Սոցիալիստական երիտասարդների միջազգային միության ներկայացուցիչները հանդիպել են ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամներին
30.09.2017թ. 16:22:21

Սոցիալիստական երիտասարդների միջազգային միության (IUSY) անդամ միջազգային երիտասարդական քաղաքական կազմակերպությունների երիտասարդները սեպտեմբերի 30-ին խորհրդարանի նիստերի մեծ դահլիճում հանդիպել են ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամներին:

Ողջունելով  երիտասարդներին՝  խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը խոսել է «Դաշնակցության»՝ խորհրդարանում ներկայացված  սոցիալիստական խմբակցության՝ պետականաշինության, խորհրդարանական գործունեության  և արտաքին քաղաքականության բնագավառներում ունեցած դերի մասին: Արմեն Սարգսյանը ներկայացրել է Արցախյան հիմնահարցը՝ շեշտելով, որ ոչ թե տարածքներն են որոշում ժողովրդի ճակատագիրը, այլ ինքնորոշումից է բխում տարածքային հարցը:

Արմեն Սարգսյանը և խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը, պատասխանելով երիտասարդների առաջադրած հարցերին, անդրադարձել են Արցախի խորհրդարանի կառուցվածքին, կին և տղամարդ պատգամավորների համամասնությանը, խորհրդարանում երիտասարդների ընդգրկվածությանը, այս պահին քննարկվող օրենսդրական նախագծերին, իշխանություն և ընդդիմություն ներկայացնող խմբակցությունների համագործակցությանը:

Ամփոփելով հանդիպումը՝ Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայ Հեղափոխական Դաշնակցության և սոցիալիստական երիտասարդների միջազգային միության կապն այսուհետ ավելի կամրանա: