Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որեւէ առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » հարցազրույց » Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որեւէ առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որեւէ առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ

 Հատված news.am -ի`  Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի  հետ հարցազրույցից:  

 

Վերջերս հաճախականացել են կողմերի շփումները Մինսկի խմբի համանախագահների հետ եւ յուրաքանչյուր հանդիպումից հետո էլ Բաքուն հայտարարում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Որքանո՞վ են այդ հայտարարությունները համապատասխանում բանակցային գործընթացին:

 

Նախ, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որեւէ առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ ընթացող բանակցություններին, ապա Ադրբեջանը ընդունել է որպես հիմք բանակցությունների համար Մադրիդյան փաստաթուղթը: Իսկ Համանախագահ երկրների ղեկավարների կողմից հրապարակված Մադրիդյան փաստաթղթի սկզբունքները եւ տարրերը իրենցից ներկայացնում են մեկ ամբողջականություն, եւ դրանցից որեւէ մեկին չի կարող տրվել գերակայություն: Դա վերահաստատվեց նաեւ համանախագահ երկրների ղեկավարների 2013թ. հունիսի 18-ի համատեղ հայտարարությունում:

Ադրբեջանը, հակադրվելով ՄԱԿ-ի կանոնադրությանը, Մադրիդյան սկզբունքներին եւ տարրերին ու բուն բանակցային գործընթացին, փորձում է  գերակայություն տալ տարածքային ամբողջականության սկզբունքին եւ իբր մոռացության մատնել իր իսկ կողմից բանակցությունների համար որպես հիմք ընդունված այն դրույթը, համաձայն որի Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվում է նրա բնակչության պարտադիր իրավական ուժ ունեցող կամաարտահայտությամբ:

Զուր են Ադրբեջանի փորձերը` աղավաղված եւ ընտրովի ներկայացնելու բանակցային գործընթացը, նենգափոխելու խնդրի էությունը եւ հակամարտության ծավալման պատճառները, նսեմացնելու միջնորդների գործադրած ջանքերը եւ խաթարելու բանակցային գործընթացի առաջընթացը: Անկախ Ադրբեջանի այս հուսահատ փորձերից` հակամարտությունը միեւնույնն է կարգավորվելու է Արցախի ժողովրդի իրականացված ինքնորոշման իրավունքի եւ Ադրբեջանի` ինքնորոշված Արցախի դեմ իրականացված ագրեսիայի հետեւանքների համար պատասխանատվության շրջանակներում:

1