Օրերից մի օր Ադրբեջանը համակերպվելու է, որ Արցախն անկախ է
14.12.2017թ. 11:12:58

Օրերից մի օր Ադրբեջանը համակերպվելու է, որ Արցախն անկախ է: Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը: Նա նշեց, որ Ադրբեջանը չի կարող պայքարել այն տենդենցի դեմ, որը կա աշխարհում` ճանաչել Արցախը: Ըստ նրա` Ադրբեջանը չունի այն հնարավորությունները պայքարել ամբողջի դեմ, ժողովրդավարական երկրները չեն կարող անտեսել արցախցիների անկախության պահանջը:

– Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը ճանաչել է Արցախի Հանրապետությունը: Ձեզ համար սա անակնկա՞լ էր: Ինչի՞ արդյունք է սա:

– Վերջին շրջանում Արցախի Հանրապետության նկատմամբ աշխարհում վերաբերմունքն է փոխվում: Եթե նկատել եք, բանակցային գործընթացի սկզբում խոսվում էր Արցախը Ադրբեջանի կազմում ինքնավար կարգավիճակ տալու մասին, հետո խոսվում էր համատեղ պետության գաղափարի մասին, հետո խոսվում էր Արցախը Հայաստանի կազմում ներգրավվելու մասին, սակայն, վերջին շրջանում ավելի շատ խոսվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, այդ իրավունքի իրացման ու այդ որոշումը հարգելու մասին: Միջազգային տարբեր ատյաններում, տարբեր երկրներում ավելի շատ ներկայումս խոսվում է, որ առանց Արցախի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու սխալ է այս հարցին լուծում տալ: Բոլոր դեպքերում, տենդենց կա, որ աշխարհը մեզ ճանաչելուն է միտված: Դրա արտահայտությունն է ԱՄՆ 7 նահանգների կողմից ճանաչումը, Արցախի Ազգային ժողովի հետ բարեկամական խմբերի թվի մեծացումը և այլն:

Նույնիսկ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը խոսում է նրա մասին, որ հորդորել է Վ. Պուտինին վերադարձնել Ադրբեջանին 5 շրջանները: Նրանք չեն խոսում նրա մասին, որ Արցախը իրենց պետք է միացնեն, խոսում են շրջանների վերադարձի մասին: Խնդիրը նրանում է, որ ամենայն հավանականությամբ մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված երկիրն էլ է հասկանում, ընդունում, որ այս ամենն անշրջելի է և պետք է ճանաչել Արցախի Հանրապետության գոյության հարցը: Այնպես որ մեզ համար, սա անակնկալ չէր և կարծում եմ, որ պետությունների կողմից Արցախը ճանաչելու գործընթացը կշարունակվի:

Ասեմ, որ Արցախի իշխանությունների, քաղաքական ուժերի կողմից այս ուղղությամբ կատարվում է բազմաշերտ աշխատանք. մի մասը երևում է, մի մասը` ոչ, բայց մենք ակտիվ աշխատում ենք, լայնածավալ աշխատանք ենք կատարում, որոնք իրենց պտուղներն են տալիս: Ինչու ոչ, կգա այն ժամանակը, որ Արցախը կդառնա ՄԱԿ-ի անդամ:

– Դուք հիշատակեցիք ԱՄՆ 7 նահանգների կողմից Արցախի ճանաչման փաստը: Երբ գործող նախագահ Դոնալդ Թրամփը նոր էր ընտրվել, շատ էին խոսում այն մասին, որ գուցե Ղարաբաղի հարցում ԱՄՆ քաղաքականությունը փոխվի: Նա տևական ժամանակ է, ինչ նախագահ է: Ի՞նչ եք կարծում` նրա օրոք կշարունակվի Արցախը ճանաչելու ԱՄՆ նահանգների մոտեցումը:

– Չպետք է ժխտենք, որ ԱՄՆ-ն, ԵՄ-ն ժողովրդավարական երկրներ են, որոնք ձգտում են դեպի ժողովրդավարական նորմերով, միջազգային իրավունքի հիման վրա տարվող քաղաքականության, և ես կարծում եմ, որ այո, դա հնարավոր է: ԱՄՆ-ն չի կարող անտեսել մի բուռ ժողովրդի, քրիստոնեադավան ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ժողովուրդն ուզում է անկախ ապրել, աշխարհից միայն սա է պահանջում և մարդու իրավունքների պաշտպանության ակունքներով կանգնած երկրները չեն կարող սա անտեսել: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ԱՄՆ-ն դրական դիրքորոշում ունի մեր նկատմամբ: Իհարկե, նրանց դիրքորոշումը կարող է պահի տակ փոխվել իրենց շահերից ելնելով, քաղաքական զարգացումներից ելնելով, բայց խնդիրը նրանում է, որ ԱՄՆ-ն ՀՀ-ից հետո այն միակ երկիրն է, որը Արցախին դրամաշնորհ է տալիս` զարգացման համար: Ապրիլյան իրադարձություններից հետո, օրինակ, ԱՄՆ կոնգրեսականները կոչ արեցին, որ պետք է սանձել ագրեսորին` Ադրբեջանին: Իրենք իրենց ելույթներով են նաև օգնում են մեզ: Նրանք տեսնում են, որ Արցախի ղեկավարությունը, ժողովուրդը կարող են համագործակցել ժողովրդավարական մյուս երկրների հետ` չսպառնալով նրանց անվտանգությանը: Կարծում եմ, որ մենք շահեկան դիրքերում ենք:

– Դուք ասացիք, որ աշխարհը որդեգրել է, ըստ էության, Արցախը ճանաչելու տենդենցը: Ձեր կարծիքով` սա չի զայրացնի՞ Ադրբեջանին, Ղարաբաղի անվտանգության ապահովման տեսանկյունից չե՞ն ստեղծվի նոր սպառնալիքներ:

– Հակառակը: Ես կարծում եմ, որ Ադրբեջանը, համակերպվի, թե ոչ Արցախի կարգավիճակի հետ, այն երկիրը չէ, որ ունենա ամբողջ աշխարհի դեմ կռվելու հնարավորություններ: Ադրբեջանը չի կարող հաշվի չնստել գերտերությունների` ԱՄՆ, ՌԴ, ԵՄ հետ: Ադրբեջանին զսպող ամենամեծ հանգամանքը հայկական գործոնն է: Մենք, որքան էլ քննադատենք, ասենք, որ մեր բանակում խնդիրներ կան, մեր բանակն Ադրբեջանին զսպող ամենամեծ հանգամանքն է` հատկապես վերջին շրջանի բարեփոխումներից հետո: Մեր զարգացումը դժվար է արգելակել, որովհետև ժողովուրդն ունի տրամադրվածություն` պահել երկիրը, փայփայել, պաշտպանել: Ժողովուրդն այս տարիներին մեծ դժվարություններ հաղթահարեց ու հիմա պատրաստ է ամեն ինչին:

– Դուք կարծում եք, որ Ալիևը կարդալով, հերթական նահանգը կամ պետությունը, որը ճանաչել է Արցախը, չի՞ զայրանալու և ոչինչ չի ձեռնարկելո՞ւ:

– Ադրբեջանը հաշվարկներ է անում` սկսել ռազմական գործողություններ, թե ոչ: Եթե նրանք սկսեն ռազմական գործողություններ, գուցե կորցնեն մեկ կամ երկու շրջան: Նրանք այս ամենը գիտակցում են: Եթե պատերազմելու ուժ ունենային, անպայման կդրսևորեին: Մեր 18 տարեկան տղաների դեմ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ նրանք ընկրկեցին: Պատերազմ սկսելուց առաջ նրանք հաշվի կառնեն նաև Թուրքիայի գործոնը` կհասկանան, թե որքանով է այդ պահին դա Թուրքիային ձեռնտու: Այնպես որ սա Ադրբեջանի ուզենալ-չուզենալու հարցը չէ: Նրանք որոշում կկայացնեն աշխարհաքաղաքական զարգացումներից ելնելով:

– Դուք կարծում եք, որ օրերից մի օր Ադրբեջանը հաշտվելո՞ւ է այս իրողության հետ:

– Ժամանակն է ամեն ինչի սպեղանին: Ժամանակները փոխվում են, իրավիճակները փոխվում են, իրենց ժողովուրդը ժամանակի ընթացքում հասկանում է, որ Արցախը ոչ մի կապ չունի Ադրբեջանի հետ: Իրենք լավ գիտեն, որ այդ տարածքները հայկական են, պատկանում են հայերին:

Տիգրանուհի Մարտիրոսյան