«Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրվել է Վենետիկի կինոփառատոնում
11.09.2017թ. 11:13:51

Վենետիկի կինոփառատոնի Venice Production Bridge-ում սեպտեմբերի 5-ին ցուցադրվել է Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը, որը կազմակերպվել էր Վենետոյի նահանգապետ Լուկա Զայայի բարձր հովանու ներքո՝ «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի իտալական գործընկեր Blue Knowledge Association-ի նախաձեռնությամբ, հանձին ասոցիացիայի տնօրեն Orietta Trevisanato Zampieri-ի։ Այդ առիթով ֆիլմի ստեղծագործական կազմից Իտալիա էին ժամանել ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, լիտվացի պրոդյուսեր Կեստուտիս Դրազդաուսկասը, ամերիկյան թիմից՝ գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանը, իսկ դերասանական կազմից՝ գլխավոր կերպար կերտած լիտվացի դերասանուհի Սանդրա Դաուկշայտե Պետրուլենեն։

«Ֆիշ այ Արթ» -ի հաղորդմամբ, ցուցադրությանը ներկա էին հասարակական, մշակութային գործիչներ, կինոոլորտի ներկայացուցիչներ, դիստրիբյուտորներ։ Ցուցադրությունը խոստումնալից է եղել, քանի որ հիմնական  նպատակը,  այն է՝  Իտալիայում «Վերջին բնակիչը» ֆիլմի տարածումը, դիստրիբյուցիայի կազմակերպումը, դրական արձագանք է ունեցել, որի ուղղությամբ էլ բանակցությունները շարունակվում են։

Ցուցադրությանը հաջորդել է կոկտեյլ երեկոն, որի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում։ Ներկաները կիսվել են իրենց տպավորություններով, հնչող կարծիքները շատ դրական։ Ջիվան Ավետիսյանն այս առումով առանձնացնում է հնչեցված մի կարծիք, որին անդրադարձել էին իտալացիներից շատերը․

«Աբգարի և աղջկա փախուստի տեսարանում, որտեղ նրանք գիշերով ապաստան են գտնում ավերակ շինությունում, Աբգարն ու Իբրահիմը ընկերական անկեղծ զրույց  են  ունենում, նրանք խոսում են միմյանց հետ, կիսվում իրենց ապրած դժվարություններով,  խոսում կյանքի փիլիսոփայության մասին, և Աբգարն էլ այդ ժամանակ իրեն հուզող մտքերն է արտահայտում՝ «Տեսնես ազգ կա՞ որ չի կորցրել իր ծննդավայրը»։ Սա հարուցել է իտալացիների խորին զարմանքն ու կրկնակի հարգանքը դեպի հայ ազգն ու հայ ժողովուրդը»:

«Նույնիսկ այսպիսի ապրումների մեջ՝ հայն ունակ է խոսել համամարդկային արժեքների մասին, որը վեր է ամեն ինչից։ Այս մարդկային ճակատագրերի մասին պատմող ֆիլմն, իսկապես, հուզել է մեզ»,- նման ձևով իրենց կարծիքն են արտահայտել իտալացիները։

«Վենետիկի կինոփառատոնն այն եզակիներից է, որ գնահատում է արտհաուսը, կարևորում  և ընդունում  պարզ, մարդկային ճակատագրերի մասին պատմող ֆիլմերը, և պատահական չէ, որ հենց իտալական կինոփառատոնի շրջանակներում՝ նման բարձր մակարդակով՝ Վենետոյի նահանգապետ Լուկա Զայայի բարձր հովանու ներքո, «Վերջին բնակիչը» ֆիլմը հնարավորություն ունեցավ ցուցադրվելու: Առաջին զգացողություններն աննկարագրելի են, ես երջանիկ եմ, որ իմ ֆիլմը, որը ես համարում եմ նաև հայ ժողովրդինը, կարողանում է ապրել մեր սահմաններից  դուրս և պատվով ներկայանալ այսպիսի հեղինակավոր կինոփառատոններում։ Մեծ հույս ունեմ, որ այս ցուցադրությունը խթան կհանդիսանա հայ-իտալական համագործակցության շարունակականության համար, հնարավոր կդառնա ֆիլմի դիստրիբյուցիան Իտալիայում, և այն կցուցադրվի նաև Իտալիայի կինոթատրոններում։ Սպասումները մեծ են»,- ասել է ռեժիսորը։

Ֆիլմի ստեղծագործական կազմը նույնպես կարևորել է «Վերջին բնակիչը»՝ որպես միջազգային արտադրություն։ Ֆիլմի գործադիր պրոդյուսեր ադրինե Միրզայանը շեշտադրել է նաև Սփյուռքի դերը նման հայկական ֆիլմերի խրախուսման գործում։

«Սրանք հայկական կինոյի զարգացման քայլեր են, որոնք ծառայելու են սերունդներին. տասը, տասնհինգ տարի հետո, երբ որևէ հայ կինոռեժիսոր հայտնվի հեղինակավոր մի կինոփառատոնում կամ կինոշուկայում, արդեն կլսի՝ «այո, հայկական կինեմատոգրաֆիային ծանոթ ենք, ոչ միայն լսել ենք, այլ նաև՝ տեսել և ոգեշնչվել», և ոչ թե հակառակը, որը ես լսել եմ հաճախ»,- ասել է Ջիվան Ավետիսյանը։

Սեպտեմբերի 7-ի «Վերջին բնակիչը» ֆիլմի ստեղծագործական և դերասանական կազմի համար Վենետոյի նահանգապետ Լուկա Զայայի հրահանգով կազմակերպվել էր ընդունելություն։ Ֆիլմի թիմին ընդունել է նահանգապետի առաջին տեղակալ Cristiano Corazzari-ն։ Հրավիրվել էին նաև  Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը և Իտալիայի հայերի միության նախագահ Մինաս Լուրյանը։ Դեսպանն իր խոսքում ներկայացրել է հայկական մշակույթը, կարևորել այս համագործակցությունը, նման հայկական ֆիլմերի անհրաժեշտությունը, Վենետոյի նահանգապետի աջակցությունն ու խրախուսանքը՝ այդպիսի միջոցառումների կայացման գործին։

Մինաս Լուրյանն իր խոսքում ներկայացրել է հայերի դարավոր ժառանգությունը, կարևորել հայ- իտալական բարեկամությունը, վենետիկյան հայերի ներդրումը Վենետիկի թե՛ առևտրային, թե՛ մշակութային, թե՛ քաղաքական ոլորտներում: Նա նշել, որ Ջիվան Ավետիսյանն էլ  իր հերթին է հայկական կինոյի ոլորտում մեծ ներդրում կատարում՝ համախմբելով վենետիկցիներին և տեղի հայերին հայ ժողովրդի և նրա պատմության շուրջ։

«Ֆիլմը մեր մասին է․ կոնֆլիկտներն աշխարհում շատ են և այդպիսի դեպքերը կարող են պատահել երկիր մոլորակի ցանկացած անկյունում, ցանկացած ժողովրդի հետ։ Վստահ եմ՝ Վենետիկի ժողովուրդը նույնպես մեզ կհասկանա, որովհետև Վենետիկը ևս անմասն չի մնացել պատերազմներից։ Շնոհակալ եմ նահանգապետին՝ հույս և հավատ ներշնչելու համար։ Դա ոգեշնչում է, որպեսզի մենք, որպես խաղաղության մարտիկներ, կարողանանք միասնական ուժով շարունակել մեր ճանապարհը և, պատմելով Արցախի մասին, խաղաղություն քարոզենք»,- ասել է Ջիվան Ավետիսյանը:

Ջիվան Ավետիսյանը նահանգապետին նվիրել է գորգ՝ «Ղարաբաղ կարպետից»՝ հայերեն այբուբենի և Արարատ լեռան պատկերով։ Նա նշել է, որ այդ  գորգը ստեղծվել է այն կանանց կողմից, որոնց ամուսինները, որդիները կամ եղբայրները մասնակից են եղել պատերազմին և այսօր էլ կյանքի և ազատության կռիվ են տալիս սահմանին։

«Սա ուղակի գորգ չէ հայերեն տառերով, այլև՝ նրա մեջ ամփոփված է հայ կանանց ուժը, էներգիան, նվիրումը, հաղթանակի, ազատության և խաղաղության ձգտումը։ Այս գորգի մեջ կա կյանք՝ ստեղծված այդ կանանց աշխատանքով»,- նշել է Ջ. Ավետիսյանը։

panorama.am