ՖԻՖԱ ոսկե գավաթը Երևանում է. Այն հանվել է հանրային ցուցադրության
08.02.2018թ. 11:11:26

Փետրվարի 7-ին Երևանում ցուցադրվել է առաջին անգամ Հայաստան ժամանած ՖԻՖԱ Աշխարհի առաջնության ոսկե գավաթը, որը շրջագայում է Կոկա-Կոլա-ի հետ: Միջոցառումը մեկնարկել է մամուլի ասուլիսով, որտեղ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության տնօրեն Քրիստոֆ Սփեքն այս օրը պատմական է որակել:

«Մեծ հաճույք է լինել այստեղ: Մենք երախտապարտ ենք ՖԻՖԱ-ին և Կոկա-Կոլա-ին: Չնայած Հայաստանը փոքր երկիր է, կարծում ենք, որ այն հիանալի վայր է Գավաթի շրջագայության համար»,- ասել է Քրիստոֆ Սփեքը:

Նա հույս է հայտնել, որ այս իրադարձությունը կգրավի հայ ֆուտբոլասերների ուշադրությունը:

«Գավաթը համախմբել է մեզ այստեղ՝ երջանկություն տարածելու և ավելի լավ ապագայի տեսլականով ներշնչվելու»,- եզրափակել է նա:

Ֆրանսիայի հավաքականի կազմում 1998-ին աշխարհի չեմպիոն դարձած, «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Քրիստիան Կարամբյոն իր ելույթում ասել է, որ 20 տարի առաջ, երբ իրենց հավաքականը դարձավ գավաթակիր, թիմում հայկական ծագմամբ երկու ֆուտբոլիստ կար՝ Յուրի Ջորկաեֆն ու Ալեն Պողոսյանը, և հայ ժողովուրդն առավել քան արժանի է, որ այս գավաթը շրջագայության ընթացքում լինի նաև Հայաստանում:

Պատասխանելով Հայաստանի ազգային հավաքականի մասին հարցին, նա նշել է, որ այն լավ տեսլական ունի:

Կարամբյոն կարծում է, որ սպասվող ֆուտբոլի ԱԱ-ում ամենահավակնոտ հավաքականներից մեկը Ֆրանսիայի ընտրանին է. նշել է նաև Իսպանիայի, Գերմանիա, Արգենտինայի և Բրազիլիայի թիմերի անունները:

Թուրքիայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում Կոկա-Կոլա ընկերության նախագահ Եվգենիա Ստոիչկովան հայտնել է, որ շրջագայությունը նախաձեռնողները փորձել են այս տարի այնպիսի երկրներ ընդգրկել, որտեղ Գավաթը նախկինում չի եղել:

«Հուսով եմ, որ մի օր Հայաստանի ազգային հավաքականը կբերի այս գավաթը Հայաստան», – ասել է Ստոիչկովան:

Ըստ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության հասարակական կապերի և հաղորդակցության տնօրեն Էլինա Մարկարյանի, 2006-ից ՖԻՖԱ-ն «Կոկա-Կոլա Ընկերության» հետ համատեղ յուրաքանչյուր Ֆուտբոլի աշխարհի առաջնության նախօրեին գավաթի միջազգային շրջագայություն է կազմակերպում։

«2018-ին Գավաթը կայցելի 50 երկիր, որից 24-ում, այդ թվում՝ Հայաստանում, այն նախկինում երբեք չի եղել»,- ասել է նա:

Ասուլիսից հետո Գավաթի հանրային ցուցադրության է դրվել Ազատության հրապարակում՝ Օպերայի հարևանությամբ: Սա ֆուտբոլասերների համար բացառիկ հնարավորություն էմասնակից դառնալու այս պատմական իրադարձությանը և անձամբ տեսնելու ՖԻՖԱ Աշխարհի առաջնության ոսկե գավաթը:

Հանրային ցուցադրությունը տևել է մեկ ժամ:

Ի դեպ, Ֆուտբոլի ամենանշանավոր ոսկե գավաթին դիպչելու իրավունք ունեն միայն ՖԻՖԱ Աշխարհի առաջնության չեմպիոններն ու երկրների ղեկավարները:

panarmenian.net