«Ադրբեջանը որդեգրել էր Արցախը հայազրկելու ու բռնի ուժով իրեն կցելու ծրագիրը»
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » «Ադրբեջանը որդեգրել էր Արցախը հայազրկելու ու բռնի ուժով իրեն կցելու ծրագիրը»

«Ադրբեջանը որդեգրել էր Արցախը հայազրկելու ու բռնի ուժով իրեն կցելու ծրագիրը»

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի արտաքին քաղաքական օրակարգի ուղղությամբ քննարկմանը․

«Հարգելի հայրենակիցներ,

Մի քանի ամսից նշվելու է Ղարաբաղյան շարժման երեսնամյակը։ Հիրավի նշանակալի մի տարեթիվ, որը խորհրդանշում է մեր ժողովրդի նորօրյա զարթոնքը, պայքարը հանուն ազատության ու արդարության, հանուն մեր իրավունքների պաշտպանության, խորհրդանշում է մեր հավաքական կամքն ու միասնությունը։

Երեք տասնամյակն էական մի ժամանակաշրջան է, որը հնարավորություն է տալիս հետհայացք գցելով գնահատել անցած ճանապարհը:

Առաջին մոտեցումը, որին ես կցանկանայի անդրադառնալ դա բացառապես խաղաղ բանակցային միջոցներով հանգուցալուծման հասնելու մեր հանձնառությունն է:

Երեսուն տարի առաջ հայ ժողովուրդն Արցախում ու Հայաստանում, հիմնվելով ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային իրավունքի վրա, պահանջում էր վերականգնել պատմական արդարությունը և հարգել մարդու հիմնարար ազատությունները։ Ինչպես Ղարաբաղյան շարժման արշալույսին, այնպես էլ դրա ողջ ընթացքում սա է եղել մեր ուղենիշը։ Տրամագծորեն հակառակն էին Բաքվի մոտեցումները, որը ինչպես երեսուն տարի առաջ, այնպես էլ այսօր ապավինում է ուժի ու ուժի սպառնալիքի կիրառմանը: Սա է հայկական ու ադրբեջանական մոտեցումների տարբերությունը։ Խաղաղ ցույցերին ու պահանջներին Ադրբեջանում պատասխանում էին հայկական ջարդերով, որոնց հետևեցին նաև պատերազմական հանցագործությունները արցախյան գոյամարտի օրերին։

Այս տարի լրացավ այդ ողբերգություններից մեկի` Մարաղայի կոտորածի քսանհինգերորդ տարելիցը, որի ընթացքում դաժանությամբ սպանվեցին հինգ տասնյակից ավել խաղաղ բնակիչներ, ներառյալ` կանայք, երեխաներ ու ծերեր, շուրջ այդքան մարդ էլ պատանդ վերցվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից և ենթարկվեց կտտանքների։

2016թ.-ի ապրիլին էլ մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով Մարաղայից ոչ հեռու գտնվող Թալիշ գյուղում ադրբեջանական ոճրագործները սպանեցին ու խեղեցին հայ տարեցներին, դպրոցի բակում սպանեցին 12-ամյա երեխային, վիրավորեցին նրա դասընկերներին։ Տեսախցիկների առաջ գլխատեցին գերեվարված հայ զինվորներին` ցուցադրելով դա սոցիալական ցանցերով: Սա է ադրբեջանական զինուժի դեմքը, որին բնորոշ է ԴԱԵՇ-ի ու այլ ահաբեկչական խմբերի զազրելի ձեռագիրը:

Ակնհայտ է, որ Ադրբեջանը որդեգրել էր Արցախը հայազրկելու ու բռնի ուժով իրեն կցելու ծրագիրը։

Երկրորդ մոտեցումը, որը մենք որդեգրել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման նպատակով Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային ճանաչումն է:

Մեկ անգամ ևս հստակության համար շեշտեմ, որ միջազգային միջնորդների դիրքորոշումներն արտահայտված են համանախագահ երկրների նախագահների հինգ հայտարարություններում, որոնք բազմիցս վերահաստատվել են, ինչպես օրինակ անցյալ դեկտեմբերին Համբուրգում` եռանախագահ երկրների արտգործնախարարների կողմից: Սա է համանախագահների` միջազգային հանրության կողմից համապատասխան մանդատ ունեցող միջնորդական միակ ձևաչափի դիրքորոշումը:

Երրորդ մոտեցումը, որը նույնպես կարևորագույն տեղ է զբաղեցնում հիմնահարցի հանգուցալուծման մեր ջանքերում՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորումն է: Սա է նաև Արցախի ժողովրդի կողմից իր կամքն ազատ տնօրինելու, իր հայրենիքում անվտանգ ապրելու անբեկանելի իրավունքի նպատակներից մեկը: Մարդկանց անվտանգության ապահովումը միջազգային պարտավորություններից մեկն է և Լեռնային Ղարաբաղն այս իրավունքը վաստակել է նաև իր արյան ու մեծ զոհողությունների գնով: Հանգուցալուծումը պետք է Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հստակ երաշխիքներ պարունակի:

Չորրորդ մոտեցումը վերաբերում է բանակցային գործընթացում Հայաստանի պատասխանատու, կառուցողական քայլերին, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների անշեղ իրականցմանը: Այստեղ էլ մեր և Ադրբեջանի մոտեցումները էապես տարբերվում են: Ադրբեջանը շարունակաբար փորձում է խաթարել բանակցային գործընթացը, հետ է կանգնում իր հանձնառություններից և պայմանավորվածություններից:

Բաքուն շարունակում է հակադրվել միջազգային հանրության ու Հայաստանի ջանքերին. չի հարգում պայմանավորվածությունները, հետ է կանգնում համաձայնություններից, ինչպես դա եղավ Սանկտ Պետերբուրգում (2010թ. հունիսին), Աստրախանում (2010թ. հոկտեմբերին), Սոչիում (2011թ. մարտին) Կազանում (2011թ. հունիսին) և բազմաթիվ այլ անգամներ:

Սակայն, ոչինչ աննկատ չի անցնում և ամեն ինչին չափ ու սահման կա: Եռանախագահները սկսել են մատնանշել , որ Ադրբեջանն է զինադադարի խախտող կողմը, կոչ են անում Բաքվին վերահաստատել հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, զերծ մնալ իրադրության սրումից, անվերապահ հարգել և իրականացնել 1994-95թթ. զինադադարի համաձայնագրերը, վերջ տալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հասցեին հնչեցվող քննադատությունները և հարգել վերջիններիս մանդատը, դադարեցնել հակամարտության հանգուցալուծումն այլ ձևաչափեր տեղափոխելու փորձերը, համաձայնել հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը:

Հինգերորդ մոտեցումը վերաբերում է բանակցային գործընթացին Արցախի լիակատար մասնակցությանը: Համոզված ենք, որ հիմնահարցի կարգավորման ու տևական խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերում Արցախը պետք է ունենա իր որոշիչ ձայնը: Համանախագահները կիսում են այս տեսակետը: Հայաստանը հետևողական քայլեր է իրականացնում այս ուղղությամբ:

Վեցերորդ մոտեցումը վերաբերում է Արցախի ու նրա ժողովուրդի իրավունքների մասին միջազգային իրազեկվածության առավել բարձրացմանը:

Ադրբեջանը չունի Արցախի նկատմամաբ իր նկրտումների ո′չ պատմական, ո′չ իրավական, ո′չ բարոյական որևէ հիմք և փորձում է այդ դատարկությունը լրացնել կեղծարարությամբ: Այս առաքելությանն է լծված Բաքվին ծառայող վարձկանների բանակը, որը ինչպես ևս մեկ անգամ վերջերս ցույց տվեց հայտնի «ադրբեջանական լվացքատան» կոռուպցիոն սկանդալը ներառում է մեզ վրա ցեխ շպրտող քաջածանոթ դեմքերի: Ճիշտ որ` «ուրիշի վրա ցեխ շպրտողի ձեռքերը մինչև արմունկները և անգամ նրանց դեմքերը ցեխի մեջ են»:

Այս հիմնական մոտեցումների վրա են խարսխված Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ուղղությամբ իրականացվող մեր աշխատանքները: Այսօր, բանակցային գործընթացի շուրջ մեր մոտեցումները համահունչ են միջազգային հանրության, եռանախագահների դիրքորոշմանը: Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի արդյունքում կհաջողվի դրանց վրա հիմնված հասնել հիմնահարցի արդար հանգուցալուծմանը ու տևական խաղաղություն հաստատել տարածաշրջանում:

Նման վստահության ամենամեծ գրավականը Արցախն է, որն ապացուցել է ժամանակակից հասարակություն, ժողովրդավարական հաստատություններ, օրենքի գերակայության վրա հիմնված գործուն կառավարման համակարգ ունենալու իր կարողությունը: Արցախն է` իր զինված ուժերով, որը կարող է արժանի հակահարված տալ ոտնձգություններին: Արցախն է ազատության ողջ բույրը վայելած իր անպարտ սերունդով: Արցախն է, որն այսօր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բնորոշմամբ «ոչ միայն մարտունակ է, այլև կենսունակ և մրցունակ»:

Ե′վ Հայաստանը, և′ Սփյուռքը կանգած են Արցախի կողքին»։

1