Ստեփանակերտում մեկնարկել են միջազգային տնտեսական ֆորումի աշխատանքները
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում մեկնարկել են Արցախի ներդրումային հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատի և «Իվենսենթր» միջոցառումների սպասարկման կենտրոնի կողմից կազմակերպված միջազգային տնտեսական երկօրյա ֆորումի աշխատանքները՝ նվիրված Արցախի ներդրումային հիմնադրամի գործունեության 10-ամյակին:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Արցախի հանրապետության ներդրումային քաղաքականությունը: Պետական-մասնավոր համագործակցությունը՝ որպես երկրի տնտեսության գլոբալ զարգացման հիմք» խորագիրը կրող համաժողովին, բացի Արցախից և Հայաստանից, պատվիրակություններ են մասնակցում նաև Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից, Վրաստանի, Մերձդնեստրի Մոլդովական և Հարավային Օսիայի հանրապետություններից:
Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել ԱՀ պետական նախարար, Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Ողջունելով ներկաներին՝ Ա. Հարությունյանն ասել է, որ Ներդրումային հիմնադրամի կարևոր առաքելություններից մեկը եղել է այն, որ կարողացել է բանկերի տրամադրած վարկերի տոկոսների սուբսիդավորմամբ մատչելի ֆինանսական միջոցներ ապահովել տնտեսության համար: «Արդյունքում ՀՆԱ-ի տարեկան 8-10 տոկոս իրական աճի ապահովման գործում մեծ է եղել հիմնադրամի դերը, և, շնորհիվ կատարված բոլոր այդ աշխատանքների, 2017թ.-ին Արցախում կանխատեսվում է ՀՆԱ-ի արդեն ռեկորդային՝ ավելի քան 15 տոկոս աճ»,- ասել է Ա. Հարությունյանը:
Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Արտակ Միրզոյանը, ամփոփելով 10 տարիների գործունեությունը, նշել է, որ հիմնադրամն Արցախում ձեռնարկատիրության զարգացմանն ու քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված պետական աջակցության բազմաթիվ ծրագրեր է իրականացրել: Նա ընդգծել է, որ հիմնադրամի գերակա ուղղություններից է ՓՄՁ սուբյեկտներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագիրը:
Ա. Միրզոյանն ավելացրել է, որ վերջին տասը տարիների ընթացքում հիմնադրամը կատարել է մոտ 16.7 միլիարդ դրամի ներդրումներ «Ֆիդես» հիփոթեքային ընկերության, «Արմատ» ՍՊԸ, «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ, «Ստեփանակերտ-Սերվիս» ՍՊԸ, «Էներգիա Պլյուս» ՍՊԸ, «Արցախֆրութ», «Արցախբանկ» ՓԲԸ-ների և «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ կանոնադրական կապիտալներում:
Համաժողովին ողջյունի խոսքով հանդես են եկել նաև Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Յուրկանը և Հարավային Օսիայի Հանրապետության տնտեսական զարգացման նախարար Գենադի Կոկոևը:
Համաժողովի ընթացքում հուշագիր է ստորագրվել ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի և Արցախի ներդրումային հիմնադրամի միջև: ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը պատվոգրով և ոսկե մեդալով պարգևատրել է ԱՆՀ տնօրեն Ա. Միրզոյանին:
Ֆորումի ընթացքում Արցախի ներդրումային հիմնադրամի գործունեության 10-ամյակին նվիրված ֆիլմ է ցուցադրվել:
Նշենք, որ համաժողովի շրջանակներում անց են կացվելու պլենար և սեկցիոն նիստեր, ինչպես նաև կազմակերպվելու են կոնտակտային բորսա և բիզնես-հանդիպումներ: