Ադրբեջանը հիմքեր է ստեղծում լայնամասշտաբ ռազմական գործողությունների համար. Ռուստամյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ադրբեջանը հիմքեր է ստեղծում լայնամասշտաբ ռազմական գործողությունների համար. Ռուստամյան

Ադրբեջանը հիմքեր է ստեղծում լայնամասշտաբ ռազմական գործողությունների համար. Ռուստամյան

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն Հուլիսի 7-ին նամակով դիմել է Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովին և Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության կոմիտեին՝ կոչ անելով պատասխանատվության կանչել Բաքվի ռեժիմի կողմից դատապարտելի սադրանքների պատասխանատուներին:

«Առաջին անգամ չէ, որ Բաքվի իշխանությունը փորձում է սահմանամերձ շրջանների բնակիչներին օգտագործել որպես կենդանի վահան՝ Արցախի շրջանները հրթիռակոծելու համար: Այժմ Բաքուն փորձում է շահարկել քաղաքացիական զոհերի իրողությունը՝ դեռևս անցած տարի Ադրբեջանի կողմից Ղարաբաղի դեմ իրականացված ագրեսիայի ժամանակ խաղաղ բնակչության նկատմամբ կատարված վայրագություններից և միջազգային մարդասիրական իրավունքների կոպիտ խախտումներից ուշադրությունը շեղելու համար», — ասված է Արմեն Աշոտյանի նամակում:

Խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահը մասնավորապես հիշեցնում է ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանական ուժերի կողմից Ղարաբաղում երեխաների սպանության, տարեց մարդկանց խեղման, ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոճով կատարված գլխատումների դեպքերը։

Հիշեցնենք, հուլիսի 4-ի երեկոյան Ղարաբաղի Պաշտպանության բանակը հաղորդեց, որ տարբեր հատվածներում ադրբեջանական զինված ուժերը կեսօրից սկսել են արկակոծել հայկական դիրքերը, իսկ արդեն երեկոյան Ֆիզուլիի ուղղությամբ գտնվող Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից հրթիռակոծել են հայկական զորամասերից մեկի հրամանատարական կետը։

Դրանից հետո Պաշտպանության բանակը պատասխան գործողությունների է անցել և հարվածել Ալխանլու գյուղում գտնվող կրակակետին։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, թե հայկական կողմի արկակոծության հետևանքով գյուղում զոհվել են 50-ամյա կին և 2 տարեկան երեխա, ևս մեկ կին վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։

Անդրադառնալով վերջին օրերին սահմանին տեղի ունեցող իրադարձություններին, ՀՅ Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ Բաքուն փորձում է հիմքեր ստեղծել լայնածավալ ռազմական գործողությունների համար:

«Իրեն պետք են այսպիսի զոհեր, որպեսզի դա օգտագործի՝ ասելու համար, որ «ես իրավունք եմ ստացել, և դա իմ միջազգայնորեն ամրագրված պաշտպանվելու իրավունքն է»։ Հետագայում ավելի լայնամասշտաբ գործողություններ եթե տեղի ունենան, դրա համար հիմք ստեղծի», — ասաց Ռուստամյանը։

Ճշտող հարցին, թե կարո՞ղ ենք արձանագրել, որ Ադրբեջանը հիմքեր է ստեղծում լայնամասշտաբ գործողությունների համար, ՀՅԴ խմբակցության ղեկավարը պատասխանեց. — «Այո՛, այո՛, ինքը հիմքեր է ստեղծում, որ հետագայում իբրև թե մեղքն իր վրա չբարդվի, այլ ինքը պաշտպանվող կողմ ներկայանա»։

Արմեն Ռուստամյանի փոխանցմամբ, Հայաստանը պետք է միջազգային հանրությանը ցույց, թե իրականում ի՞նչ միջոցներով և ինչպիս՞ի նպատակներ է հետապնդում Ադրբեջանը, որպեսզի վերջինս չկարողանա արդարացնել ռազմական գործողությունների վերսկսումը: Դրան զուգահեռ, ըստ Ռուստամյանի, հայկական կողմը պետք է նաև պատասխան հակահարված տա Ադրբեջանին:

«Ուրիշ ճանապարհ գոյություն չունի ուղղակի, եթե մենք անընդհատ լռենք, իրենք անընդհատ հարվածեն, սա մաշող, հյուծող պատերազմի ձև է, սա պատերազմ է, բայց էդ տեսակի պատերազմ է, որը հիմա փորձում է իրականացնել, իր մարտավարությունն է այդպիսին, նա որդեգրել է դա, և սա պետք է բացահայտվի։ Հիմա մեր հնարավոր կանխարգելումները միայն մեր պատրաստվածության, պաշտպանունակության հետ է կապված, որովհետև իրենք անընդհատ փորձում են մեր դիմադրողականությունը, մեր հնարավորությունները՝ հակահարվածներ տալու։ Եթե համոզվեն, որ մենք ինչ-որ տեղ թուլություն ենք հանդես բերում, նրանք կանցնեն շատ ավելի ակտիվ գործողությունների», — ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը։

1