Փառք Մայիսի 28-ը կերտողներին
01.06.2017թ. 12:26:17

Բազմիցս զանազան բեմերում ու հարթակներում խոսվել և բազմակողմանիորեն դրվատվել ու արժևորվել է Մայիսի 28-ի խորհուրդը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման անկյունադարձային արժեքը հայ ժողովրդի և հայկական պետականության համար: Սակայն կարծես թե ինչ-որ մի բան դիտավորյալ, թյուրիմացաբար կամ պարզամտորեն մոռացության է տրվում:

Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման, Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերի և, ընդհանրապես, անկախության ոգին մի գիշերում չի սերմանվել:

Հայաստանի Հանրապետության հիմնադրման խոյանքը 30 տարվա անխոնջ գործի արդյունք է: Գործ, որը կատարել է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Գործ, որն իմաստավորվել է Դաշնակցության հիմնադիր Քրիստափորի վիտոշյան խոյանքով, Ռոստոմի ամենուր ներկայությամբ և Զավարյանի տեսլականներով ու ուսումնասիրություններով, որոնք դեռ 1910-ական թվականներին պատկերում էին Հայաստանի գյուղատնտեսության զարգացման ուղեգիծը: Հենց այս ռահվիրաների սերունդն էր, որ կերտեց հայկական պետականության հիմքը:

Այսօր ոչ ոք չի ժխտում, որ Հայաստանի Հանրապետությունն արդյունքն է Մայիսի 28-ին հռչակված անկախ պետականության: Կարծես թե մոռացվել են ժամանակին սովետական կարգերում, միգուցե պարտադրված, Վազգեն առաջին կաթողիկոսի այն խոսքերը, որ դեկտեմբերի 2-ին (Հայաստանի խորհրդայնացման օրը) իրականացվեց Սարդարապատը կերտած սերնդի իղձերը: Մոռացվել են, որ Կարեն Դեմիրճյան Դաշնակցությանը համարում էր հայ ժողովրդի առաջին թշնամին: Մոռացվել են ազգային տոների շեմին և դրանցից հետո կրկնվող «Սարոյան եղբայրներ» և «Նվագախմբի տղաները» ֆիլմերը: Բոլորն արդեն գիտեն, որ դրանք կեղծ են, և այլ նպատակ չունեն, քան իրականության զեղծումը:

Այս բոլորը կարծես թե ճիշտ հունով է ընթանում, սակայն, ինչպես ասվեց, «ինչ-որ բան  դեռևս մոռացության է տրվում»: Ինչպես կարելի է արժևորել Հայաստանի Հանրապետության կերտումը և չհիշել անկախության գաղափարը կերտող Դաշնակցությանը: Ինչպես կարելի է հիշել Արամ Մանուկյանին, Ռուբեն Տեր-Մինասյանին, Հովհաննես Քաջազնունուն, Սիմոն Վրացյանին, Գարեգին Նժդեհին կենսագրականներ ներկայացնել, սխրանքներ թվարկել, իսկ մոռանալ, որ նրանք բոլորն էլ եղել են Դաշնակցության զինվորներ:

Սովետական ժամանակաշրջանում Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանը հիշատակվում էր որպես «դաշնակների» իշխանության տարիներ և հերյուրանքներ էին հնչում դաշնակցական նվիրյալների հասցեին, այսօր ևս շատ թե քիչ նույն փոքրոգությունն է տիրում, երբ Մայիսի 28-ի բազմաբովանդակ և այլազան միջոցառումներում վրիպվում է Դաշնակցության հիշատակումը:

Ինչևէ, Դաշնակցությունն իր պատմության ընթացքում երբեք չի տարանջատվել հայ ժողովրդից: Հայ ժողովրդի ու Դաշնակցության նվաճումներն ու հաղթանակները միշտ զուգակցված են եղել: Հայ Յեղափոխական Դաշնակցության համար ազատ, անկախ, միացյալ Հայաստանի կերտումը եղել և մնում է հիմնական նպատակ, որը ոչ այլ ինչ է, քան հայ ժողովրդի իդեալների իրականացում:

«Ապառաժ«-ի խմբագրական, 1 հունիս 2017թ.