Ադրբեջանական տեղապտույտ «Խոջալու» կոչվող քարոզչական տիղմում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ադրբեջանական տեղապտույտ «Խոջալու» կոչվող քարոզչական տիղմում

Ադրբեջանական տեղապտույտ «Խոջալու» կոչվող քարոզչական տիղմում

Կարծում եմ, հպանցիկ քննական հայացքն անգամ բավական է, որպեսզի անմիջապես պարզ դառնա՝ ադրբեջանական քարոզչամեքենան, իրոք, տեղապտույտի մեջ է նախկին Խոջալու և Աղդամ, ներկայիս Իվանյան և Ակնա բնակավայրերի միջակայքում 1992թ. փետրվարի 25-26-ին տեղի ունեցած իրադարձությունների մատուցման հարցում։ Ընդ որում՝ տեղապտույտն այդ անընդհատ է և անելանելի։ Անելանելի է, քանզի քառորդդարյա այդ իրողությունների ողջ համապատկերը շարունակաբար դիտարկվում է ոչ այլ կերպ, քան միևնույն ծուռ հայելու մեջ։ Թեկուզ Բաքվում հստակ գիտակցում են, որ բավական է փոխել այդ ծռմռված հայելին, ապա իսկույնևեթ իրական տեսք կստանան թե բուն դեպքերը և թե բոլոր այն մասնակիցները, ովքեր անմիջականորեն և կամ հեռակա կարգով դերակատարություն են ունեցել դրանց ընթացքում, մանավանդ՝ նրանք, ովքեր պատասխանատու են այդ դեպքերի ողբերգական հետևանքների համար։ Իսկ որ հետևանքներն այդ, իրոք, ողբերգական էին, կարծում եմ՝ աներկբա է, քանզի իրագործվել է ոճիր և արյուն է հեղվել՝ խաղաղ մարդկանց արյուն, առանց սեռի ու տարիքի խտրականության։ Բայց ովքե՞ր են իրական ոճրագործները։ Ահա հենց այդ էական հարցի դիմաց է, որ դրված է ադրբեջանական քարոզչամեքենայի ծուռ հայելին։

Նախ՝ պատմական անդրադարձ։ Խոջալուն Ստեփանակերտ քաղաքին հարակից բնակավայր էր։ Մինչև անցյալ դարի 60-ական թվականներն այն հայկական փոքրիկ գյուղ էր։ Ինքնավար մարզում ժողովրդագրական իրավիճակը փոխելու նպատակով հանրապետության իշխանությունները հետևողականորեն այն վերաբնակեցնում էին հարակից շրջաններից բերված ադրբեջանցի գյուղացիներով, որի արդյունքում շատ շուտով բնիկ հայերը դուրս մղվեցին գյուղից և Խոջալուն դարձավ բացարձակապես ադրբեջանաբնակ։ Ի լրումն՝ 80-ականների վերջերին Բաքուն մի նոր թափ հաղորդեց Խոջալուի վերաբնակեցմանը` այդտեղ բերելով, մասնավորապես, Ուզբեկստանի Ֆերգանայի հովտից Ադրբեջանում ապաստանած թուրք-մեսխեթցի փախստականների՝ նպատակ ունենալով խոշորացնել այն և քաղաքի կարգավիճակ տալ բնակավայրին։

Միևնույն ժամանակ, Խոջալուն վերածվել էր հզոր ռազմական հենակետի, որտեղից Ադրբեջանի զինված ուժերը 1991-ի գարնանից սկսած «Ալազան», «Կրիստալ» և «Գրադ» կայանքներից օրնիբուն հրետակոծում ու հրթիռակոծում էին Ստեփանակերտ քաղաքը, Ասկերան շրջկենտրոնը, հարակից հայկական գյուղերը։ Այդտեղ բերված ադրբեջանական ՕՄՕՆ-ի՝ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատայինները և Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության գրոհայինները մերձակա հայկական բնակավայրերի դաշտերից առևանգում էին հարյուրավոր հայ գյուղացիների, պատանդ պահում կամ սպանում նրանց, քշում, տանում հազարավոր խոշոր և մանր եղջերավոր անասուններ։ Բացի այդ՝ այդտեղ գտնվող  ադրբեջանական ստորաբաժանումները խստիվ վերահսկում էին մերձակա օդանավակայանը՝ պատնեշելով Հայաստանի հետ ցամաքով խստիվ շրջափակված Արցախի միակ օդային միջանցքը։

Շարունակվող շրջափակման, մեծ թվով փախստականների առկայության, վառելիքի, սննդամթերքի, դեղորայքի բացակայության, ձեռնարկությունների հարկադրված պարապուրդի, միջշրջանային ճանապարհների պաշարվածության պատճառով իրավիճակը հետզհետե ավելի ու ավելի էր վատթարանում նորահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, առանձնապես` մայրաքաղաք Ստեփանակերտում։ Ուստի և` օդանավակայանի ապաշրջափակումը և Խոջալույում հակառակորդի կրակակետերի վնասազերծումը դարձել էին օրվա հրամայական։ Խոջալուի ազատագրման և օդանավակայանի ապաշրջափակման ռազմական գործողությունը սկսվեց փետրվարի 25-ին՝ կեսգիշերին մոտ, և ավարտվեց հաջորդ օրվա առավոտյան կողմ։ Ընդ որում, Արցախի ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումները հատուկ միջանցքներ էին թողել մարտական գործողությունների վայրից խաղաղ բնակիչների անվտանգ տարհանման  համար՝ այդ մասին քանիցս նախապես իրազեկելով ադրբեջանական կողմին։ Սակայն ադրբեջանական իշխանությունները ոչինչ չձեռնարկեցին խաղաղ բնակչությանը դուրս հանելու համար։

Մինչդեռ այն տարածքը, որտեղ հետագայում՝ փետրվարի 29-ին և մարտի 2-ին, նկարահանվեցին սպանված խաղաղ բնակիչների դիակները, գտնվում է Խոջալուից 11 և Աղդամից 3 կիլոմետր հեռավորության վրա։ Այդ տարածքը, ընդհուպ մինչև 1993թ. ամառ, գտնվում էր ադրբեջանական զորամասերի մշտական վերահսկողության ներքո։  Ուստի, բնականաբար, բացառվում էր արցախյան ստորաբաժանումների մուտքն այդ վայր։

Թե ի՞նչ է կատարվել այդ տարածքում, վկայում են թեկուզ հենց ադրբեջանական աղբյուրները։ Ադրբեջանցի հեռուստաօպերատոր Չինգիզ Մուստաֆաևի վկայությամբ` ինքը երկու անգամ նկարահանել է այդ դիակները՝ ընդամենը երկու օրվա տարբերությամբ։ Նրա ֆիլմից ակնհայտ է դառնում, որ մինչև երկրորդ նկարահանումը որոշ դիակներ սաստիկ այլանդակվել են։ Այդ օրը՝ մարտի 2-ին, նա նկատել է, որ գետնին ընկած դիակների դիրքերը և վնասվածքների ու վերքերի աստիճանը, առաջինի համեմատությամբ, ապշեցուցիչ փոխվել են։ Եվ դա, կրկնում եմ, այն տարածքում, որտեղ մինչև հաջորդ տարվա ամառ լիովին վերահսկում էին Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության գրոհայինները։ Ահա հենց այդ փաստն է, որ ադրբեջանական քարոզչամեքենան թաքցնում է խնամքով՝ նպատակ ունենալով ստեղծել այն երևութականությունը, թե իբր Խոջալուի բնակիչներին սպանել է հայկական կողմը։ Մուստաֆաևն այդ մասին հայտնել է անձամբ հանրապետության նախագահ Այազ Մութալիբովին, ով մինչ այդ երևի թե կռահում էր ողբերգության պատճառները։  Նախագահը պատասխանել է. ՙՉինգիզ, ոչ ոքի խոսք անգամ չասես այդ մասին։ Այլապես` քեզ կսպանեն՚։ Այնուամենայնիվ, տարակուսելով, թե այդ ամենը հայկական կողմն է արել, Մուստաֆաևը սկսեց անկախ հետաքննություն տանել։ Սակայն այն բանից հետո, երբ նա Մոսկվայի «ДР-Пресс» (Գործնական Ռուսաստան-Պրես) լրատվական գործակալության միջոցով հաղորդագրություն հրապարակեց` առ այն, թե հնարավոր է՝ ադրբեջանական կողմը մասնակից է խոջալուեցիների դեմ իրագործված ոճրագործությանը, լրագրողն Աղդամից ոչ հեռու մի վայրում սպանվեց անհայտ և առ այսօր չբացահայտված հանգամանքներում։ Ի դեպ, հետագայում նույն ճակատագրին են արժանացել նաև բոլոր այն ականատեսները, այդ թվում՝ ադրբեջանցի դաշտային հրամանատարները, ովքեր քաջատեղյակ էին այդ ոճրագործության բուն իրողությանը։

Փաստորեն, նույնն է վկայել նաև չեխ լրագրողուհի Դանա Մազալովան, ով դարձյալ երկու անգամ այցելել է Աղդամի մերձակա այդ տարածքը և ականատես եղել դիակների վիճակի ահռելի տարբերությանը։ Իրադարձություններից անմիջապես հետո՝ փետրվարի 29-ին, գալով այդտեղ, նա դիակների վրա վայրագության որևէ հետք անգամ չի  նկատել, բայց ահա երկու օր անց՝ մարտի 2-ին, նրան և մյուս լրագրողներին ցուցադրել են արդեն մաշկահան արված գլուխներով  դիակները, որոնք հատուկ նախապատրաստված էին նկարահանումների համար։

Ուշագրավ է նաև Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի վկայությունը, որ նա իր հրաժարականից երկու ամիս անց հայտնել է նույն Դանա Մազալովային տված և մոսկովյան «Նեզավիսիմայա գազետա» թերթում հրապարակված հարցազրույցում։ Խոսելով Խոջալուի մասին, Մութալիբովը նշել է. «Ինչպես ասում են այն խոջալուեցիները, ովքեր փրկվել են, դա կազմակերպվել է, որպեսզի պատրվակ լինի իմ հրաժարականի համար։ Ինչ որ ուժ գործում էր նախագահին վարկաբեկելու համար։ Ես չեմ կարծում, թե հայերը, ովքեր անչափ հստակ և բանիմաց են վերաբերում նման իրավիճակներին, թույլ տային, որպեսզի ադրբեջանցիները ստանան ֆաշիստական գործողություններում նրանց մերկացնող փաստաթղթեր… Հայերը միջանցք էին թողել, որով մարդիկ կարող էին հեռանալ։ Այդ դեպքում ինչու՞ պիտի նրանք կրակեին, մանավանդ այն տարածքում, որը մոտ է Աղդամին, որտեղ այդ ժամանակ բավական ուժեր կային, որպեսզի դուրս գային և օգնության հասնեին մարդկանց»։ Գրեթե տաս տարի անց Ադրբեջանի գահընկեց նախագահն իր կարծիքը հաստատել է նաև ռուսական «Նովոյե վրեմյա» հանդեսին տված հարցազրույցում` ասելով. «Ակնհայտ էր, որ խոջալուեցիների գնդակահարությունը կազմակերպված էր ինչ որ մեկի կողմից՝ Ադրբեջանում իշխանությունը փոխելու համար»։

Խաղաղ բնակիչների ապահով ելքի միջանցքի իրողությունը հաստատել է նաև ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևը, ով, որպես Բաքվի «Մոնիտոր» անկախ հանդեսի թղթակից, 2005թ. փետրվարին այցելել էր Արցախ՝ տաս օր մնալով այստեղ։ Բաքու վերադարձից հետո նա գրել է. «Միջանցքը, իրոք, եղել է, այլապես շրջապատված և արտաքին աշխարհից մեկուսացված խոջալուեցիները ոչ մի կերպ չէին կարող ճեղքել օղակը և դուրս գալ շրջապատումից։ Բայց, հաղթահարելով Կարկառ գետի տեղանքը, փախստականների շարանը կիսվել է, և չգիտես ինչու խոջալուեցիների մի մասն ուղղվել է դեպի Նախիջևանիկ։ Երևում է, որ Ադրբեջանի ժողճակատի գումարտակները ձգտում էին ոչ թե ազատագրել խոջալուեցիներին, այլ մեծ արյուն հեղել Այազ Մութալիբովին տապալելու ճանապարհին»։ Ինչպես հայտնի է, այն ժամանակ կարծես ազատահող լրագրող Ֆաթուլլաևն այդ եզրահանգման համար տևական ազատազրկության դատապարտվեց։ Իսկ երբ բանտային պայմաններում հարկ եղած ՙվերադաստիարակություն՚ ստանալուց հետո  վաղաժամկետ ազատ արձակվեց ճաղերի ետևից, այլևս հետք անգամ չէր մնացել նրա վաղեմի ազատախոհությունից։ Ահա տարիներ ի վեր Ֆաթուլլաևը մանկլավիկի կարգավիճակով ղեկավարում է իշխանությունների աջակցությամբ իր հիմնադրած «Հաքքին.ազ» էլեկտրոնային լրատվական-վերլուծական կայքը, որի էջերում եռանդուն փառաբանում է ալիևյան իշխանությունը՝ հայտարարելով այն աշխարհի ամենաժողովրդավարականը, ամենամարդասիրականը, ամենաարդարը։ Բնականաբար, միաժամանակ նա իր կայքի հրապարակումներում  ամենայն կերպ պախարակում է Հայաստանը, Արցախը, առհասարակ` հայ ժողովրդին, այդ թվում՝ պնդում է հայկական կողմի մեղավորությունը խոջալուեցիների զանգվածային սպանության մեջ՝ որակելով այն որպես ցեղասպանություն։

Հատկանշական է, որ բոլորովին վերջերս Ֆաթուլլաևը կազմակերպել է Այազ Մութալիբովի հատուկ հայտարարության հրապարակումը «Հաքքին.ազ»-ի փետրվարի 24-ի թողարկման մեջ՝ Խոջալուի ողբերգության հերթական տարեդարձի կապակցությամբ։ Պարզվում է, որ Մութալիբովը նման բան չի ասել չեխ լրագրողին, որ Դանա Մազալովան խեղաթյուրել է իր խոսքը և, որ վերջապես, հայկական կողմը փորձում է արդարանալ այդ արյունալի իրադարձությունների համար և զանգվածային կոտորածի մեղքը բարդել ադրբեջանական կողմի վրա։

Երևի թե կարելի է ըմբռնումով մոտենալ Մութալիբովի վիճակին։ Նա այլևս վտարանդի չէ, Ադրբեջանի ներկայիս իշխանությունների ողորմածության շնորհիվ հայրենիք է վերադարձել մոսկովյան ապահով տարագրությունից և, վերահաստատվելով Բաքվում, իրականում յուրատեսակ պատանդի վիճակում է, ում ցանկացած պահի և ցանկացած մեղադրանքով նույն այդ բարեսիրտ իշխանությունները կարող են ճաղերի ետև նետել։ Թեկուզ հենց Խոջալուի իրադարձությունների համար և կամ, ինչու՞ չէ, իր իսկ նախաձեռնած և 1991-ի  գարնանը խորհրդային զորքերի աջակցությամբ Արցախի հայաթափման նպատակով  իրականացված  «Օղակ» ռազմագործողության համար։ Ընդ որում՝ վերջինս երկու տարբերակով. կամ` ինչու՞ մինչև վերջ չի իրականացրել հայաթափման գործողությունը, և կամ՝ ի՞նչ բարոյական իրավունքով է նման հակամարդկային քայլի դիմել բարեկամ հայ ժողովրդի, Ադրբեջանի հայազգի քաղաքացիների դեմ։ Չեն բացառվում, իհարկե, նաև դավադիր գնդակի կամ ճանապարհատրանսպորտային վթարի գործոնները։ Այնպես որ, այլ կերպ չէր կարող ասել հայրենիքում ակամա պատանդի վիճակի մեջ հայտնված Այազ Մութալիբովը։ Ուստի փորձենք հասկանալ նախկին նախագահին։ Ի վերջո, ամեն ինչ սպասելի է բառիս բուն իմաստով անկանխատեսելի Ադրբեջանում։ Ասենք թեկուզ՝ երբ ամուսինն իր սեփական կնոջը տեղապահ է կարգում ոչ թե տանը կամ, ավելի կոնկրետ, ամուսնական առագաստում, այլ երկրի նախագահի բազկաթոռում։ Միակ սպասելին և տեսանելին այդ երկրի քարոզչամեքենայի երկուսուկես տասնամյակ շարունակվող տեղապտույտն է ՙԽոջալու՚ կոչվող զուտ քարոզչական տիղմում։

Միքայել Հաջյան

1