Քաշաթաղի շրջանի Իշխանաձորի գյուղական համայնքում ներկայացվեց ամենամյա հաշվետվություն
07.02.2018թ. 12:11:42

Փետրվարի 5-ին Քաշաթաղի շրջանի Իշխանաձորի գյուղական համայնքի ղեկավար Արսեն Թելունցը ներկայացրեց ամենամյա հաշվետվությունը:

Անցած ամռանը Արցախի Հանրապետության կառավարության հատկացումներով, շրջվարչակազմի և «Հայրենասեր» ՀԿ օժանդակությամբ հիմնանորոգվեց դպրոցի եռահարկ շենքը: 2017 թվականին գյուղի նորակառույց Ազատամարտիկների թաղամասում կառուցվեց 11 բնակելի տուն՝ ԱՀ կառավարության և «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի միջոցներով:

2 բնակելի տուն կառուցվեց «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից: Բազմազավակ 2 ընտանիքի համար բնակելի տուն կառուցվեց ԱՀ կառավարության կողմից: «Հայրենասեր» ՀԿ-ի հովանավորությամբ նոր թաղամասում կառուցվեց մարզադաշտ, որը կրում է 2016թ. ապրիլի սկզբին հերոսաբար նահատակված Անդրանիկ Զոհրաբյանի անունը:

Անցած աշնանը համայնքի տարածքում սկսվել և ընթացքի մեջ է ևս 60 առանձնատան կառուցում՝ ԱՀ կառավարության և «Քաշաթաղ» ԲՀ-ի միջոցներով: Այժմ Իշխանաձորում բնակվում է 500 բանկիչ: Նախադպրոցական երեխաների թիվը՝ 68, որից 9-ը ծնվել են անցած տարի: Դպրոց հաճախում են 100 աշակերտ: Վերաբնակեցման արդյունքում անցած տարվա համեմատ բնակչության թիվն ավելացել է 165-ով: Այդ թվում դպրոցականներ՝ 43 հոգի, նախադպրոցականներ՝ 18:

Հաշվետու տարում դրական առաջընթաց է գրանցվել նաև կրթական ու մշակութային բնագավառներում: Դպրոցում սկսել է գործել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մասնաճյուղը՝ 13 ուսանողների ընդգրկմամբ: Բերձորի արվեստի դպրոցի կազմում այստեղ սկսել են գործել դաշնամուրի բաժին և պարարվեստի խմբակ: Բերձորի մարզադպրոցի կազմում բացվել է ֆուտբոլի խմբակ:

Անդրադառնալով գյուղատնտեսական աշխատանքներին՝ Ա. Թելունցը նշեց, որ անցած ամռանը համայնքում հնձել են 450 հա ցորենի և 700 հա գարու արտ: Ստացվել է 1476տ ցորեն և 1981տ գարի: Անցած աշնանը կատարվել է 300հա ցորենի և 900հա գարու աշնանացան: Համայնքում կա 118 խոշոր, 360 մանր եղջերավոր անասուն, 22 մեղվաընտանիք, 3000 թռչուն, այլ կենդանիներ՝ քիչ քանակությամբ:

Գյուղում գործում են 3-4 խանութ, բենզինի լցակայան, «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ մասնաճյուղը, տարածքային բուժհաստատությունը, որի շենքը նույնպես հիմնանորոգվեց անցած տարի «Թուֆենկյան» ԲՀ-ի կողմից և այլ տնտեսություններ: Համայնքի բյուջեն կազմել է 8.497.400 դրամ, որից 5.095.000-ը՝ սեփական եկամուտներից:

Հաշվետու տարում գյուղի նորակերտ թաղամասի բնակելի տների բակերում և դպրոցի տարածքում կատարվեց ծառատունկ, որին մասնակցեց նաև ԱՀ պետնախարար Արայիկ Հարությունյանը: Տնկվեց մոտ 700 ծառ: Հաշվետվությանը ներկա էին համայնքի բանկիչները, ինչպես նաև շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, աշխատակազմի գյուղատնտեսության և ֆինանսատնտեսական վարչությունների պետեր Լևոն Սիմոնյանը, Հարություն Բերբերյանը, վերաբնակեցման բաժնի աշխատակից Կարեն Աբրահամյանը, այլ պաշտոնատար անձինք:

Հաշվետվությունն ընդունվեց բավարար: Շրջվարչակազմի ներկայացուցիչները պատասխանեցին բնակչության հարցերին, տվեցին պարզաբանումներ:

Զոհրաբ Ըռքոյան