Ֆրանկ Էնգելը պատասխանել է Ադրբեջանին՝ «դուք չեք հաջողելու»
13.03.2017թ. 16:41:58

Եվրոպական խորհրդարանի անդամ, Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը նամակով դիմել է ադրբեջանցի պատգամավորներին:

Փետրվարի վերջին, Ադրբեջանի գլխավոր դատախազի կողմից Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Էլենի Թեոխարուսի, Ֆրանկ Էնգելի եւ Յարոմիր Շետինայի նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում՝ Լեռնային Ղարաբաղ այցելության համար:

Ֆրանկ Էնգելի նամակը հասցեագրված է Ադրբեջանի խորհրդարանի արտաքին եւ միջխորհրդարանական հարաբերութունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեյիդովին, Եվրանեստում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Ֆուադ Մուրադովին եւ ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Ջավանշիր Ֆեզիեւին, որոնք ավելի վաղ նամակ էին գրել ԵՄ կառույցներին:

Ֆրանկ Էնգելի նամակի առավել ուշագրավ հատվածները ներկայացված են ստորեւ:

«Պարոնայք, դուք կարծում եք, որ տեղին է մեղադրել Եվրոպական խորհրդարանի երեք ներկայացուցիչներին բոլոր մեղքերի համար միայն այն պարզ պատճառով, որ նրանք այցելել են Ղարաբաղ:

Նախ, պետք է հայտարարեմ, որ կտրականապես հերքում եմ 2017թ. մարտի 2-ին թվագրված ձեր նամակում ներկայացված պնդումներն ու բացարձակ անհիմն մեղադրանքները:
Ադրբեջանցի եւ հայ զինվորներն առաջնագծում մահանում են այնտեղ հրահրվող պատերազմի, եւ ոչ թե այդ տարածք խորհրդարանականների այցի հետեւանքով: Նրանք մահանում են, որովհետեւ ինչ-որ մեկը չի հարգում հրադադարը, որը պետք է հարգվի 1994թ. մայիսի 12-ից ի վեր: Նրանք մահանում են, որովհետեւ ինչ-որ մեկը հրաժարվում է, որ հրադադարի պահպանման ռեժիմը դիտարկի ԵԱՀԿ-ն:

Այժմ, ինչ վերաբերում է Ղարաբաղ այցերին: Միջազգային իրավական որեւէ փաստաթղթում չկա որեւէ նշում այն մասին, որ վիճարկելի տարածքներ չի կարելի այցելել: Միջազգային իրավունքի որեւէ սկզբունք չի արգելում նման այցերը: Որեւէ երկիր, Ադրբեջանից բացի, չի կարող երեւակայել նման սկզբունքի կամ տեքստի գոյության մասին: Մոլդովան չի սպառնում ձերբակալել Մերձնդեստր, Վրաստանը՝ Աբխազիա, Չինաստանը՝ Թայվան, իսկ Սերբիան՝ Կոսովո այցելողներին: Ոչ ոք դա չի անում, բացի Ադրբեջանից, որը դա անում է բացառապես ներքին տեքստերի հիման վրա, որոնք տարբերվում են համանման իրադրություններում ու հանգամանքներում կիրառելի միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներից ու նորմերից:

Եվրոպական խորհրդարանը 2012թ. ապրիլի 18-ին ընդունած իր բանաձեւում բավական պարզ սահմանել է, որ Խորհուրդը, Հանձնաժողովը եւ ԵՄ Արտաքին գործողությունների ծառայությունը ցանկանում են ընդգծել «ԵՄ ներկայացուցիչների անսահմանափակ մուտքի անհրաժեշտությունը Լեռնային Ղարաբաղ եւ հարակից գրավյալ շրջաններ»:

Դուք չեք հաջողելու, որովհետեւ եթե մենք ենթարկվենք ձեր կամքին, ապա գիտակցաբար դեմ գնալով բարոյական նորմերին եւ եվրոպական արժեքներին՝ կհամաձայնենք մեկուսացնել Ղարաբաղի ժողովրդին արտաքին աշխարհից: Մենք կնպաստենք ձեր անդադար ջանքերին՝ ճնշելու նրանց քաղաքական եւ ինստիտուցիոնալ կամքի արտահայտությունը: Մենք կընդունենք, որ Ղարաբաղի ժողովուրդը մոռացվի եւ լքվի, որ նրա գոյություն ունենալու իրավունքը մերժվի: Մենք դա չենք անի:

Ես աչք չեմ փակում այն տառապանքի վրա, որ պատերազմն ու ներքին տեղահանումները պատճառել են Ադրբեջանի ժողովրդին: Ես անտարբեր չեմ նրանց ցավի նկատմամբ, որոնք կորցրել են իրենց սիրելիներին պատերազմում: Սակայն այդ տառապանքը բուժելու համար, 92-94 թթ. պատերազմը՝ իր խաղաղության համաձայնագրով, պետք է հանգեցներ հստակ եզրահանգման, եւ ոչ թե հաջորդ պատերազմի նախապատրաստության: Դուք համառորեն շարունակում եք ինձ եւ Ղարաբաղի հարցում ներգրավված իմ գործընկերներին վերաբերվել որպես հանցագործների: Այս հանգամանքներում դուք պետք է ընդունեք, որ ես եւ Եվրոպական ու ազգային խորհրդարանների իմ բազմաթիվ գործընկերները, որոնց այդպես եք վերաբերվում, պետք է ձեր եւ ձեր իշխանությունների վարքագծի վրա պատշաճ ուշադրություն հրավիրեն: Սա է միակ ճանապարհը՝ պաշտպանելու մեզ ձեր կամայական սպառնալիքներից»:

mediamax.am