Ադրբեջանի ձախողումի  եւ հայկական  դիվանագիտության զգոնության ժամանակը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Ադրբեջանի ձախողումի  եւ հայկական  դիվանագիտության զգոնության ժամանակը

Ադրբեջանի ձախողումի  եւ հայկական  դիվանագիտության զգոնության ժամանակը

Վիեննայի հանդիպման մասին շատ է խոսվել, սակայն այդ հանդիպման ժամանակ որոշակի նրբություններ դուրս են մնացել վերլուծական շրջանակներից: Նախ պետք է հաշվի առնել, որ Վիեննայում արտառոց ոչինչ չեղավ՝ չնայած այն տեղի ունեցավ արտառոց իրադարձությունից հետո: Այնտեղ ոչ մի փաստաթուղթ չստորագվեց, որևէ հասցեական հայտարարություն չեղավ: Ուղղակի այդ հանդիպումը տեղի էր ունենում աննախադեպ պայմաններում. այսինքն՝ պատերազմական գործողություններից հետո, ինչը 1994-ից ի վեր չէր եղել: Վիեննայի հանդիպման ժամանակ առաջին հայացքից աչքի զարնվողն այն է, որ թվում է, թե այնտեղ Ալիևին որոշակի նախազգուշացումներ են տվել և մեղմ ասած՝ Ալիևի գործերն այնքան էլ լավ չէին ու նրա դիվանագիտական հնարքներն այս անգամ այնքան էլ լավ չաշխատեցին:

 

Եվս մեկ կարևոր նկատառում՝ Վիեննայում մենք տեսանք Արցախյան հիմնախնդրում Արևմուտքի ընդգծված ակտիվություն: Թերևս, դա պատահական չէ, քանի որ հենց հանդիպումը, ինչպես նաև անվտանգության և հետաքննության միջոցների ներդրման առաջարկը, գալիս է ԱՄՆ-ից: Իսկ ինչո՞ւ է Արևմուտքն ակտիվանում Արցախյան հարցում, պարզ է. ԱՄՆ-ում և Եվրոպայում հասկանում են, որ Արցախում անկայունության պահպանման դեպքում այն իր ազդեցությունը կունենա նաև Արևմուտքի շահերի և Եվրոպայի էներգետիկ անվտանգության վրա: Ակնհայտ է, որ Ռուսաստանից Եվրոպայի էներգետիկ կախվածության թուլացման միակ ճանապարհը հանդիսանում է մեր տարածաշրջանը, և այստեղ միայն ադրբեջանական նավթի և գազի մասին չէ խոսքը, այլև՝ իրանական, միջինասիական, մերձավորարևելյան և այլն: Պատերազմական իրավիճակի ստեղծման վտանգի ժամանակ, պարզ է, որ Արևմուտքը պետք է իր շահերը պաշտպանելու համար կողմերին ստիպի դադարեցնել ռազմական գործողությունները: Իսկ թե ո՞վ է սկսել դրանք, ներկա տեխնոլոգիական դարում բոլորն էլ գիտեն: Ալիևի «հնարքը» ձախողվեց, նա չկարողացավ ո՛չ ռազմական, ո՛չ դիավանագիտական ճանապարհով իր առջև դրված խնդիրը կատարել:

 

Հանդիպման նրբություններից կարելի է համարել նաև Եվրամիության ակտիվ մասնակցությունն Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Ինչպես տեսանք՝ հանդիպմանը Եվրամիությունը ներկայացված էր այդ միության արտաքին հարաբերությունների պատասխանատու կառույցի ամենաբարձր ներկայացուցչի մակարդակով, մինչդեռ Ֆրանսիան՝ ԱԳՆ փոխնախարարի, ինչից կարելի է եզրակացնել, որ նկատվում է Արցախյան խնդրում Ֆրանսիայի դերի նվազեցման և Եվրամիության դերի աճման գործընթացի սկիզբ: Սա էլ ապացուցում է վերոնշվածը՝ Արևմուտքի հետաքրքրությունը Արցախում խաղաղության պահպանման հարցում:

 

Հանդիպումից հետո հատկանշական էր. նախ՝ հանդիպումից անմիջապես հետո ՌԴ անվտանգության խորհրդի նիստում Վ.Պուտինն անդրադարձել է նաև Վիեննայի հանդիպմանը, ինչը նշանակում է, որ ՌԴ-ն բարձագույն մակարդակով իր երկրի անվտանգության հայեցակարգում է դիտարկում և՛ Վիեննայի հանդիպումը, և՛ Արցախյան հիմնահարցը:

 

Ինչ վերաբերում է Վիեննայի հանդիպման պայմանավորվածություններին, ապա Ադրբեջանն իրեն հատուկ գործելաոճով նշեց, որ «իրենք Վիեննայում որևէ պատավորություն իրենց վրա չեն վերցրել»: Դրան հետևեց Արևմուտքի պատասխանը: ԱՄՆ-ն անուղղակիորեն նախազգուշացումներ տվեց Ալիևին՝ օգտագործելով Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարության գործոնը: Դրան հաջորդեց լրագրող Խ.Իսմայելովայի ազատ արձակումը: Այս ամենը միանշանակ ապացուցում է այն, որ Նահանգներն ազդանշան են տալիս Ալիևին, որ այլևս չեն հանդուրժի նրա խաղերը, այդ թվում՝ արցախյան խնդրում, որը, թերևս, այս փուլում, փորձում է իր ձեռքը վերցնել Վաշինգտոնը: Թե ինչպես այս ամենը կավարտվի, ցույց կտա ժամանակը, սակայն այն, որ ներկայումս հայկական կողմն ունի նոր հնարավորություններ, փաստ է, խնդիրը՝  այն զգուշությամբ, զգոնությամբ և տեղին օգտագործելն է:

«Ապառաժ»-ի խմբագրական, մայիս 31, 2016թ.

1