Ֆիլմ-հուշարձան՝ ապրիլյան պատերազմում զոհված 13 սյունեցի հերոսների մասին
15.05.2017թ. 10:39:59

Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով 2016 թվականի 2-ին հակառակորդը սկսել էր լայնածավալ հարձակողական գործողություններ: Կասեցնելով թշնամու նախահարձակ գործողությունները՝ հայկական կողմն ունեցավ 104 զոհ, 104 սխրանք, որոնց մասին կխոսեն սերունդները:

Քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված «13» վավերագրական ֆիլմը պատմում է 104 հերոսից 13 սյունեցիների մասին՝ Արմեն Հովհաննիսյան, Էդուարդ Ալեքսանյան, Սեդրակ Ասրյան, Գագիկ Փարսադանյան, Արմեն Գասպարյան, Սերգեյ Դանղյան, Եղիշե Նիկալյան, Կարո Համբարձումյան, Մայիս Միրզոյան, Արմեն Բեգլարյան, Դավիթ Սարգսյան, Նարեկ Մկրտչյան, Նորայր Գասպարյան: Վերջին երկուսը ժամկետային զինծառայողներ են, մյուսները՝ կամավորներ:

Ֆիլմը նկարահանվել է Սյունիքի Զարգացման և ներդրումների հիմնադրամի նախաձեռնությամբ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ` Paradiplomacy Production-ի կողմից: «Մոսկվա» կինոթատրոնում այսօր տեղի ունեցավ ֆիլմի շնորհանդեսը, որին ներկա էին ապրիլյան պատերազի զոհերի հարազատները, զինվորականներ, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ:

«Ֆիլմում չկա քաղաքականություն, պարզապես հարգանքի և հիշատակի տուրք է մեր այն հերոսներին, որոնց արյան, կյանքի գնով կարողացանք պահել մեր նվաճումները»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ, Սյունիքի Զարգացման և ներդրումների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահե Հակոբյանը:

Նա նշեց, որ ֆիլմի շնորհանդեսը նախատեսված էր ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցին, սակայն, հաշվի առնելով նախընտրական շրջանը, զերծ մնալով հնարավոր տարատեսակ և տարաբնույթ շահարկումներից, որոշեցին այն անել ավելի ուշ:

Սյունիքի Զարգացման և ներդրումների հիմնադրամի տնօրեն Դավիթ Աբովյանն ասաց, որ իրենց նպատակն է այս ֆիլմով ցույց տալ, որ միշտ հիշում են հերոսներին, հպարտանում նրանցով, նրանց ընտանիքներով: Նա տեղեկացրեց, որ ֆիլմը թարգմանվելու է տարբեր լեզուներով և ներկայացվելու է վավերագրական ֆիլմերի տարբեր փառատոների:

Ֆիլմը նկարահանվել է Սյունիքի մարզում և Արցախում: 1 ժամ տևողությամբ ֆիլմում 13 հերոսների հարազատները պատմում են նրանց մասին, նրանց կյանքի վերջին օրերի, ժամերի մասին: Կամավորների հարազատների խոսքերում առանձնակի շեշտվում էր՝ լսելով պատերազմի մասին, հենց առաջին իսկ րոպեին առանց վարանելու ասում էին՝ «գնում ենք Արցախ, պատերազմ է»:

Սցենարի հեղինակ, լրագրող Արեն Մկրտչյանն ասաց, որ ցանկացել են ստանալ ֆիլմ-հուշարձան, որպեսզի հերոսների սխրանքը միշտ հիշվի:

«1 ժամվա մեջ ամփոփել ենք 14-ժամյա զրույց զոհվածների հարազատների հետ: Բարդ էր նրանց հետ շփումը, այդ ամենը նորից էին վերապրում: Նկարահանման պրոցեսը բավականին բարդ ու դժվար անցավ»,- նշեց Ա.Մկրտչյանը:

Ֆիլմը դիտելուց հետո մարդիկ լուռ և թաց աչքերով էին դուրս գալիս դահլիճից, դժվարանում էին խոսել:

«Ծանր ֆիլմ էր: Տղաները բոլորն էլ արժանի էին մեծարման, հարգանքի: Բոլորն էլ արծիվ տղաներ էին»,- ասաց արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Սեյրան Բաղդասարյանի կինը՝ Արշալույս Բաղդասարյանը, ում դստեր ամուսինը՝ Արմեն Գասպարյանը, զոհվել է ապրիլյան պատերազմում:

Արմեն Գասպարյանին ներկայացրեց ազնիվ, հպարտ, համարձակ սյունեցի. «Երբ պատերազմը սկսվեց, նա հաշմանդամ էր, պահեստազորի ավագ լեյտենանտ էր: Ոչ մի րոպե չվարանեց ու առաջինը մեկնեց Թալիշ, որտեղ կնքեց իր մահկանացուն հատուկ հանձնարարություն կատարելիս»:

Նորայր Գասպարյանի մայրը՝ Նունե Աթաջանյանը, շնորհակալություն հայտնեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին այս ֆիլմի համար:

«Մեր երեխաներին ապրեցնում են: Ինձ հետ ներկա մեր հերոսների մայրերը, կանայք, նույնպես տպավորված են»,- ասաց տիկին Նունեն:

Նորայրի մասին դժվարացավ խոսել: Արցունքները թույլ չէին տալիս: Միայն կարողացավ ասել. «Իմ Նորոն տաղանդով տղա էր: Երկու ամսից ավարտելու էր ծառայությունը, տուն վերադառնար: Ափսոս մեր երեխաները: Այնպիսի սերուցք գնաց, որ …»:

Ֆիլմի դիտմանը ներկա մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը բարձր գնահատեց ֆիլմի գեղարվեստական արժեքը, բայց ընդգծեց. «Երանի այլևս նման ֆիլմեր նկարահանելու առիթ չունենանք»:

«Իրապես, ռեժիսորական բարձր, հետաքրքիր լուծումներ էին գտնված, կինեմատոգրաֆի հետաքրքիր լուծումներով էր արված ֆիլմը: Բայց կրկնում եմ՝ երանի այլևս նման ֆիլմ նկարելու առիթ չունենանք»,- հավելեց նա:

Նախարարը նշեց, որ այն, ինչ կատարվեց անցած տարի ապրիլին, այս ֆիլմը և արվեստի մյուս ճյուղերով անդրադարձները պետք է դառնան մատաղ սերնդի համար հերոսության, հերոսաբար դաստիարակելու, նրանց հերոսության մղելու օրինակ:

Հարցին, թե հնարավո՞ր է մշակույթի նախարարության պատվերով ապրիլյան պատերազմի մյուս հերոսների մասին ֆիլմեր նկարահանվեն, Արմեն Ամիրյանն ասաց. «Խոսում էինք այս մասին Սյունիքի մարզպետի հետ: Թերևս մենք նախաձեռնենք շարունակությունը: Յուրաքանչյուր մարզի ղեկավար իր մարզի զոհված տղաների մասին անդրադարձ անելու է: Մենք խոսեցինք ավելի համակարգելու առումով, նկարահանված ֆիլմերը, որոնք ավելի գեղարվեստական բարձր որակի են, փորձենք փառատոնային տարբեր մասնակցություններ ապահովել: Կարծում եմ՝ դրանով իսկ լուրջ քաղաքական դիվիդենտներ կարող ենք շահել»:

Panorama.am