«Սոսե» մանկապարտեզը դառնալու է յուրօրինակ եկեղեցի, որի քահանան հայ կինն է լինելու
06.09.2017թ. 15:15:20

Արցախի ազատագրական պատերազմի օրերին հիմնված ՀՕՄ-ի Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզն այսօր իր նոր շենքի դռները բացեց հարյուրավոր սաների առջեւ:

ԱՀ նախագահ Բակո Սահակյանը երախտագիտություն է  հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այս հայրենանվեր նախաձեռնության իրականացմանը՝ մեր ժողովրդի հոգսերով ապրելու, հայրենիքին միշտ օգտակար լինելու պատրաստակամության համար:

IMG_9343

«Արցախի նախադպրոցական հաստատությունների շարքում կարեւոր դերակատարություն ունի «Սոսե» մանկապարտեզների ցանցը, որը հիմնադրվել է Սփյուռքի մեր հայրենակիցների ջանքերով եւ հանդիսանում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության յուրահատուկ մի խորհրդանիշ»,- ասել է Բակո Սահակյանը:

Հազարավոր հայեր աշխարհի ամենատարբեր անկյուններից մեկտեղվել են ընդհանուր նպատակի շուրջ՝ ստեփանակերտցի երեխաներին հարմարավետ ու գեղեցիկ մանկապարտեզ նվիրելով: Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը օրհնել է նորակառույց մանկապարտեզը եւ հանդես եկել ելույթով.

IMG_9345

«Այս նորակառույց շինությունը պետք է դառնա մեր մանուկների համար օջախ, որտեղ նրանք պետք է  ստանան հայեցի դաստիրակություն եւ հասակ առնեն հավատքի եւ հայրենասիորթյան մեջ: Մեր ազնիվ ու նվիրյալ ՀՕՄ-ուհիները կյանքի կոչեցին այս գեղեցիկ ծրագիրը, որը նման է եւս մի ռազմավարական բարձունքի նվաճմանը: Աստված հավերժ օրհնի ՀՕՄ-ուհիներին, մեր մանուկներին ու դաստիարակներին, մեր հայրենիքն ու ազգին»,-ասել է Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Մանկապարտեզի նոր շենքի բացման արարողության ժամանակ ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետուհի Կարոլին Շմավոնյանն իր ելույթում նշել է, որ մանկապարտեզի նոր շենքի կառուցումը հիմնաքար է հայոց պատմության էջերում եւ իր դռներն է բացում իբրեւ կոթող:

IMG_9282

«Հայ ազգի ամենաթանկագին գանձերը մեր մանուկներն են՝ մեր պատմության, մշակույթի եւ ինքնության գոյատեւման իրականացումը երաշխավորող անփոխարինելի գրավականը: Այս խոր համոզումով եւ նվիրումով առաջնորդված ՀՕՄ-ը 107 տարի շարունակ մայրական հոգատարությամբ  նվիրված է մատաղ սերնդի հայեցի դաստիրակությանը»,- ասել է Կարոլին Շմավոնյանը:

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՕՄ-ի պատասխանատու Հակոբ Տեր-Խաչատրյանը, դիմելով աշխարհի տասնյակ երկրներից Արցախ ժամանած ՀՕՄ-ուհիններին, նշել է, որ ՀՕՄ-ը իր գործունեությունը սկսել է հայոց պատմության ամենաճակատագրական պահին եւ ստանձնել է օգնության խաչ լինելու պատասխանատվությունը:

IMG_9287

«Որպես ՀՅ Դաշնակցության քույր կառույց, ՀՕՄ-ը թիկունք է կանգնել հայ ժողովրդին եւ պատվով կատարել իր գործը: Արցախի գոյամարտի առաջին օրերից ներկա էիք Արցախում՝ տարբեր ծրագրերով, որի արգասիքն է այսօր «Սոսե» մանկապարտեզների ցանցը: Արցախը ոչ միայն պետք է գոյատեւի, այլ բարգավաճի, ընդարձակվի եւ միանա Հայաստանին»,- ասել է Հակոբ Տեր-Խաչատրյանը եւ հաղթական երթ մաղթել ՀՕՄ-ի կառույցին:

Օրինակելի իր մտահղացմամբ, թանկ՝ բովանդակությամբ ու անունով ՀՕՄ-ի Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզն այսուհետ քաղաքի զարդերից մեկն է լինելու: Մանկապարտեզի վերաշինության հանձնախմբի ատենապետուհի Անժել Մանուկյանը դիմելով միջոցառման ներկաներին նշել է, որ ՀՕՄ-ը հավիտյան կապված կմնա հայրենի հողի եւ հայ ժողովրդի հետ.

IMG_9292

«Որպես հայ մայր, որպես ՀՕՄ-ուհի, բարոյական պարտականություն ունեմ ծառայելու հայրենիքին եւ նրա զավակներին: Արցախն իր ազատագրված տարածքներով հավիտյան պետք է մնա միաձուլ»,-շեշտել է Անժել Մանուկյանը:

ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհու պարտականությունները ստանձնած Ռուզաննա Աբրահամյանը, դիմելով ներկաներին, շեշտել է.

IMG_9319

«Սոսե մանկապարտեզը դառնալու է յուրօրինակ եկեղեցի, որի քահանան հայ կինն է լինելու: Եթե հայ կինը կարող  է այսպիսի շքեղություն  կերտել, ապա ինչեր կարող են անել մեր այրերը»,- նշել է Ռ. Աբրահամյանը եւ ընդգծել, որ այս շենքից դուրս են գալու նպատակասլաց եւ գիտությանն ու աշխատանքին նվիրված սերունդներ:

Լուսինե Թեւոսյան