Ադրբեջանի որդեգրած «Գորտի էֆեկտ» ռազմավարությունը եւ մեր հակադրած «Առաջադրանք եւ ընկեր» սկզբունքը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ադրբեջանի որդեգրած «Գորտի էֆեկտ» ռազմավարությունը եւ մեր հակադրած «Առաջադրանք եւ ընկեր» սկզբունքը

Ադրբեջանի որդեգրած «Գորտի էֆեկտ» ռազմավարությունը եւ մեր հակադրած «Առաջադրանք եւ ընկեր» սկզբունքը

2003-ից մինչ 2016 թ. ապրիլյան քառօրյան ընկած 13 տարիների վրա հետադարձ հայացք գցելով՝ կարելի է հանգել հետևյալ եզրակացությանը.

2003թ., երբ իշխանության եկավ Ի. Ալիևը, ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացին ինչ-որ չափով հետևողները կամ դրանով հետաքրքրվողները հասկացան, որ ամեն ինչ սկսվում է զրոյից:
Այս զրոն չէր վերաբերում միայն բանակցային գործընթացին կամ խնդրի քաղաքական ասպեկտին, այլեւ, գուցեև առավելաբար, խնդրի ռազմական կողմին՝ երկրների սպառազինությանը և հայ – ադրբեջանական շփման գծին:

Կրտսեր Ալիևը փոխվեց ադրբեջանական իշխանությունների ներքին հռետորաբանությունը, սկսեցին հնչել Ղարաբաղը կռվով հետ բերելու կոչեր, որոնք ուղեկցվում էին սպառազինության աճով և ռազմական ոլորտին հատկացվող օրեցօր աճող բյուջեով: Ինչ խոսք՝ այս ամենին նպաստում էր նաև նավթի և գազի վաճառքից ձևավորվող պետական բյուջեի աճը:

Ալիևյան ռեվանշիստական հռետորաբանությունն ուղեկցվում էր շփման գծում միջադեպերի աճով՝ թե հաճախականությամբ և թէ մարտավարությամբ:

Մեր կողմից անցկացված դիտարկման արդյունքում, որը հնարավորինս հակիրճ կներկայացնենք ընթերցողին, հստակ երևում է այն ռազմավարությունը, որը հակառակորդը կիրառում ու զարգացնում էր այս տասնամյակի ընթացքում՝ փուլ առ փուլ փոխելով մարտավարությունը:

Այս շուրջ տասնամյա ռազմավարությանը տանք «Գորտի էֆեկտ» անվանումը:

Ինչու՞ «Գորտի էֆեկտ»:

Եթե գորտը գցենք տաք ջրի մեջ, նա կտրուկ ցատկով դուրս կթռչի կաթսայից, իսկ եթե գցենք սառը ջրով կաթսայի մեջ, նա չի փորձի դուրս թռչել: Իսկ եթե կաթսան դնենք կրակին եւ տաքացնենք, սառնարյուն գորտի մարմնի ջերմաստիճանն աստիճանաբար ջրին հավասար կտաքանա, եւ գորտը դա չի զգա ու, ի վերջո, կխաշվի: Ստորեւ կտեսնենք, որ հակառակորդը մեր նկատմամբ անցած տարիների ընթացքում կիրառել է մի ռազմավարություն, որը էությամբ համեմատելի է բերված օրինակի հետ, այդ պատճառով էլ այն անվանեցինք «Գորտի էֆեկտ»:
Այժմ ներկայացնենք սահմանային միջադեպերը՝ ըստ ժամանակահատվածի և ըստ մարտավարության:

2003-2008թթ սահմանային միջադեպերը, որոնց հետևանքով վիրավորվում կամ զոհվում էին զինվորներ, հիմնականոմ պայմանավորված էին անփութության, երբեմն՝ ինքնագործունեության, անվտանգության կանոնների խախտման, կանոնագրային հարաբերությունների անտեսման երևույթներով: Թշնամու հետախուզական-դիվերսիոն գործողությունները կամ դիպուկահարները ավելի քիչ կյանքեր էին խլում:
Այս ժամանակահատվածը բնորոշվեց որպես մաշող-հյուծող պատերազմ:
2008-ից սկսվեց մեկ այլ փուլ,որը տևեց միչև 2012թ. :

Այս փոլի մարտավարությաունը կայանոմ էր նրանում, որ շեշտը դրվեց դիպուկահարների վրա. հստակ կարելի է ասել, զոհերի և վիրավոորների 60-70% բաժին էր ընկնում դիպուկահարներին: Այս մարտավարությոնը հակառակորդը կիրառում էր նաև Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտու ուղղությամբ:
Այս ժամանակահատվածը կոչվեց «Դիպուկահարների պատերազմ»:

2012-ից սկսվեց և 2014-ի օգոստոսի սկզբին գագաթնակետին հասավ արդեն մի այլ մարտավարական փուլ: Այս շրջանն առանձնանում էր իր ոճով:
Սահմանին ակտիվացել էին հետախուզական-դիվերսիոն գործողությունները, որոնց հետեւանքով ունենում էինք ոչ թե մեկ զոհ կամ վիրավոր, այլ մեկից ավելի վիրավորներ կամ զոհեր:
Իր բնույթով այս շրջանը արդեն կարելի է համարել մերձ շփումների շրջան:

Զինադադարից հետո շփման գծում առավել շատ ընդհարումներ տեղի ունեցան այս ժամանաահատվածում: Եթե մինչ այս ժամանակաշրջանը մեր կորուստների 70-80%-ը բաժին էր ընկնում հեռահար կրակոցներին, ապա այս ժամանակահատվածում տոկոսային պատկերը փոխվեց. արդեն 60-70%-ն էր բաժին ընկնում, այսպես կոչված, «մերձ շփմանը», այսինքն՝ մերձամարտին:

Հետևություն. հակառակորդն ընտրել է նոր մարտավարություն, նորացվել են օգտագործվող զինատեսակները (դիպուկահար հրացաններին զուգահեռ գործածվում են նռնակներ, մեկ անգամ օգտագործվող նռնականետեր, մերձ տարածության վրա օգտագործվող զենքեր և այլն): Եւ ամենաարևորը՝ հակառակորդն իր գոծողությունները մոտեցրել էր մեր առաջնագծին, այսինքն՝ խախտվել էր առաջնագծերի միջև գտնվող չեզոք գոտու (ոչ հուսալի) չեզոքությունը:

Ինչպես վերևում ասվեց, այս փուլի գագաթնակետը գրանցվեց 2014թ. հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին՝ տասնօրյա ժամանակահատվածում:
Հակառակորդը մի քանի ուղղություններով իրականացրեց ինտենսիվ դիվերսիոն գործողություններ, որոնք, մեր դիրքապահների կողմից կասեցվեցին եւ ապա ետ շպրտվեցին: Հայկական կողմը հարկադրված էր թշնամուն պատասխանել համարժեք գործողություններով:

Մեր կազմակերպված եւ հստակ պատասխանը ձախողեց հակառակորդի ծրագրերը, եւ նա առժամանակ «հանգստացավ»:

Այս տասնօրյա դիմակայությունը մեր լրատվադաշտում բնորոշվեց «միկրոպատերազմ» կամ «դիվերսիեն մարտեր» անվամբ, ինչը բնորոշ է ողջ փուլին:
Միկրոպատերազմների փուլն ավարտին հասավ օգոստոսյան բախումներից հետո:

Փուլի ավարտից հետո, ինչպես նախորդ փուլերի ավարտից հետո, հաառակորդը կարծես կարճատև դադար վերցրեց՝ հիմնականում իր կորուստները աստիճանաբար ներկայացնելու, ինչպես նաև ներքին իրավիճակի շիկացումից խուսափելու նպատակով:

Սակայն այս դադարների հիմնական նպատակը միջազգային հանրության գնահատականներին հետևելը եւ դրանք հասկանալն ու վերլուծելն էր:
Իսկ միջազգային հանրությունն իր գնահատականներում գրեթե միշտ հավասարեցնում էր Արցախի և Ադրբեջանի գործողությունները և նույն հորդորով դիմում երկուսին՝ չմատնանշելով իրական ագրեսորին և հարկադրված պաշտպանվողին:

Այս անդեմ հայտարարություններն ավելի էին ջուր լցնում Հեյդար Ալիևի ջրաղացին:
Որոշ դադարին հաջորդեց նոր մարտավարական փուլ:

Այսպիսով՝ 2014-ի ամռան վերջերից, սահմանային միջադեպերի ժամանակ, հակառակորդն սկսեց օգտագործել ականանետեր, սկզբնական շրջանում 60 մմ տրամաչափի, ապա՝ 82 մմ, ավելի ուշ գործի դրվեց 120 մմ տրամաչափի ականանետ:

1994թ. զինադադարից հետո, հատկապես առաջին ամիսներին, առաջնագծում թեև լինում էին թեժ բախումներ, միջդիրքային միկրոմարտեր, սակայն հրետանի (հրանոթներ կամ ականանետեր) գրեթե չէին օգտագործվում:

Սա բավականին լուրջ առաջխաղացում էր հակառակորդի կողմից օգտագործվող զինատեսակների և մարտավարության առումով: Առավել ևս այս ընթացքում ինտենսիվացան հետախուզադիվերսիոն գործողություններն առաջնագծում:

Հակառակորդն այնքան լկտիացավ, որ դիվերսիոն գործողություններ սկսեց կազմակերպել նույնիսկ հայկական ուժերի թիունքում:
2015թ. սկսած հակառակորդը, օգտագործելով անօդաչու թռչող սարքեր, օրը ցերեկով ականանետային կրակ բացեց ՊԲ բարձրաստիճան սպաներից մեկի մեքենայի ուղղությամբ, և նույնիսկ մամուլով տարածեց ԼՂՀ ՊԲ գնդապետի մահվան մասին կեղծ լուրեր:

Այս դեպքից բխող կարևոր եզրակացությունն այն էր, որ հակառակորդն իր ականանետային կրակի կառավարման համար օգտագործում է անօդաչու սարքեր. սա արդեն գիշերային լարվածություն չէր, այլ կոնկրետ ծրագրված բացահայտ գործողություն:

Անօդաչու սարքերի օգտագործումը շփման գծում հակառաորդի կողմից նոր քայլ էր, թե մարտավարական, թե ռազմատեխնիկական տեսակետից:
2015թ. աշնան կեսերին հակառակորդը զինադադարից հետո առաջին անգամ գործի դրեց հաուբիցներ և կրակի թիրախ դարձրեց արդեն ոչ թե առաջնագիծը, այլ՝ ստորաբաժանման զորանոցը, որը գտնվոմ էր թիկունքում՝ առաջնագծից 5-6 կմ հեռու:

Նույն թվի ուշ աշնանն օգտագործեց Տ -72 տանկ՝ բաց կրակային դիրքից կրակ բացելով ոչ թե դիրքամերձ ճանապարհի, այլ՝ միջհամայնքային նշանակության ճանապարհով ընթացող մեքենաների վրա:
Այսպիսով՝ 2014թ, օգոստոսի վերջին ավարտված միկրոպատերազմին հաջորդեց ականանետային պատերազմը: Սրա գագաթնակետը թիկունքում գտնվող զորամասի ռմբակոծումն էր հաուբիցներից, որին կարճ ժամանակ հետո հաջորդեց տանկի կրակը:

2016թ. հունվարն ու փետրվարը աչքի չընկան արտառոց միջադեպերով, այս ժամանակահատվածը կարծես դադարի պահն էր նախորդ փուլի ավարտից հետո և նոր փուլի նախօրեին, այսպես կոչված, միջազգային հանրության արձագանքները լսելու և միգուցե հայկական կողմին հանգստացնելու համար:
Գարնան սկզբին սկսվեցին և օրեցօր ինտենսիվացան միջադեպերը սահմանագծին և նրան հարակից թիկունքային հատվածում:
Կարճ տարեգրություն մինչ ապրիլյան քառօրյան. ինչ էին զրուցում պարզ արցախցիներն իրար հետ:

Մարտի 24-25 գիշեր

-Մարտունու շրջանի Հերհեր գյուղից. «Կարծես ականանետից կրակում էին Մարտունու ուղղությամբ, լուսադեմին ձայները լսվում էին գյուղում»:

Մարտի 28-29

-Ականանետով կրակել են Մարտակերտի ու Թալիշի ուղղությամբ:

Եւ, վերջապես՝ ապրիլի 2 -ի առավոտյան, զրույց Ստեփանակերտում.
Գիշերը կրակել են Թալիշի ուղղությամբ (զրուցում են հանգիստ, կարծես խոսքը սովորական նյութի է վերաբերում):

Այս ամենից հանգում ենք երկու եզրակացության.
1. Ադրբեջանը իր գործողություններով հստակ, ծրագրված կերպով գնում էր դեպի ապրիլյան իրադարձությունները:
2. Արցախի բնակիչը սպասում էր այդ իրադարձություններին:
Որ պիտի լիներ պատերազմական բռնկում, կարելի էր ենթադրել: Խնդիրն այն էր, թե երբ կարող էր սկսվել:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԵՒ ԸՆԿԵՐ

Առաջադրանքը

«Կանգնում ենք մինչև վերջ, մինչև վերջին փամփուշտը, հետո անցնում ենք մերձամարտի» (Մերուժան Ստեփանյան – Հետախուզական դասակի հրամանատար, զոհվել է քառօրյա պատերազմի ժամանակ):
Վստահորեն կարելի է ասել, որ հակառակորդի կողմից հրահրվող գործողություններին միշտ տրվել է համարժեք պատասխան:
Սակայն կա մեկ կարևոր կետ ևս:

Լարվածության աճ առաջնագծում. միջդիրքային բախումները, դիպուկահարների կրակը, հետախուզադիվերսիոն գործողությունները, ականանետային կրակը պարտադրեցին մեր զինվորներին առաջնագծում իրենց ծառայությունը տանել գրեթե պատերազմական իրավիճակին հավասար պայմաններում, ինչի շնորհիվ զինվորները պարզ դիրքապահներից վերածվեցին մարտական փորձ ունեցող մարտիկների, ովքեր գործնականում, արդեն իսկ իրականացրել էին դիրքի պաշտպանությունը հարձակման ժամանակ, դիրքի շրջանաձև պաշտպանությունը դիվերսիոն հարձակման ժամանակ, ականահարման ժամանակ գրագետ և արդյունավետ կերպով օգտվել թաքստոցներից և կազմակերպված կերպով անցնել պաշտպանության: Այս և նման շատ զինվորական գիտելիքների և հմտությունների էին տիրապետել հայ զինվորները, որոնք ներկա դիրքային ծառայության անբաժան մասն են դարձել:

Մեր զինվորները, իրենց հասանելիք առաջադրանքը գիտացելով, կարողացան այն կատարել, և դրա ապացույց կարող ենք համարել ապրիլյան քառօրյան, երբ դիրքերի ավագները՝ ընդամենը քսանամյա սերժանտներ, կարողանում էին իրենց ջոկերով այնպես կազմակերպել դիրքերի պաշտպանությունը, որ թէ քանակական, թէ ռազմական առավելություն ունեցող հակառակորդը մի քանի գրոհներից հետո կարողացել էր տիրել ընդամենը մի քանի դիրքի…

Օրինակը՝ «Լալայկան» (Լելեթեփե) պաշտպանող «Հրեշտակների ջոկատը» և դիրքի ավագ Ադամ Սահակյանը:

Ընկերը

«Պապ, մեզ մոտ ախպերություն է»- քառօրյայի ժամանակ նահատակված հերոսներից մեկը այպիսի խոսքեր է ասել հորը:
Մեր զինվորների մոտ փոխվեց և արմատացավ մեկ այլ հասկացություն ևս՝ ընկեր, զենքի ընկեր, ում ամենակրիտիկական պահին պիտի վստահես անգան կյանքդ:
Ապրիլյան քննության ժամանակ մեր զինվորները ցույց տվեցին ընկերասիրության և նվիրումի բացառիկ օրինակներ:
Հիշենք կապիտան Ուրֆալյանին մենակ չթողած, հրամանն անգամ անտեսած Քարամ Սլոյանին:

Լինելով վիրավոր, սակայն վիրավոր ընկերոջը մինչև վերջ հնարավորինս ապահով դիրք տեղափոխող Ռոբերտ Աբաջյանին հիշենք և բազում այլ դեպքեր ու հերոսների:
Այսպիսով՝ հակառակորդի կողմից մեզ պարտադրված «Գորտի էֆեկտ» ռազմավարությանը մենք պատասխանեցինք մեր մեջ արմատացած զինվորական վարքականոնի կարեւորագույն սկզբունքով՝ Առաջադրանք և Ընկեր:

Մհեր Ավետիսյան

1