, իսկ մյուս համահիմնադիրները՝ Սերյոժա Նասիբյանը և Իսկուհի Ավանեսյանը:

«ԱԵԳՄՄ» ՀԿ-ի ստեղծման գաղափարների, նպատակների և գործունեության մասին «Ապառաժը» զրուցեց կազմակերպության համահիմնադիր Ավետիք Հարությունյանի հետ: «Նման կազմակերպություն ստեղծելու գաղափար եղել է դեռևս այն ժամանակ, երբ ԱրՊՀ-ի ասպիրանտուրա բաժինն էի ընդունվել: Կազմակերպության ստեղծման հետ կապված ճակատագրական քայլն իմ անձնական կյանքն էր: 2014 թվականին, ամուսնանալով Սիրանուշ Պետիկյանի հետ, ով ևս իրավաբանական գիտությունների թեկնածու էր, որոշեցինք հիմնել նման  հասարակական կազմակերպություն: Ստեղծել այնպիսին, որը կհամատեղի ոչ միայն երկուսիս գաղափարները, այլև կհամախմբի այն երիտասարդներին, ովքեր կկարողանան ինչ-որ չափով իրենց գիտելիքներն ու կարողություններն օգտագործել հանուն Արցախի»,- նշեց Ավետիք Հարությունյանը:  Այս պահին կազմակերպությունն ունի ավելի քան 35 անդամ, ովքեր ոչ միայն Արցախում, այլև ՀՀ-ում և ՌԴ-ում ապրող երիտասարդ գիտնականներ և մասնագետներ են: Անցած տարվա սեպտեմբերի 16-ին «ԱԵԳՄՄ» ՀԿ-ի նախաձեռնությամբ ԼՂՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Արցախի 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները» խորագրով միջազգային երիտասարդական առաջին գիտաժողովը:

Ըստ կազմակերպության կանոնադրության՝ 18 տարին լրացած յուրաքանչյուր ոք, ով զբաղվում է գիտությամբ, ընդունում է «ԱԵԳՄՄ»-ի կանոնադրությունը և իր գործունեությամբ նպաստելու է կազմակերպության կանոնադրական նպատակների ու խնդիրների իրագործմանը, կարող է անդամակցել ՀԿ-ին: Կազմակերպությանը կարող են միանալ նաև 18 տարին լրացած ուսանողները, ովքեր կլինեն համակիր այնքան ժամանակ, մինչև որոշում կկայացնեն զբաղվել գիտությամբ:

«Կազմակերպության գերնպատակն է ոչ միայն միավորել Արցախի այս կամ այն խնդրով զբաղվող գիտնականներին ու մասնագետներին, այլև առավելագույնս օգտագործել բոլորի ներուժը հանուն գիտության զարգացման և պետության ամրապնդման,- նշեց Ավետիք Հարությունյանը և հավելեց, որ մինչ կազմակերպության ստեղծումը, Արցախում գործող երիտասարդ մասնագետը, գիտնականը ինքնուրույն իր աշխատանքն էր կատարում, իսկ կազմակերպության շնորհիվ հիմա բոլորը համախմբվել են, մեկը մյուսին ճանաչում են»: 2016 թվականի մարտի 24-ին Մ. Մաշտոց համալսարանում տեղի ունեցավ «Երիտասարդների իրավագիտակցության մակարդակի բարձրացման հիմնախնդիրը ԼՂՀ-ում» քառօրյա ուսուցողական դասընթացը, որի մասնակցել են շուրջ 30 երիտասարդ: Դասընթացի շրջանակներում տպագրվեց «Իրավագիտակից երիտասարդ» տեղեկատվական գրքույկը, իսկ մասնակիցներին տրվել են հավաստագրեր:  Իսկ վերջին նշանակալից իրադարձությունը «Սահմանադրություն և իրավունք» խորագրով դպրոցականների օլիմպիադան էր, որին մասնակցում էին ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ Արցախի մյուս շրջաններից 55 աշակերտ:

«ԱԵԳՄՄ» ՀԿ-ում կան ամենատարբեր գիտությունների՝ իրավաբանական, քաղաքագիտական, տնտեսագիտական, հոգեբանական, բանասիրական, տեխնիկական, գյուղատնտեսական, անասնաբուժական և պատմական գիտությունների գծով երիտասարդ գիտնականներ և մասնագետներ: Այստեղ ուշադրությունը միայն մեկ ուղղության վրա չի դարձվում: ՀԿ-ն ունի նաև «Խորհրդատուների խորհուրդ» խորհրդակցական մարմին, որի կազմում ընդգրկվում են անվանի գիտնականներ, ովքեր իրենց գիտական ներուժով նպաստում են կազմակերպության նպատակների ու խնդիրների իրականացմանը:Առաջիկա ծրագրերի մասին խոսելիս Ավետիք Հարությունյանը առանձնացրեց երկրորդ գիտաժողովի մասին, որը պետք է  կազմակերպության ավանդական ծրագրերից մեկը: ՀԿ-ն առայժմ գրասենյակ չունի, սակայն համահիմնադրի կարծիքով, վերջինիս բացակայությունը առանցքային խնդիր չէ, սակայն ցանկալի: Իսկ նիստերի և հանդիպումների համար մշտապես աջակցում է Մ. Մաշտոց համալսարանը:

Հարկ է նշել, որ իր ակտիվ գործունեության շնորհիվ 2017թ. փետրվարի 24-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ԱԵԳՄՄ-ն արժանացել է «Հայկյան-2016» մրցանակի՝ «Լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություն մարզում» անվանակարգում:

Անի Ավանեսյան

1