Ադրբեջանի կրակոցները եւ չկողմնորշվող համանախագահները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Ադրբեջանի կրակոցները եւ չկողմնորշվող համանախագահները

Ադրբեջանի կրակոցները եւ չկողմնորշվող համանախագահները

Վերջապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները զգացին սահմանային կրակոցների իրական ձայնն ու հոտը: Երկյուղած համանախագահները ստիպված եղան պատսպարվել: Այդ մասին Ջեյմս Ուորլիքը գրառում կատարեց իր թվիթերյան միկրոբլոգում՝ բավարարվելով միայն պատսպարվելու հանգամանքն անընդունելի համարելու հաղորդագրությամբ, իսկ ավելի ուշ Մինսկի խումբը հանդես եկավ հայտարարությամբ, որում դարձյալ հավասարության նշան էր դրվում կողմերի միջեւ եւ չէր մատնանշվում կրակողի անունը: Անընդունելին, սակայն, այն է,  որ եթե համանախագահներն իրենց վրա կրակելու փաստը  հանդուրժել չեն կարող, ապա հարց է ծագում, իսկ հայկական սահմանային գյուղերը գիշեր ու զօր կրակի տարափի տակ պահելը, հայ զինվորների ու խաղաղ բնակիչների զոհվելը, մանկապարտեզ ու դպրոց հաճախող երեխաներին սարսափի մեջ պահելը նրանք  ընդունելի՞ են համարում: Գո՞ւցե պատսպարվելու եւ հերթական անհաջող հայտարարությամբ հանդես գալու փոխարեն վերջապես ժամանակն է համարձակությամբ շրջվել դեպի իրականությունը: 

 

Փաստորեն, այս այցի ընթացքում Ադրբեջանը ոչ միայն ցուցադրեց իր բացահայտ արհամարհական վերաբերմունքը համանախագահող երկրների նկատմամբ, այլեւ  ցանկացավ արտահայտել իր վերաբերմունքն այն մասին, որ  այս ձեւաչափով խնդիրը լուծելն այլեւս անօգուտ ու անընդունելի է համարում:  Կրակոցները դիտարկումների ժամանակ նորություն չեն   եւ անկանխատեսելի չէ, թե ինչ վարքագիծ կցուցաբերեն մեր հարևանները հաջորդ դիտարկումների ժամանակ:

 

Ադրբեջանի կողմից հրահրվող սահմանային վիճակը հակամարտության կարգավորման գործընթացն օրըստօրե  մղում է փակուղի, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համար այլեւս անխուսափելի պիտի դառնա արտակարգ միջոցներ կիրառելու խնդիրը, որից ամենագլխավորը շփման գծում միջադեպերի հետաքննության  մեխանիզմների ստեղծումն է, որի միջոցով հնարավոր կլինի վերջապես ձեռբազատվել խանգարիչ ու բազմիցս օգտագործվող  «հավասարության նշանից»: Հարկ է հիշեցնել, որ հայկական կողմը միշտ էլ իր համաձայնությունն է արտահայտել սահմանային միջադեպերի հետաքննության վերաբերյալ, ինչին,սակայն, միշտ դեմ է եղել ադրբեջանական կողմը:

 

Նախօրեին ՀՅ Դաշնակցության Հայ Դատի գրասենյակի համառ ջանքերի շնորհիվ ԱՄՆ կոնգրեսի 85 անդամներ հանդես եկան  բաց նամակով, որում կոչ է արվում նախագահ Օբամային եւ ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ ագրեսիայի ու բռնության տարածումը կանխող միջոցառումներ իրականացնել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտադիտարկումն իրականացնողներին պահելով շփման գծում եւ նրանց զինելով այնպիսի տեխնոլոգիաներով, որոնցով հնարավոր կլինի արձանագրել շփման գծի բոլոր խախտումները: Այս վերջին անհրաժեշտության մասին Երևանում խոսել է նաեւ  Ջեյմս Ուորլիքը: Անհավատալի է սակայն, որ դիտարկման պահին նույն Ուորլիքի եւ նույն համանախագահների համար դժվար էր կողմնորոշվել, թե կոնկրետ որ կողմից են կրակում իրենց վրա: Հարց է՝ հետագայում որևէ այլ հանգամանք նրանց չի՞ խանգարի հստակ  կողմնորոշվելու, թե՞ չկողմնորոշվելը դարձել է վարքագիծ: Ճիշտը լսելու համար, ինչպես մեր պապերն են ասել՝ հարցրեք երեխաներին: Պարոնայք համանախագահնե՛ր կրակոցների ուղղությունը ճշտելու համար դիմեք սահմանամերձ գյուղերում բնակվող երեխաներին:

Խմբագրական 2015թ., հոկտեմբեր 30

1