Ադրբեջանական ահաբեկչությունն  ու  Հայաստանի խաղաղարար առաքելությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Ադրբեջանական ահաբեկչությունն  ու  Հայաստանի խաղաղարար առաքելությունը

Ադրբեջանական ահաբեկչությունն  ու  Հայաստանի խաղաղարար առաքելությունը

Անցած շաբաթը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության օրագրում արձանագրվեց` որպես սրընթաց զարգացումներով եւ քաղաքական տատանումներով հագեցած  ժամանակահատված: 1994 թ. զինադադարից  առ այս պահը` իրադարձությունների  այս աստիճան արագընթաց զարգացում չէր եղել: Տեղի ունեցածը չէր կարող տեղավորվել «սահմանային լարված իրադրություն»  ձեւակերպման մեջ: Այս անգամ թշմանու թիրախը ոչ թե սահմանին էր, այլ  սահմանից այս  կողմ:  Թշնամին օգտագործեց  հրթիռային եւ հրետանային զենք, որը նախատեսված է ոչ թե մեկ հոգու, այլեւ կենդանի ուժի զանգվածային ոչնչացման համար:

 

Այս ամենն Ադրբեջանի իշխանությունների եւ հատկապես նախագահ Ալիեւի որդեգրած ահաբեկչական քաղաքականության շարունակությունն է: Չպետք է մոռանալ, որ Ալիեւը ի լուր աշխարհի բազմիցս բարձրաձայն հայտարարել է, թե համայն հայությունն Ադրբեջանի թիվ մեկ թշնամին է: Եվ այժմ նա գործնական քայլեր է կիրառում թշնամու նկատմամբ:

 

Ադրբեջանական բանակը կրակում է նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակչության վրա: Մարդիկ սպանվում են իրենց տանը հայ լինելու եւ Հայաստանի քաղաքացի լինելու համար: Սա միջազգային ահաբեկչություն է, իսկ ահաբեկիչներին պետք է դատել ըստ կարգի:

 

Դատող եւ պատժող ուժը պետք է լինեն հայկական զինված ուժերը. այս անգամ այլեւս անիմաստ է սպասել միջազգային «խաղաղասերներին»:  Այն անիմաստ է, եւ սրա մասին օրեր առաջ ակնարկել է նաեւ ՀՀ նախագահն իր ելույթում ՝ «Նրանք զոհվեցին, որովհետև մի ամբողջ աշխարհ չի կարողանում Ադրբեջանին հասկացնել…»:

 

Ահաբեկչին դժվար է հասկացնել, նրան պետք է պատժել ամեն սխալ արարքի համար. դա ամենահասկանալի լեզուն է:

 

Հայաստանի Հանրապետությունը  հանդիսանում է  միջազգային խաղաղապահ երկիր, եւ այսօր խաթարված է հենց իր խաղաղությունը:

 

ՀՀ նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում հայտատարել է, որ Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապահության ոլորտում աստիճանաբար ընդլայնվում է թե՛ աշխարհագրական, թե՛ քանակական և թե՛ որակական իմաստով: Հայաստանն այսօր արդեն միջազգային խաղաղապահության և անվտանգության ակտիվ ներդրող է հանդիսանում` կուտակելով զգալի փորձ անցած տասնամյակի ընթացքում:

 

Ուշագրավ է նաեւ նախագահի մեկ այլ հայտարարություն, որը լայն արձագանք է գտել Հայաստանից դուրս. Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անքակտելի մաս է: Սա ամենաբարձր մակարդակով հայտարարված ճշմարտություն  է, ինչը գիտակցում է նաեւ հակառակորդ կողմը, որովհետեւ նրա արձակած գնդակից զոհվում են եւ Տավուշի մարզում, եւ Մարտակերտի շրջանում:

 

Մարտահրավերը նետված է, խնդիրը՝ պարզ: Այն, որ Արցախը Հայաստան է, մեզնից բացի աշխարհում  ամենալավը գիտեն Ադրբեջանում և վերջին օրերի Ադրբեջանի գործողություններն աշխարհին ևս փաստում են այդ իրողությունը:

«Ապառաժ»-ի խմբագրական, հոկտեմբեր 2, 2015թ.

1