Ադրբեջանաթուրքական լոբբինգը միջացներ չի խնայում հակահայ քարոզչություն իրականացնելու համար
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » հարցազրույց » Ադրբեջանաթուրքական լոբբինգը միջացներ չի խնայում հակահայ քարոզչություն իրականացնելու համար

Ադրբեջանաթուրքական լոբբինգը միջացներ չի խնայում հակահայ քարոզչություն իրականացնելու համար

Հարցազրույց  ՀՅԴ Հայ Դատի Փարիզի գրասենյակի պատասխանատու Հրաչ Վարժապետյանի հետ:

 

Ինչպիսի՞ գործունեություն է ծավալում  թուրքական եւ ադրբեջանական լոբբինգը Ֆրանսիայում:

 

Նախ` մի բան հստակ է, որ թուրքական եւ ադրբեջանական լոբբինգը հակահայ քարոզչության իրենց աշխատանքներն իրականացնում են միասին, նույն ուղեգիծն ու մտածողությունն  ունեն: Ֆրանսիայում իրենց նպատակները  երկուսն են. թուրքական լոբբիստներինը Հայոց ցեղասպանության  ժխտումը քրեականացնող օրենքի խափանումն է, որ առաջին անգամ հաջողվեց իրենց, ադրբեջանական լոբբիստներինը՝ Ղարաբաղյան բանակցության մեջ դիրք գրավելու հարցը՝  մասնավորապես Ֆրանսիայում, որովհետեւ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն է: Այն, ինչ որ հայ համայնքը 100 տարվա մեջ սերունդներով ձեռք է բերել այսօր, նրանք փորձում են  այդ բոլորը հավասարեցնել զրոյի: Անշուշտ, դա իրենց չի հաջողվի, սակայն նրանք շատ սրնթաց ձեւով աշխուժանում են: Կուզեի ասել հետեւյալը. այստեղ խոսքը հսկայական գումարների `  հարյուրավոր միլիոնների, նավթադոլարների մասին է: Սրան ի հակադրում՝ մենք մնացել ենք հավատարիմ մեր ավանդական եղանակներին, եւ այս բոլորին հակառակ՝ թիավարելը դժվարանում է, որովհետեւ  դաշտը բաց էր անցյալում, հիմա՝ ոչ: Իրենք հիմա սկսել են քաղաքական կյանքի վրա ներգործելու համար տնտեսական գործոնի վրա ազդել, Ֆրանսիայի հասարակական կարծիքի վրա ազդել` սպորտով, գիտության ակադեմիայով, արվեստով: Ֆրանսիական մեծ ընկերությունների, հաստատությունների, ծանոթ դեմքերի մոտ դրամով աշխատանք են տանում, որպեսզի համակրանք առաջացնեն Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի այդ լծակն օգտագործեն քաղաքական նպատակներով: Կան քաղաքական թրքամետ անձնավորություններ, սակայն թիվն այնքան մեծ չէ՝ ինչքան հայանպաստ դիրքորոշում ունեցողներինը:

 

Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը մինչեւ սահմանադրական խորհուրդ հասնելը՝ 2 տարվա ընթացքում թուրքական կողմը մոտավորապես 100 միլիոն եվրո  է ներդրել այդ աշխատանքը ձախողելու համար: Խոսքը հսկայական՝ պետականորեն ծրագրված աշխատանքների մասին է:  Այստեղ ծագում է հետեւյալ խնդիրը. մենք եվս պարտավոր ենք պետական մակարդակով համադրել այս ամենը եւ ոչ թե թողնել համայնքի սահմանների մեջ: Նույն ագրեսիվ քաղաքականությունը նաեւ մեր կողմից որդեգրելու հարց կա. պետք է ձեւավորել միասնական կեցվածք համայնքի, հայկական պետության եւ իշխանությունների հետ համատեղ:

 

-Արդյո՞ք Հայ  Դատի գրասենյակները չեն համագործակցում Ֆրանսիայում գործող՝ Արցախի եւ ՀՀ ներկայացուցչությունների հետ, եւ ինչպիսի՞ն է այդ համագործակցությունը:

 

Բնականաբար համագործակցում ենք, սակայն համագործակցությունը բավարար չէ, անհրաժեշտ է ազգային հստակ քաղաքականություն որդեգրել եւ համադրել աշխատանքները, որի պակասը կա, եւ՝ պատճառները, իմ կարծիքով, սուբյեկտիվ չեն, օբյեկտիվ են. ժամանակի խնդիր կա եւ այդ հարցերը հարթելու ընթացքի մեջ ենք արդեն, որպեսզի կարողանանք արտաքին քաղաքականության մեջ մեր ընթացքը եւ  քաղաքական ուղեգիծը համադրել եւ նույնացնել: Եթե դա հաջողվի՝ լավագույն միջոցը կլինի ադրբեջանաթուրքական հակահայ լոբբիստական աշխատանքների դիմաց: Այս  լոբբիստական աշխատանքները թուրքերը կատարում են մեր հարյուր տարվա փորձառությամբ,  այն փորձառությամբ, որ մենք  մի քանի սերունդ փորձել ենք: Այսօր նրանք նույն կերպ են առաջ շարժվում՝ մեկ տարբերությամբ, որ դրա հետ մեկտեղ օգտագործում են նաեւ հսկայական գումարներ, որը մեզ իհարկե պակասում է:

 

-Ի՞նչ հակաքայլեր է իրականացվում նրանց հակահայկական լոբբինգի դեմ:

 

Հակաքայլերը հիմնականում քարոզչական բնույթի են, Ֆրանսիայի հասարակության կարծիքի վրա ազդելու, ֆրանսիական քարոզչամեքենայի վրա ազդելու խնդիր է, եւ դրա համար հսկայական  աշխատանք ու մարդուժ է պետք՝ այն, ինչ որ Հայ Դատի գրասենյակը եւ նրա շուրջ համախմբված տարրերը փորձում են կատարել մինչ այսօր, սակայն դա բավարար չէ: Այստեղ եվս  նյութական հսկայական ներդրումների կարիք կա:

 

-Ի՞նչ փուլում  է գտնվում հիմա Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծը:

 

Ամեն ինչ նորից սկսելու խնդիր կա: Նոր նախագահը  խոստացել է հարցը նորից բարձրացնել: Խոստումը ուժի մեջ է, հստակ քայլեր չկան դեռ, սակայն մի բան կա.  վստահ ենք եւ հետեւում ենք աշխատանքներին, որ արդարադատության նախարարության  միջոցով կառավարության որոշման համար տարվում է հստակ աշխատանք: Կարծում եմ՝ այն փորձը, որ ունեցանք 2 տարի առաջ, երբ ձախողեցինք, թուրքերը փորձելու են օգտագործել՝ նույն քաղաքականությունը վարելով, լծակները օգտագործելով,  ճնշումներ բանեցնելով, տնտեսական գործոնի վրա շեշտը դնելով, քաղաքական տվյալներ օգտագործելով: Սակայն նախագահը խոստացել է այս ամենը հարթել եւ օրենքն անցկացնել: Հիմա մնում է, որ նա իր խոստումը կատարի եւ մենք էլ մեր միջոցներով նաեւ մեր ճնշումը սաստկացնենք՝ որպես Ֆրանսիայի քաղաքացիներ:

 

Հսկայական գումարներ է ծախսվում՝ նաեւ Խոջալուի դեպքերը՝ որպես ցեղասպանություն ներկայացնելու աշխարհին: Այս ուղղությամբ ի՞նչ է կատարվում Ֆրանսիայում եւ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծը չի՞ կարող ի վնաս մեզ աշխատել:

 

Կարող է գործել դրական իմաստով, որովհետեւ այդ օրենքը իրավունք կտա՝ ստի դեմ, նամանավանդ պատմության նենգափոխության դեմ դատական համակարգի միջոցով, օրենքով պաշտպանվել: Մենք ուզում ենք՝ օրենքն իրագործվի հենց այս իմաստով. պաշտպանվել կեղծիքից, ստից՝ օրենքով, որ միակ ճանապարհն է: Օրենքն է միայն, որ կարող է կասեցնել պատմության նենգափոխումը, այլապես այն կշարունակվի նենգափոխվել: Օրենքը չի կարող հակառակ ազդեցություն ունենալ, օրինակ, խոջալուի հարցով. օրենքով կարելի է պաշտպանվել սուտ պրոպագանդայից:  Մինչ այսօր Ֆրանսիան տեղ չի տալիս այդ ադրբեջանական ստին, սակայն հետզհետե ադրբեջանական քարոզչամեքենան առաջ է ընթանում, եւ այստեղ մենք միասնական կեցվածք որդեգրելու խնդիր ունենք: Այս կեղծիքը պետական կեղծիք է, պետական քաղաքականություն է, մենք էլ պարտավոր ենք պետականորեն պայքարել այս ամենի դեմ:

 

Հարցազրույցը Արմինե Նարինյանի

1