Ադրբեջանի ահաբեկչությունը եւ միասնականության հրամայականը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Ադրբեջանի ահաբեկչությունը եւ միասնականության հրամայականը

Ադրբեջանի ահաբեկչությունը եւ միասնականության հրամայականը

Ադրբեջանի կողմից այս օրերին սանձազերծված պատերազմն ամենեւին պատահականություն կամ էլ թշնամու կողմից հապճեպ որոշում չէր, ասել է թե՝ պատերազմները նախօրոք են ծրագրվում:

 

Արդեն գաղտնիք չէ, որ ամեն մի պաշտոնական հանդիպումից առաջ Ադրբեջանն իր դեպրեսիան պարպում էր սահմանային լարվածության հրահրմամբ, ու արհամարհելով միջազգային կառույցների «խաղաղասիրական երկկողմ կոչերը»՝ ձգտում էր հակամարտության լուծումը մոտեցնել պատերազմի տարբերակին:

 

Այս պատերազմը մի օր պիտի սկսվեր, ու դա բոլորն էին գիտակցում՝ լավ ըմբռնելով Ադրբեջան պետության իսկությունն ու ալիեւյան կլանի վերջին տարիների խարդախ գործողությունները:

 

Հիրավի, անպատժելիությունից հղփացած երկիրը պիտի մի օր պոռթկար ատելության ցասումով՝ միաժամանակ համոզված լինելով, որ վերջում միջազգային հանրության աչքին կխեղաթյուրի իրադարձություններն ու փաստերը՝ իրեն հատուկ ոճով:

 

Այս պատերազմը փաստեց՝ Ադրբեջանի դեմ մենք մենակ էինք, ինչպես եւ նախորդ՝ Արցախյան  պատերազմում: Ադրբեջանի դեմ մենք միասնական էինք, ինչպես եւ նախորդ պատերազմում ու ինչպես նախորդ անգամ. այս անգամ եւս համայն հայության միասնականության ուժն ու կամքը եղավ հրադադար պարտադրողը: Այս պատերազմը, ինչպես նախորդը, տվեց նույն՝ ամենակարևոր դասը՝ պետք է ամուր հենվել այս հողին, ունենալ մարտունակ ու զինյալ բանակ, ունենալ այնպիսի հայրենիք, որտեղ յուրաքանչյուր ոք իրեն ե՛ւ տեր, ե՛ւ պատասխանատու զգա: Նախորդ պատերազմը սկսեցինք «Միացո՜ւմ» կոչով. այս պատերազմը ցույց տվեց, որ այդ կոչի իրագործմանը հասնելու ճանապարհը պետք է սկսվի Մայր Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումով…

 

Արցախյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանն ընդունակ է ամենաանմարդկային դրսեւորումների, ահաբեկչական բնույթի ցանկացած գործողության: Այս պատերազմը նորից փաստեց այդ ճշմարտությունը:

 

Իրավամբ, Իսլամական պետության ու այլ վարձու ահաբեկչական խմբավորումների՝ Ադրբեջանի կողմից ներքաշումն այս պատերազմին, բացահայտ ահաբեկչություն էր:

 

Խաղաղ բնակիչների հանդեպ ցուցաբերած գազանային վայրագությունները, դպրոցներ ու մանկապարտեզներ ռմբակոծելը եւ մանկահասակ երեխաներին վիրավորելն ու սպանելը միայն ու միայն ահաբեկչին  հատուկ ձեռագիր է:

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարի կողմից աշխարհի առաջ արված՝ Ստեփանակերտին հարվածելու բացահայտ հայտարարությունը, անտարակույս, ահաբեկչի մոլուցք է:

 

Արդ, ո՞վ է սանձելու ահաբեկչին եւ ե՞րբ…

 

Չարիքի բույնը պետք է ոչնչացվի, թե չէ այն չարիք կդառնա ամբողջ աշխարհի մարդկության համար: Ադրբեջանն արդեն իսկ այդ չարիքն է, որի դեմ միահամուռ պայքար է պետք, իսկ Արցախն այսօր հակաահաբեկչական պայքարի կիզակետում է…

 

«Ապառաժ»-ի խմբագրական, 18 ապրիլի, 2016թ.

1