Տօնակատարութիւն՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 127-ամեայ յոբելեանի առթիւ Նոր Ջուղայում եւ Շահինշահրում
22.12.2017թ. 15:44:28

Շրջանի Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ, յանուն հայ ժողովրդի ու հայրենիքի ծնունդ առած կուսակցութեան՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 127-ամեայ յոբելեանի առթիւ, հինգշաբթի՝ 2017 թւականի դեկտեմբերի 14-ին, Նոր Ջուղայում, իսկ ուրբաթ՝ դեկտեմբերի 15-ին, Շահինշահրում տեղի ունեցաւ տօնակատարութիւն:

Հինգշաբթի երեկոյի ձեռնարկն իրականացւեց Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում՝ սկիզբ առնելով Հ.Յ.Դ. քայլերգ «Մշակ Բանւոր»-ի յոտնկայս ունկնդրութեամբ ու օրւայ հանդիսավար Կարէն Խանլարեանի ողջոյնի եւ առիթին նւիրւած խօսքերով:

Իր բանախօսական ելոյթը ծաւալեց Հայաստանից ժամանած, Հ.Յ.Դ. Բիւրոյի Տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի ղեկավար Սուրէն Պարսեանը: Նա իր խօսքում նշելով, որ վերջին 27 տարիները Դաշնակցութեան համար եղել է հայրենաշինութեան ժամանակաշրջան, որի շրջագծում՝ յանուն այսօրւայ Ազատ, Անկախ եւ վաղւայ Միացեալ Հայաստանի կերտմանն ու հզօրացմանը իրականացւել է հայաստանակենտրոն քաղաքականութիւն, եւ ընդգծելով, որ այս ընթացքում Դաշնակցութեան օրակարգի գլխաւոր հարցը եղել է Արցախի եւ արցախահայութեան ազատագրութիւնը, պաշտպանութիւնը եւ ինքնորոշման իրաւունքի իրացումը, աւելացրեց. «Հայ ժողովուրդը միասնական է Արցախի հարցում… Ապրիլեան քառօրեայ հերոսամարտը ի ցոյց ամբողջ աշխարհի, մեր թշնամիներին ապացուցեց, որ մեզ համար ազատ Արցախը գերագոյն արժէք է, որի պաշտպանութեան բագինին իր կեանքը դրեց նաեւ այսօրւայ սերունդը… Մենք զիջելու հող չունենք: Սա մեր կարմիր գիծն է»:

Այնուհետեւ Սուրէն Պարսեանն անդրադառնալով 2015 թւականի դեկտեմբերի 6-ին, Հ.Հ. Սահմանադրութեան փոփոխութիւնների հանրաքւէով ամրագրւած խորհրդարանական կառավարման Հ.Յ.Դ. տեսլականին, ասաց, որ «Հայաստանեան սոցիալ-տնտեսական իրականութեան պայմաններում «ՈՉ» ասելը շատ դիւրին էր, սակայն «Այո» ասողների ուսերին էր դրւած մի մեծ պատասխանատւութիւն՝ ապահովել անձնակենտրոն կառավարումից անցումը կոլեկտիւ կառավարմանը եւ հաշւետւողականութեանը: Դաշնակցութիւնն ստանձնեց այդ պատասխանատւութիւնը՝ լինելով ընդդիմութիւն, ինչը հայ իրականութեան պայմաններում աննախադէպ էր, ոմանց համար անհասկանալի»:

Ելոյթի մի այլ բաժնում նա աւելացնելով, որ Հ.Հ. օրէնսդիր եւ գործադիր մարմիններում աշխատող դաշնակցականների առջեւ խնդիր է դրւել՝ իրենց գործունէութեան ընթացքում իրականացնել Հ.Յ.Դ. քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ծրագրերից բխող ինքնուրոյն մարտավարութիւն, որի մշակման աշխատանքներին աջակցութեան համար՝ ստեղծւել է Հ.Յ.Դ. Բիւրոյի Տնտեսական հետազօտութիւնների գրասենեակը, ընդգծեց, որ 2017 թւականի 10 ամիսների ընթացքում գրանցւել է վերջին տարիների համեմատ բարձր տնտեսական ակտիւութիւն՝ շուրջ 7 տոկոս, ինչը պայմանաւորւած է արդիւնաբերութեան, առեւտրի եւ ծառայութեան ոլորտների աճով ու ստւերի կրճատմամբ:

Բանախօսն իր խօսքի աւարտին շեշտելով, որ Հայաստանը եւ Սփիւռքը մէկ ամբողջութեան երկու մասն են եւ միայն ուժերի համատեղմամբ կարելի է հասնել համահայկական նպատակների իրականացմանը, կարեւորեց, թէ միմեանց եւ ընդհանուր նպատակներին հաւատալով ընդունակ ենք իրականութեան վերածելու անգամ անհաւանական թւացող երազանքները:

Ծրագրի գեղարւեստական բաժնում ազգային-յեղափոխական երգերի կատարմամբ ներկաների մօտ մեծ ոգեւորութիւն առաջացրեց Հայաստանից հրաւիրւած երգիչ Ռուբէն Սասունցին:

Հ.Յ.Դ. 127-ամեակը տօնակատարութեամբ նշանաւորւեց նաեւ Շահինշահրում, ուրբաթ՝ երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի կենտրոնատեղիի սրահում:

Տօնակատարութիւնից առաջ, նոյն կենտրոնատեղիի երկրորդ յարկում, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչների ու գաղափարակից ընկերների ներկայութեամբ տեղի ունեցաւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի Շահինշահրի գրասենեակի պաշտօնական բացումը: Մուտքի ժապաւէնը հատեցին Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Վահէ Թորոսեանը եւ նոյն յանձնախմբի Շահինշահրի գրասենեակի անդամ Վարդան Փանոսեանը: Այնուհետեւ Հայր Սուրբն այս առիթով փոխանցեց իր հայրական օրհնանքը, ուր գնահատելով Հայ Դատի գրասենեակների իրականացրած ծաւալուն աշխատանքները եւ շնորհաւորելով նոր գրասենեակի բացման կապակցութեամբ, յոյս յայտնեց, որ այն ոչ միայն ծառայելու է իր գլխաւոր առաքելութեանը՝ Հայ Դատի պաշտպանման գործին, այլեւ իր աշխատանքով համայնքի ժողովրդի, ի մասնաւորի երիտասարդութեան մէջ, առաւել զարգացնելու է ազգային եւ գաղափարական ոգին:

Տօնակատարութեան ծրագրում «Մշակ բանւոր»-ի յոտնկայս ունկնդրութեանը յաջորդեց Հայ Դատի յանձնախմբի Շահինշահրի գրասենեակի խօսքը, որն արտայայտեց Այիդա Մուրադեանը: Ահա մի հատւածի մէջբերում սոյն խօսքից. «127 տարի է անցել այն կուսակցութեան ծնունդից, ով լինելով հայ ժողովրդի ամուր բազուկը, իսկ ծանր եւ դժւար պայմաններում դառնալով նրա թիկունքը, ապրել ու գոյատեւել է ազգի համար եւ եղել է ոգի ու եռանդ ներշնչողը յուսալքւած հայի: Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն իր էութեամբ եւ աշխարհայեացքով ազգային, ընկերվարական, ժողովրդավարական եւ յեղափոխական կուսակցութիւն է. այն իր բոլոր ուժերով պայքարում է հայ ժողովրդի շահերի պաշտպանութեան համար եւ ազգային-ազատագրական պայքարը հիմնաւորում է իր գաղափարախօսութեամբ»:

Այնուհետեւ ինչպէս նախորդ օրը, այս ծրագրին նոյնպէս Սուրէն Պարսեանը ծաւալեց իր բանախօսական ելոյթը, իսկ ազգային-յեղափոխական երգերի կատարմամբ ներկաներին ոգեշնչեց Ռուբէն Սասունցին:

Երեկոն հանդիսավարեց Մարիա Խուդավերդեանը:

Զոյգ տօնակատարութիւններին ներկայ էին՝ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, Հայ Դատի յանձնախմբի անդամները, քահանայից դասի, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչներ, գաղափարակից ընկերներ ու հոծ թւով ժողովուրդ: