Ադրբեջանը չի փոխել հայատյաց քաղաքականությունը. Արցախի ՄԻՊ-ը նոր զեկույց է պատրաստում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանը չի փոխել հայատյաց քաղաքականությունը. Արցախի ՄԻՊ-ը նոր զեկույց է պատրաստում

Ադրբեջանը չի փոխել հայատյաց քաղաքականությունը. Արցախի ՄԻՊ-ը նոր զեկույց է պատրաստում

Առաջիկայում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կհրապարակի Ադրբեջանում հայատյացությանը վերաբերող հերթական զեկույցը: Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ մանրամասն և փաստերով կներկայացվեն Ադրբեջանում հայատյացության բազմաթիվ դրսևորումներ:

Այս և այլ հարցերի շուրջ Yerkir.am-ն Արցախում զրուցել է Ռուբեն Մելիքյանի հետ:

— Նախորդ տարվա զեկույցում հատուկ ուշադրություն էիք դարձրել Արցախում Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ընդունման անհրաժեշտությանը: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել այս ուղղությամբ:

— Ի տարբերություն Հայաստանի, այս տարիներին, հասկանալի պատճառներով, Արցախում չի ընդունվել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություն և գործողությունների ծրագիր: Սակայն այս տարի ԱՀ նախագահի ծրագրով հատուկ դրույթ մտցվեց այն մասին, որ Արցախի Հանրապետությունը պետք ունենա իր ազգային ռազմավարությունը: Սա չճանաչված պետության համար աննախադեպ իրողություն է, և մենք սկսելու ենք այդ դրույթն իրացնելու աշխատանքները: Սա ենթադրում է իրավիճակին ծանոթացում, խնդիրների վերհանում, դասակարգում, դրանք լուծելու իրատեսական մոտեցումների ամրագրում, հետո` նոր ռազմավարության մշակում, որի հիման վրա էլ` գործողությունների ծրագրի իրացում:

— Անցնող տարվա ընթացքում հիմնականում ո՞ր ոլորտներում են արձանագրվել մարդու իրավունքների խախտումներ: Ինչպիսի՞ն է այդ ցուցանիշը` նախորդ տարիների համեմատ:

— Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, էական տարբերություն չկա: Մարդիկ հիմնականում մեզ դիմում են սոցիալական բնույթի, սեփականության իրավունքի հետ կապված խնդիրների առնչությամբ և այլն: Ասել, թե կա կոնկրետ ուղղություն, որտեղ մարդու իրավունքների խախտումների կտրուկ աճ է նկատվել, չկա:

— Գուցե խնդիրը մարդկանց իրավագիտակցության ցածր մակարդա՞կն է կամ փաստացի պատերազմական իրավիճակում ներքին խնդիրներից խոսելու վախը:

— Գուցե այդ գործոնը կա: Սակայն դրա կողքին կա նաև հակառակ գործոնը: Մարդիկ գիտակցում են, որ Արցախի անկախությունը նաև մարդու իրավունքների շարժման արդյունք էր: Շուտով կլրանա Արցախյան շարժման 30-ամյակը: Պատահական չէ, որ 1988-ի Արցախյան շարժումը, որը իրավունքի շարժում էր, ընդունվեց միջազգային իրավապաշտպան հանրության ու առաջադեմ գործիչների կողմից: Իրավունքն իրացնելու և դրա կարևորության գիտակցումը ես հիմա էլ տեսնում եմ:

— Ի՞նչ քայլեր են արվում Արցախում մարդկանց իրավագիտակցության բարձրացման և իրավունքի պաշտպանության ուղղությամբ:

— Քայլերը բազմապիսի են և շարունակական: Վերջերս Արցախի պետական համալսարանի, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի և ԱՄՆ Հայ իրավաբանական միության միջև համագործակցության արդյունքում Արցախի պետական համալսարանում գործարկվեց իրավաբանական կլինիկան: Այստեղ իրավաբանական ֆակուլտետի ուսանողները, փորձառու փաստաբանների աջակցությամբ, քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնություն կմատուցեն՝ այդ կերպ հետագայում հմտանալով նաև փաստաբանական գործի մեջ:

— Բացի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներից, այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ այցելե՞լ են Արցախում պատիժ կրող ադրբեջանցի դատապարտյալներին:

-Միայն ԿԽՄԿ-ն չէ, որ հասանելի է Արցախում: Մենք այս տարի, օգտագործելով մեր մանդատը, բացառիկ հնարավորություն ընձեռեցինք միջազգային կազմակերպություներից մեկին՝ այցելելու ադրբեջանցի դատապարտյալներին: Այդ կազմակերպությունը 90-ական թվականներին ակտիվորեն զբաղվում էր ռազմագերիների փոխանակմամբ, սակայն հետագայում պասիվացել էր: Ինքս վերջին անգամ այդ խմբի հետ եմ այցելել:

— Հայտնի է, որ ՄԻԵԴ վարույթում է Ապրիլյան պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչության և զինծառայողների իրավունքների խախտումների առնչությամբ ներկայացված գանգատներից 23-ը, մինչդեռ նույն դեպքերի առնչությամբ Ադրբեջանի կողմից ներկայացված գանգատներից ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել ընդամենը 5-ը: Ի՞նչ հետևություններ կարելի է անել սրանից:

— Ադրբեջանի կողմից ներկայացված գանգատների վերաբերյալ բաց տեղեկատվության համեմատությունից տարբեր հետևություններ կարելի է անել: Նախ` տարբերվում է ներկայացված փաստերի դետալացման աստիճանը: Նրանց ներկայացրած գանգատներում չկան դետալացված տեղեկություններ` ենթադրյալ տուժածները որտեղ են եղել, ինչ հանգամանքներում են հայտնվել արցախյան կողմի վերահսկողության ներքո և այլն: Մինչդեռ մեր կողմից ներկայացված գանգատներում ադրբեջանական կողմի իրականացրած գործողություններն ու դրանց հետևանքները մանրամասն ներկայացված են:

— Ադրբեջանում ի՞նչ մակարդակի է հասել հայատյացությունը:

— Ադրբեջանը որևէ կերպ չի փոխել հայատյաց քաղաքականությունը: Չկա որևէ փաստ, որը կվկայի, թե Ադրբեջանը երկարաժամկետ կտրվածքով պայքարում է իր հասարակության մեջ առկա հայատյացության դեմ: Ադրբեջանում հայատյացության դրսևորման այնպիսի իրավիճակ է ձևավորվել, որը հաղթահարելու համար միջազգային հանրությունը պետք է ակտիվ միջոցների դիմի, քանի որ դա անընդունելի է իրավական տեսանկյունից, և այդ խնդիրը մարդու իրավունքների տեսանկյունից մեր տարածաշրջանում լուրջ վտանգներ է ստեղծում:

Զրուցեց Թագուհի Մելքոնյանը

1