Վահրամ Բալայանի ելույթը Թեհրանում կայացած Հայ Դատի խորհրդաժողովի ժամանակ
22.11.2017թ. 17:09:10

Արցախի  Հանրապետության Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, պ.գ.դ., պրոֆեսոր Վահրամ Բալայանի ելույթը Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ նոյեմբերի 15-17-ին Իրանում կայացած «Հայ Դատը տարածաշրջանային վերջին իրադարձությունների համատեքստում» խորագիրը կրող խորհրդաժողովի՝ իրանական լսարանի համար: 

«ԼՂ հակամարտություն. տարածաշրջանի գերտերությունների դերակատարությունը»

Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը բարդանում և համարյա անհնարին է դառնում տարածաշրջանում գերտերությունների շահերի իրարամերժության և խոր հակամարտությունների շնորհիվ:

Հետևաբար ինչպես երկրագնդի, այնպես էլ տարածաշրջանի գերտերությունների մոտեցումներով է պայմանավորված նաև ԼՂ հիմնահարցի կարգավորումը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններից հակամարտող կողմերի վրա ամենամեծ ազդեցությունն ունի Ռուսաստանը:

Վերջինս ոչ միայն մեծ շահեր ունի Հարավային Կովկասում, այլ նաև բազմաթիվ նախաձեռնություններով Մինսկի խմբից զատ փորձում է իրավիճակի վրա ազդել Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ բանակցային ձևաչափի միջոցով (2015 թ. նոյեմբերից շրջանառության մեջ դրված «Լավրովի պլանը», ՌԴ նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների կազմակերպում և այլն):

Բայց ամենից վտանգավորը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու արատավոր փաստն է, որը խաղաղ ճանապարհով լուծելու գործընթացը ավելի մշուշոտ է դարձնում: Ժողովրդական իմաստուն խոսք կա ասված. «եթե հրացան կա, այն մի օր պիտի կրակի»: Նման գործելաոճը Ռուսաստանը և Արցախը իրար կապող բազմադարյան ջերմ բարեկամությունը խաթարող հանգամանք է:

Ռուսաստանը հիմնականում ձգտում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակակշռություն պահպանել: Բայց վերոհիշյալ գործնական քայլերը այդ ծրագրին հակընդեմ են:

Իր ռազմավարական դիրքի և էներգոկիրների պաշարների պատճառով տարածաշրջանային գերակայության հաստատման համար առանցքային նշանակություն ունեցող Ադրբեջանի համար միմյանց հետ մրցակցում են մի կողմից ԱՄՆ, Արևմուտքն ու Թուրքիան և մյուս կողմից էլ՝ Ռուսաստանը:

Ներկայումս Ռուսաստան-Արևմուտք, ԱՄՆ ճգնաժամը ավելի է բարդացնում ստեղծված կացությունը: Այս հանգամանքը որոշակիորեն  ազդում է ղարաբաղյան հակամարտության և հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա: Աշխարհաքաղաքական դիմակայությունը Արևմուտքին և Ռուսաստանին ստիպել է առավել ակտիվացնել տարածաշրջանային, տվյալ պարագայում՝ Հարավային Կովկասում քաղաքականությունը: Եվ այդ մրցավազքի մեջ ինչ-որ առումով գերտերությունները դեպքից դեպք հակամարտության այս կամ այն կողմի հանդեպ փոխել են իրենց մոտեցումները:

2013 թ. օգոստոսին Եվրոմիության հետ Հայաստանի ասոցացման պայմանագրի կնքման նախաշեմին բավականին բարդացան հայ-ռուսական հարաբերությունները: Եվրասիական տնտեսական միություն մտնելուց հետո այդ հարաբերությունները նորից շտկվեցին: Բայց դրա փոխարեն բարդացան ՀՀ հարաբերությունները Արևմուտքի հետ:

Վերջին շրջանում Բրյուսել-Երևան կապերի սերտացման պայմաններում, նկատելի է Մոսկվա-Բաքու հարաբերությունների ջերմացման ընթացքը: Գերտերությունների աշխարհաքաղաքական հարաբերությունների խորացման  խորապատկերի վրա էլ ուրվագծվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը:

Վերջին շրջանում Ռոուհանի-Ալիև-Պուտին ձևաչափով հանդիպումները և Իրան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթգծի կառուցումը կարելի է ընկալել Հայաստանին մեկուսացնելու ևս մի փորձ, որը անվստահություն կառաջացնի հատկապես բարեկամ երկրների միջև և առավել կհեռացնի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման օրը:

Այդ ամենով  հանդերձ պետք է նկատենք, որ հիմնահարցը կարգավորելու համար Ռուսաստանի կողմից գործնական քայլերի բացակայությամբ հանդերձ, այդ երկիրը շահագրգռված է Հարավային Կովկասի իրադրության կայունացմամբ:

Ռուսաստանի սահմաների մոտ նոր պատերազմը, կարող է քաոս առաջացնել, իսկ դա անխուսափելիորեն ուղեկցվելու է ամբողջ տարածաշրջանում ազգամիջյան երկպառակություններով, միլիոնավոր մարդկանց կենսապայմանների կտրուկ վատթարացմամբ, ուրեմն նաև միգրացիոն նոր հոսքերով դեպի Ռուսատան, Կովկասյան լեռներով դեպի հյուսիս ազգայնամոլական ու ծայրահեղական տրամադրությունների տարածմամբ՝ պարարտ հող ստեղծելով ահաբեկչության և Ռուսաստանում ազգամիջյան հարաբերությունների բարդացման համար: Ռուսաստանը Կովկասում ունի յոթ ինքնավարություն և երկու երկրամաս: Հարավային Կովկասի կայունությունը Ռուսաստանի անվտանգության հարցն է:

Չնայած ԱՄՆ մեր տարածաշրջանից բավականին մեծ հեռավորության վրա է գտնվում, այնուամենայնիվ այդ գերհզոր երկիրը աշխարհի այս հատվածում իր շահերն ունի և Եվրոմիության միջոցով հիմնականում համաձայնեցված քաղաքականություն է վարում Անդրկովկասում և հարակից շրջանում:

Ռուսաստանի պարագայում ԱՄՆ-ի և Եվրոմիության մոտեցումները Ադրբեջանի և Հայաստանի և դրանով նաև պայմանավորված՝ ղարաբաղյան հակամարտության նկատմամբ միանշանակ չեն: Այն որոշակի ժամանակի և աշխարհաքաղաքական զարգացումների հոլովույթում փոփոխությունների է ենթարկվում: Զ. Բժեզինսկին գրել է. «Անկախ Ադրբեջանը կարող է դառնալ միջանցք Արևմուտքի համար դեպի էներգետիկ ռեսուրսներով հարուստ Կասպիականի ավազանը և Միջին Ասիա: Ամերիկայի կողմից հզորագույն աշխարհաքաղաքական աջակցության արժանի պետություններն են Ադրբեջանը, Ուզբեկիստանը և Ուկրաինան. այս երեքը աշխարհաքաղաքական կենտրոններ են»:

Արևմուտքն Ադրբեջանի և Միջին Ասիայի նկատմամբ քաղաքականությունը ձգտում է վարել վերջիններիս հետ էթնիկ, լեզվական, կրոնական, պատմամշակության կապեր ունեցող Թուրքիայի միջնորդությամբ: Այդ միջնորդավորված կապը նպատակ ունի բարձրացնել Թուրքիայի դերակատարությունը տարածաշրջանում: 2007թ. Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը նշել է. «Թուրքիան իր աշխարհագրական դիրքով և ՆԱՏՕ-ի անդամակցմամբ, կապող օղակ է հանդիսանում Ադրբեջանը Հյուսիսատլանտյան դաշինքին միավորելու համար»:

Նման մոտեցումները տարածաշրջանում միտված են լուծելու մի քանի հարցեր. ա) Արևմուտքը վերահսկողություն կսահմանի մերձկասպյան տարածաշրջանի էներգետիկ պաշարների վրա:

բ) Թուրքիային տարածաշրջանում դարձնելով տնտեսական և քաղաքական առաջնորդ, դրանով իսկ կթուլացնի Իրանի ազդեցությունը մահմեդական երկրների վրա:

գ) հնարավորինս կթուլացնի Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքը:

Այս ամենը լայն հեռանկար է բացում Թուրքիայի առջև պանթուրքիստական ծրագրերի իրագործման համար: Ի դեպ Թուրքիայի և Գերմանիայի միջև վերջին ամիսներին ստեղծված լարված վիճակը որակապես չի փոխի Արևմուտքի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող ռազմավարական հարաբերությունները և այդ ամենը կմնա որպես տարածաշրջանում Ռուսաստանին և Իրանին թուլացնելու միջոցներ:

ԱՄՆ և Եվրոմիությունը Ռուսաստանից հետ չմնալու համար վերջին շրջանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որոշակի ակտիվություն են ցուցաբերում և փորձում են գործնական  դերակատարություն ունենալ: Այդ ամենը տեսանելի է վերոհիշյալ երկրների պատասխանատուների ոչ միայն հայտարարություններից և համացանցում սփռված  նյութերից, այլ նաև գործնական որոշ քայլերից: Այսպես, 2012 թ. մայիսից սկսած առ այսօր ԱՄՆ 7 նահանգներ ճանաչել են Արցախի անկախությունը: ԱՄՆ ՀՀ-ից հետո միակ երկիրն է, որ Արցախում հումանիտար ծրագրերի իրագործման համար որոշակի գումար է հատկացնում: Ոչ պակաս ուշագրավ է ԱՄՆ Կոնգրեսում 2015 թ. ԱՀ անկախության տարեդարձը նշելու փաստը: ԱՄՆ կոնգրեսականները իրենց հերթին 2015 թ. հոկտեմբերին նամակով դիմել են Ջեյմս Ուորլիքին, հորդորելով շփման գծում լարվածության թուլացման համար համապատասխան քայլեր ձեռնարկել: 2016 թ. հունվարին կոնգրեսական Ռոյսի նախաձեռնությամբ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ղարաբաղյան հարցով փակ լսումներ կազմակերպվեցին: 2016 թ. ապրիլյան իրադարձությունից հետո կոնգրեսականները ԱՄՆ կառավարությանը կոչ են անում «աչք չփակել ադրբեջանական ագրեսիայի վրա»:

Վաշինգտոնը նմանատիպ քայլերով փորձում է նաև կանխել Ռուսաստանի ազդեցության մեծացումը Անկարայի, Երևանի և Բաքվի վրա: Դրա համար ԱՄՆ, ըստ էության, փորձում է թույլ չտալ, որ Ռուսաստանի և վերոհիշյալ երկրների միջև պայմանավորվածություններ կայանան ու գործնականում հաջողեն:

Գաղտնիք չէ, որ 1920-ական թվականներին Թուրքիան իր հեռագնա ծրագիրը իրագործելու նպատակով Ռուսաստանի բոլշևիկ ղեկավարներին համոզեց Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը նվիրաբերել խորհրդային Ադրբեջանին:

Նման պայմաններում Թուրքիայի օրվա իշխանությունները, շարունակելով նախորդ պատմաշրջանից ժառանգած հակահայկական մոտեցումները, 1991 թ. սկսած դիմում են ամեն միջոցի՝ ղարաբաղյան հարցը լուծելու հոգուտ Ադրբեջանի: Ավելին, Նախիջևանի վրա իր ազդեցությունը մեծացնելու և ՀՀ համար սպառնալիքներ ստեղծելու նպատակով փորձում են հզորացնել այդ երկրամասը: 2017 թ. հոկտեմբերի վերջին թուրքական իշխանությունները Նախիջևանի հետ անմաքս առևտրի որոշում կայացրին: Թուրք պաշտոնյաները տեղի ու անտեղի հայտարարում են, որ ամեն ինչ կանեն Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու համար:

Հայաստանի Հանրապետությանը և Արցախի Հանրապետությանը թուլացնելու, ինչու չէ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար Թուրքիան Հարավային Կովկասում ձգտում է ստեղծել Անկարա-Թբիլիսի-Բաքու եռանկյունին: Այդ ամենի գործնական արտահայտությունները դարձան Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի և Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցումը:

Ինչ էլ որ անեն, Թուրքիան և Ռուսաստանը Կովկասում եղել և կմնան որպես ռազմաքաղաքական մրցակիցներ, եթե ոչ թշնամիներ: Չմոռանանք, որ վերջին 400 տարում Թուրքիայի և Ռուսաստանի միջև տեղի է ունեցել 12 պատերազմ՝ 69 տարի տևողությամբ:

Ժամանակակից Թուրքիայում վերհիշել են պանթուրքիստական ծրագրերը: Ղրիմը, հյուսիսային Կովկասի սուննիաբնակ տարածքները Թուրքիայի և Ռուսաստանի համար կմնան որպես ցավոտ կետեր:

Թուրքիային և Ռուսաստանին իրար հետ այսօր ավելի շատ կապում է տնտեսական շահը: Չմոռանանք, որ երկու երկրների միջև տարեկան ապրանքաշրջանառությունը հատում է 30 մլն դոլարի շեմը:

Ռուս-թուրքական ներկայիս կայուն հարաբերությունները նպաստում են Անդրկովկասում խաղաղության պահպանմանը: 2016 թ. ապրիլին ղարաբաղյան ճակատում ռազմական գործողությունները նաև ռուս-թուրքական թշնամական հարաբերությունների հետևանք են: Թուրքիան դրանով փորձում էր Ռուսաստանին զգացնել տալ իր գոյության մասին:

Անկարայում գիտակցում են, որ Ադրբեջանը Թուրքիայի և Ռուսաստանի հետ վարում է կոմպլեմենտար քաղաքականություն: Իհարկե, Թուրքիան կցանկանար ազատվել Ադրբեջանի արտաքին քաղաքական շահերն իր հաշվին սպասարկելուց, բայց Էրդողանը և նրա շրջապատը հասկանում են, որ չեն կարող անտեսել ազգայնական տրամադրություններ ունեցող ընտրազանգվածին:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում տարածաշրջանային գերտերությունների ակտիվության խորապատկերի վրա Արցախի Հանրապետության համար կարևորվում է մեզ բարեկամ երկրի՝ Իրանի իսլամական հանրապետության ցուցաբերած մոտեցումները:

Արաքսից այն կողմ ապրող իրանցի ժողովուրդը դարերի ընթացքում ապացուցել է, որ իր երկրի և Արցախի շահերը կարելի է համադրել և ապրել խաղաղ գոյակցության և բարիադրացիական հարաբերությունների մեջ: Միջնադարի վերջին շրջանում Խամսայի մելիքությունների գոյությունը հենց դրա վառ ապացույցն է: Իրանի հզոր պետությունը հանդուրժեց իր կողքին ունենալ ինքնավար կարգավիճակ ունեցող մի երկիր: Ամենայն հավանականությամբ այդ ամենի մեջ իր կարևոր նշանակությունն է ունեցել հազարամյակների խորքից եկող մեր երկու ժողովուրդների էթնոմշակութային ընդհանրությունը:

Իրանը մինչև 1997 թ. ոչ միայն դրական դերակատարություն է ունեցել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, այլ նաև Արցախի հանրապետության հետ ունեցած իր հարաբերություններում նորից հավաստել է, որ մեզ համար մնում է որպես բարեկամ երկիր:

Կարծում ենք, 1994 թ. առայսօր Արցախի Հանրապետության և Իրանի միջև ձգվող 138 կմ երկարություն ունեցող սահմանի գոյությունը երկու երկրների անվտանգության պահպանման տեսանկյունից միայն ու միայն շահեկան է:

Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում Ադրբեջանը նավթադոլլարները շարունակում է ուղղել ռազմական բյուջեի ավելացմանը և մեծ քանակությամբ հարձակողական սպառազինության ձեռք բերմանը: Այս ամենը կարող է խախտել ստեղծված հավասարակշռությունը և վտանգի տակ դնել Արցախի արաքսամերձ շրջանները: Այդ վտանգի չեզոքացման համար Իրանի Իսլամական հանրապետության և Արցախի հանրապետության միջև համագործակցության լայն ասպարեզ կա: Վերջին 23 տարիների ընթացքում (1994-2017 թթ.) արցախյան կողմը դեմ է եղել տարածաշրջանում հակամարտության շրջանում որևէ երկրի կողմից խաղաղապահ ուժերի տեղակայմանը: Այս հանգամանքը նորից բխում է մեր երկու երկրների անվտանգության  շահերից: Հետևաբար ունենալ կայուն և զարգացող Արցախի Հանրապետություն, նշանակում է՝ ինչ-որ ձևով նպաստել նաև մեր բարեկամ երկրի անվտանգության պահպանմանը: Մանավանդ, ադրբեջանաիսրայելական հարաբերությունների ջերմացման, ռազմական ասպարեզում համագործակցության՝ կապված զենքի վաճառքի ու համատեղ զինատեսակների արտադրության և Ադրբեջանում տեղակայված իրանական ատոմային ծրագիրը հսկող իսրայելական էլեկտրոնային հետախուզական սարքերի գոյության պայմաններում վերոհիշյալ վտանգների հաղթահարումը ավելի արդիական է դառնում:

Գտնում ենք, որ ժամանակն է նաև Արցախի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև երկկողմանի հարաբերությունների ձևավորմանը:

Վերջին տարիներին Իրանի պաշտոնական որոշ շրջանակներ հայտարարում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար Իրանը ունի համապատասխան ծրագիր: Մասնավորապես, Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինը 2014 թ. փետրվարի 2-ին «Գյուն-ազ» կայքին տրված հարցազրույցում նշել է. «Իրանը ԼՂ հակամարտության լուծման վերաբերյալ մշակված ծրագիր ունի, սակայն այդ ծրագիրը այն դեպքում օգտակար կլինի, երբ Հայաստանն ու Ադրբեջանը աջակցեն դրան, հետևաբար քանի դեռ աջակցություն չեն հայտնել, Իրանը հակված չէ հրապարակել իր ծրագիրը»: Եթե կա նման ծրագիր, երևի ճիշտ կլինի այն սկզբում քննարկել Արցախի հանրապետության պատասխանատուների հետ, որովհետև առանց արցախահայության մասնակցության անհնարին կլինի լուծել այդ հակամարտությունը:

Իրանի ԱԳ խոսնակ Բահրամ Քասեմին 2017 թ. մայիսի 1-ին հայտարարել է. «Կարգավորել ԼՂ հակամարտությունը առանց ժողովրդի դերակատարությունը հաշվի առնելու, անհնար է: Ժողովրդի դերը կարգավորման գործում որոշիչ է լինելու»: Իրանական կողմի նման սթափ մոտեցումը ավելի գործնական հուն տեղափոխելու պարագայում ԼՂ հակամարտության կարգավորումը առավել դյուրին կդարձնի:

Վերոհիշյալից արվելիք եզրակացությունը մեկն է. բարի կամեցողության դեպքում ԼՂ հակամարտությունը կարելի է լուծել, և, երկրագնդի այս հատվածում ապրող ժողովուրդների փոխշահավետ համագործակցության մթնոլորտ ստեղծելով, տարածաշրջանում ապահովել երկարատև խաղաղություն ու բարգավաճում: