Ադրբեջանը նախկինում բանաստեղծներ ու գրողներ էր փորձում գողանալ, հիմա՝ երկրներ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանը նախկինում բանաստեղծներ ու գրողներ էր փորձում գողանալ, հիմա՝ երկրներ

Ադրբեջանը նախկինում բանաստեղծներ ու գրողներ էր փորձում գողանալ, հիմա՝ երկրներ

Վերջերս Արցախ էր այցելել Հարավային Կովկասի պատմության ուսումնասիրող-հետազոտող, իրանցի Սալար Սեյֆոլդինին: Ներկայացնում ենք «Ապառաժ»-ի բացառիկ հարցազրույցը իրանցի հետազոտողի հետ:

Պարոն Սեյֆոլդինի, նախ՝ շնորհակալություն հարցազրույցի հրավերն ընդունելու համար: Կխնդրեի ներկայացնել Արցախ Ձեր այցելության նպատակը:

Շնորհակալ եմ հրավերի համար: Ես ուսումնասիրություններ եմ կատարում Կովկասի, Թուրքիայի և Իրանի ներքին խնդիրների վերաբերյալ: Ներկայումս Արցախում եմ, որպեսզի իմ համալսարանական աշխատության համար տեղում ուսումնասիրություններ կատարեմ: Հիմա իմ ուսումնասիրությունների նյութն է Իրանի դերակատարությունը Կովկասում, իսկ ավելի կոնկրետ՝ Արցախյան խնդրում:

Առաջին անգա՞մ եք միջազգայնորեն չճանաչված երկրում, և արդյո՞ք Ձեզ ապահով եք զգում Արցախում:

Ես տարբեր երկրներ եմ այցելել, և առաջին անգամ եմ Հայաստանում և Արցախում: Երևանում և Ստեփանակերտում անչափ ապահով եմ զգում: Կարծում եմ, որ բացի նրանից, որ արտաքին վտանգ չի սպառնում, ներքին իմաստով էլ ապահովությունը շատ լավ մակարդակի վրա է:

Առաջին անգամ է, որ միջազգային մակարդակով չճանաչված երկրում եմ: Այլ երկրների հետ հարաբերություններում է ճշտվում որևէ երկրի ճանաչված կամ չճանաչված լինելը: Բայց առօրյա կյանքում որևէ բան չի զգացվում, որովհետև առկա է երկրի կառավարման համակարգ, պետական սահմաններ, որոնք էլ հսկվում են համապատասխան միջոցներով:

Արցախ այցելած օտարերկրյա քաղաքացիները հաճախ հայտնվում են Ադրբեջանի սև ցուցակում. մտավախություն չկա՞ այդ առումով:

Ադրբեջանի սև ցուցակը գնալով ճոխանում է, ավելի շատ մարդիկ են ընդգրկվում, բայց ես կարևորություն չեմ տալիս դրան: Այդ օրենքով Ադրբեջանը կարող է միայն իր քաղաքացիներին թելադրել՝ որևէ երկիր գնալ կամ չգնալ, բայց ես Իրանի քաղաքացի եմ և, բնականաբար, Ադրբեջանի օրենքներն իմ դեպքում չեն գործում:

Արցախյան խնդրի առնչությամբ Իրանը միշտ հավասարակշիռ քաղաքականություն է վարում: Ինչպե՞ս է դա հաջողվում Իրանին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանում ապրում են 20 մլն-ից ավելի ազերիներ:

Սա քաղաքական ավանդույթ է, որը գալիս է դեռևս Ղաջարների ժամանակներից: 1905-1907 թթ. Կովկասում թաթարների և հայերի միջև ընդհարումների ժամանակ, երբ բախումներ եղան Բաքվում, Նախիջևանում և Երևանում, թաթար

ծայրահեղականները փորձում էին այդ խռովությունները հրահրել նաև Իրանում: Թաթարները ներկայացուցիչներ ուղարկեցին Իրան՝ փորձելով Համադան, Սաբզիվար, Զանջան և Թավրիզ քաղաքներում ևս սադրանքներ հրահրել: Նույնիսկ Թավրիզ քաղաքում խմբեր էին հավաքագրել, որոնք արդեն պատրաստ էին հայկական թաղամասերում կոտորածներ իրագործել: Սակայն Թավրիզի հոգևոր առաջնորդին՝ իմամին, հաջողվել է նրանց հանդարտեցնել: Այն ժամանակ շահը Իրանում չէր, և Եվրոպայից հեռագիր է ուղարկում՝ հորդորելով ամեն կերպ թույլ չտալ, որպեսզի այդ սադրանքը Իրանի սահմաններից ներս մտնի:

1917-18թթ. ևս նմանօրինակ դեպքեր հրահրվեցին: Իրանի իշխանությունները ամեն ինչ արեցին, որպեսզի հայերին վտանգ չսպառնա: Ադրբեջանցիները պատվիրակներ են ուղարկում դեմոկրատական կուսակցության ղեկավար Շեյխմուհամադ Խիաբանիի մոտ, ովքեր առաջարկում են համատեղ ուժերով ճնշել հայերին: Շեյխմուհամադ Խիաբանին մերժում է առաջարկը և շեշտում՝ եթե դուք իսկական մուսուլմաններ եք, երբեք չեք ցանկանա վրեժխնդիր լինել, մարդկանց սպանել:

Այս դեպքերը պատմեցի նրա համար, որպեսզի Ձեր ուշադրությունը հրավիրեմ Իրանում առկա այդ ավանդույթների վրա: Իրանը Արցախի հակամարտության երկու կողմերին որպես իր եղբայրների է վերաբերում: Կովկասը պատկանում էր Իրանին, և Ռուսաստանը Իրանից խլել է այս տարածքը: Իրանը միշտ սրտացավություն է ցուցաբերել և խաղաղության կողմնակից է: Կարծում եմ, որ Ռուսաստանի քաղաքականության պատճառով է այս հակամարտությունը տեղի ունենում:

1988-94թթ. պատերազմի տարիներին Իրանը փորձեց հակամարտության նկատմամբ իր ավանդական մոտեցումը պահպանել: Առաջին ամիսներից Իրանը միջամտեց փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելու համար: Լաչինի «գրավման» օրերին Իրանը Թեհրան էր հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար, որը հայտնի է որպես Թեհրանի խաղաղության համաձայնագիր: Իրանի բանակցություններն այդպես էլ արդյունքի չհասան: Իրանը հնարավորինս փորձել է անկողմնակալ օգնություն ցուցաբերել հակամարտող երկու կողմերին էլ: Օրինակներից մեկն էլ այն է, որ Ղարաբաղից դեպի Իրան փախած ազերիները Իրանի տարածքում շուրջ 6-7 ամիս ստացան մարդասիրական օգնություն, որից հետո տեղափոխվեցին Ադրբեջան: Այս բարեգործությունների պատասխանը, իհարկե, ստացանք Բաքվի կողմից երախտամոռությամբ, Իրանի դեմ քաղաքական քայլերի կիրառմամբ:

Իրանը և Արցախը բավականին մեծ ընդհանուր սահման ունեն: Ինչպե՞ս եք գնահատում ուղղակի տնտեսական և քաղաքական համագործակցության հնարավորությունը:

Իրանի հետ Արցախի սահմանը շատ կարևոր է մեզ համար: Իրանի և Հայաստանի սահմանային գիծը 35 կմ է, իսկ Արցախի հետ՝ 135կմ: Հետագա համագործակցության հարցին քաղաքագետները պետք է պատասխանեն: Բայց այն մեծամասամբ կախված է հակամարտության հանգուցալուծումից և կայուն խաղաղությունից: Այժմ տարածաշրջանը ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում է, և Արցախի ճանաչումն այն հիմնական խնդիրն է, որի հետևանքով որևէ իրավական հիմք չկա հարաբերություններ հաստատելու համար: Այնպես է ստացվել, որ Արցախի հետ 135 կմ սահման ունենք, որը մի մեծ դարպաս է դեպի Կովկաս և չենք կարող այդ դարպասից օգտվել: Դեռ չգիտենք՝ խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո սահմանամերձ տարածքների վիճակն ինչ է լինելու: Կարևոր է, որ վերջնական խաղաղության պայմանագրի մեջ Իրանը և Ղարաբաղն ունենան ընդհանուր, թեկուզ փոքր սահման:

Դուք այցելել եք նաև իրանական մշակույթ ներկայացնող կառույցներ: Ի՞նչ տպավորություններ ստացաք տեսածից:

Իրանական հին գրքերում խոսվում է «Իրանվիչ» կոչվող սուրբ տարածքի մասին, որտեղ ոչ հիվանդություն կա, ոչ էլ որևէ բացասական բան: Ուսումնասիրելով իսլամական 3-4-րդ դարերի պատմությունը, Սասանյան գրականության մեջ հանդիպել եմ, որ Ղարաբաղը հենց այդ Իրանվիչն է: Իրանվիչը սուրբ տարածք էր համարվում Զրադաշտների սուրբ գրքի՝ Ավեստայի, նաև պահլավերեն կրոնական տեքստերում: Որոշ իրանագետների կարծիքով՝ Իրանվիչը Ղարաբաղում է գտնվում: Իհարկե, Իրանվիչի գտնվելու վայրի մասին այլ տեսակետներ ևս կան: Սակայն դա ցույց է տալիս, թե այս տարածաշրջանը որքան կարևոր էր Իրանի և իրանական մշակույթի համար: Մենք այսօր այցելեցինք Ակնայում գտնվող իրանական մզկիթը: Ես այնտեղ ցուցատախտակի վրա կարդացի, որ պետական պաշտպանության ներքո է գտնվում մզկիթը: Ճիշտ է, այն փակ է, բայց կառույցը կա, պահպանվել են նրա ճարտարապետությունը, մինարեթները, սալիկապատումը: Կարծում եմ, եթե այդ տարածքը պատերազմական շրջան չլիներ, հեշտությամբ կարելի էր մզկիթը վերակառուցել և թանգարանի վերածել, ինչպես արվում է Շուշիի մզկիթի դեպքում: Շուշիի մզկիթի և նրա շրջակայքում գտնվող գերեզմանաքարերի գրությունները պարսկերեն կամ արաբերեն են, որոնք շատ լավ են պահպանված: Սա վկայում է, որ իրանական մշակույթն այստեղ առկա է և պահպանվում է: Բնականաբար, իրանցիներն այս մոտեցումը համարում են հայերի բարի կամքի դրսևորում: Հավանաբար, եթե այս տարածաշրջանը գտնվեր Ադրբեջանի վերահսկողության տակ, այդ մզկիթները կներկայացնեին որպես թուրանական մշակութային արժեքներ: Պարսկերեն արձանագրությունները կվերացնեին և ազերիական արձանագրություններ կտեղադրեին: Ադրբեջանը նախկինում բանաստեղծներ ու գրողներ էր գողանում և փորձում սեփականացնել, հիմա էլ՝ երկրներ ու թագավորություններ: Նրանք պարսկական Սեֆյաների, Ավշարների, Ղաջարների դինաստիաների մասին պատմություններ են հորինում, փորձում յուրացնել:

Հարցազրուցը՝ Տաթևիկ Աղաջանյանի

1