Վերարժեւորումների ժամանակը
02.09.2017թ. 14:00:13

Խորհրդարանական «Ելք» դաշինքը վերջերս առաջարկեց փոփոխել մայրաքաղաքի մի շարք փողոցների անվանումները: Խնդիրը մասնավորապես վերաբերում էր որոշ բոլշեւիկ գործիչների անուններին: Այս նախաձեռնությունը լրատվամիջոցներով ու սոցցանցերով լայն քննարկումների առիթ դարձավ, կարծես իրապես էլ պատճառը հասունացած էր եւ խոսակցության ծավալման համար միայն առիթ էր հարկավոր: Իհարկե եթե ոչ երեկ ու այսօր, ապա մի օր անխուսափելիորեն այդ քննարկումները սկսվելու էին՝ խնդրի մակերեսային ընկալումներից հանգելով ավելի խորքային ու արմատական ընդհանրացումների:

Գաղտնիք չէ, որ բնակավայրերի (ինչպես եւ պետական ու ոչ պետական հաստատությունների, հիմնադրամների, մրցանակների, կրթաթոշակների եւ այլնի ) անվանակոչությունը նախ քաղաքական, ապա պատմական ու քարոզչական նշանակություն ունի եւ տվյալ պահին արտահայտում է երկրի ու պետության բնույթը, ժամանակի մթնոլորտը՝ գաղափարական ու քաղաքական մտայնությունները եւ այլն: Բավական է հիշել խորհրդային միության օրինակը եւ թե ինչպես ժամանակ առ ժամանակ փոխվում էին անվանումները, պատվանդաններից ցած էին գլորվում արձանները, դասագրքերից հանվում էին անունները: Ինչպես զանգվածորեն կպցվելով ամեն ինչին, քաղաքական հերթական վերանայումներից հետո դրանք նույն արագությամբ ջնջվում ու փոփոխվում էին: Բայց երկիրը եւ պետությունը սեւագրության թուղթ չեն, եւ ոչ էլ կարող են մշտապես փորձարկումների (կամ փորձությունների) ենթարկվել: Անվանակոչություններ պետք է վավերագրեն եւ անմահացնեն հիշատակը ազգային դեմքերի, որոնք իրենցով կխորհրդանշեն արժեք եւ արժեհամակարգ, սերունդներ կկրթեն ու կդաստիարակեն, կարտահայտեն տվյալ ժողովրդի պատկառանքն ու հավատարմությունը մեծերի եւ սեփական պատմության հանդեպ: Սերունդների կյանքում իրենց անմահությունը ապահոված անունների այս փաղանգը կարող է հարստացվել, բայց ոչ փոփոխվել: Ակնհայտ է, նաեւ որ այս երեւույթի մեջ արտացոլվել եւ արտացոլվում է, երկրի ճակատագրի լիարժեք տնօրինումը իր տիրողջ եւ ոչ օտարների կողմից:

Վերանվանումների գործընթացը բնականորեն հանգեցնում է հերոսների, նրանց խորհրդանշած արժեքների ու մեծ հաշվով պատմական իրողությունների վերանայմանն ու վերարժեւորմանը:

Պատահական չէ, որ սկիզբ առած քննարկումները հանգում են մասնավորապես հետեւյալ հարցին. «իսկ ինչ է արել այս կամ այն գործիչը հայ ժողովրդի համար»:
Քննարկումները ի հայտ են բերում դեպքերի ու դեմքերի հետ կապված ոչ միանշանակ գնահատականներ, ինչպես օրինակ Խանջյանի ու Մյասնիկյանի դեպքում մեկ տրամադրություն է հանրության մոտ եւ մեկ այլ, երբ խոսքը վերաբերում է նույն համակարգն ու կուսակցությունը ներկայացնող այլ անունների: Մարդկանց, ովքեր մատը մատին չեն խփել սեփական հայրենիքի համար, իսկ այլ դեպքերում էլ հանուն օտարածին հեղափոխության նպատակների պատրաստ են եղել ոտնակոխելու ազգային շահը, պապերի երկիրը վերածելու օտար նվաճողների եւ նրանց քաղաքական-գաղափարական ծրագրերի իրագործման արյունոտ փորձադաշտի:

Անկախացման նոր հնարավորությունը ապահովեց Հայաստանի ֆիզիկական ինքնուրունությունը, բայց ինքնաբերաբար չհանգեցրեց պատմաքաղաքական ու գաղափարական մտաշրջության: Պայմանավորված հիմնականում պահի քաղաքական առաջնորդող ուժերի կոնյուկտուրային շահերով շատ դեպքերում շարունակեցին տիրապետել գաղութացնող երկրի պարտադրած մտակաղապարները: ԽՍՀՄ պատմության դասախոսները դարձան Հայ ժողովրդի պատմության մեկնաբաներ, աթեիզմի «մասնագետները» լծվեցին կրոնի եւ կրոնի պատմության դասավանդման գործին, իսկ կոմունիստական կուսակցության պատմության մասնագետները վերածվեցին քաղաքագետների: Հետեւանքն այն է, որ նորագույն պատմության շրջադարձային ժամանակահատվածը, հասարակական, մշակութային արժեքները եւ այդ ամենը մարմնավորող դեմքերն ու հավաքականությունները դեռեւս չեն ստացել իրենց իրական գնահատականը եւ վերարժեւորված չեն հասարակական գիտակցության մեջ:

Հետեւաբար եւ չպետք է զարմանալ, որ 100-ամյակի շեմին հավաքականորեն գիտակցված չէ հայոց անկախ պետականության վերականգնման պատմաքաղաքական բովանդակությունը, որպես դասագրքային ճշմարտություններ չեն արձանագրվել բախտորոշ իրադարձությունների պատճառահետեւանքային կապերը՝ ժողովրդի հետագա ճակատագրի հարցում այս կամ այն իրադարձության ունեցած իրական ներգործությունը եւ այլն:

100-ամյակը, սակայն հենց այն պատեհ առիթն է, երբ կարելի է ճշմարտության լուսարձակը նետել պատմական ուղու վրա եւ առանց ամբոխվարական հույզերի, ու կողմնակի ազդակների ազդեցության ազգային ակնոցով կատարել լուսաբանումներ եւ վերարժեւորումներ:

Հիմա նպաստավոր ժամանակ է դրա համար: Կարելի է չերկնչել, թե ինչ որ մեկը կամ ոմանք հանկարծ կշահեն դրանից: Սեփական պատմությունը եւ նրա լավ կամ վատ դերակատարները ողջ ազգի ժառանգությունն են, ինչպես որ ընդհանուր ժառանգություն են մեր նվաճումներն ու կորուստները՝ ողջ մեր անցյալի բեռը: Եթե ինչ որ մեկը ինչ որ բան վատ ժամանակներից փրկելու համար պահել է իր ծոցում ոչ խանդենք ոչ նախանձենք վերցնենք այն նրանից ու բաժանենք բոլորիս: Պահպանողը չի կողոպտվի, բայց ազգը կհարստանա:

Մեր դարավոր մաքառումների կարեւորագույն հանգրվանի՝ հայոց պետականության վերածնության 100-ամյակի լրումը լավ առիթ է մեր պատմությունը կամ ավելի ճիշտ պատմության արժեւորումը հայացնելու: Մեն ինքներս պիտի կտրվենք անցյալի մտային ու ֆիզիկական ախտերից եւ ոսկեջրվենք մեր ազգային ինքնության ավազանում: Դրանից հետո հեշտ կլինի մեկ անգամ եւ վերջնականորեն գրելու պատմությունը, գնահատելու իրական հերոսներին, կատարելու անվանակոչումներ ըստ անմահների դասի:

Մենք մեր ինքնության անձնագրով հեշտորեն կպաշտպանվենք ավելի ու ավելի գլոբալացող աշխարհի հյուսիսներից ու հարավներից, արեւելքներից ու արեւմուտքներից փչող քամիներից եւ այլեւս երբեք սերունդները չեն հանդուրժվի, որ դահիճներն ու նրանց մանկլավիկները նշանակվեն փրկիչներ եւ սողոսկեն գրքեր, գրավեն հրապարակներ ու փողոցներ: