Սա Հայաստա՛ն է և վերջ
18.04.2017թ. 12:31:32

ՀՀ Ազգային ժողովի քարոզարշավի ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանի միջոցով առաջ քաշված զիջողական մոտեցումները, հնչեցրած մեղադրանքները և պարտվողական ու հուսահատական մոտեցումներն իրենց հետևանքներն են թողել նաև հետընտրական քաղաքական-հասարակական բանավեճերի և վերլուծությունների վրա:

Դեռևս 2008թ. ՀՀ նախագահական ընտրությունների թե՛ նախապատրաստական և թե՛ քարոզչության ընթացում ՀՀ առաջին նախագահն արթնացրեց անցյալ դարում թողնված «ղարաբաղցի-հայաստանցի» անթույլատրելի և ապազգային հասկացությունը: Այն ժամանակ քաղաքական բեմում «ղարաբաղյան կլանն» էր խնդրո առարկա, իսկ այժմ Հայաստանի բոլոր անհաջողությունների և առկա հոռի երևույթների պատճառն այլ բան չէ, քան Ղարաբաղը: Այս մոտեցումերը և, դեռ ավելին, 1992 թվականից սկսած` ԼՏՊ-ի վերաբերմունքը Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի և Արցախում ձևավորված իշխանությունների հանդեպ` այլ բան չէր, քան ազգային երկպառակտման սերմերի տարածում:

Նախ` պետք է բոլորի համար հստակ և անվիճելի դառնա այն, որ չկա միմյանցից առանձին Ղարաբաղ և Հայաստան: Կա մեկ Հայաստան, որն իր մեջ պարունակում է թե՛ Ղարաբաղը, թե՛ Սյունիքը, թե՛ Շիրակը … և թե՛ Վանն ու Սասունը: Դա անվիճելի է: Ուրեմն, ինչպես չի կարող լինել շիրակցի ու հայաստանցի տարանջատված հասկացություն, այնպես էլ չի կարող լինել ղարաբաղցի ու հայաստանցի:

Հենց այստեղից էլ սկսում է բուն խնդիրը: Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու կամ Գեղարքունիքի բնակչի մոտ սկսում է այն մտայնությունը, թե ինչու ինքը, որպես «հայաստանցի», պետք է գնա պաշտպանի «ղարաբաղցու» սահմանները: Հարցը ավելի խորքային է դառնում, երբ որոշ «վերլուծաբաններ» մեջտեղ են բերում մեր հայության ներուժին միայն մի ուղղությամբ կենտրոնացնելու հարցը, հատկապես տնտեսական ոլորտում: Այսպես շարունակվելով` հասնում ենք արդեն հերոսության ու զոհաբերության առ ու տուրի` ով ինչքան է զոհաբերում, ով է իրական հերոսը, նողկալի բանավեճերի:

Իսկ այս բոլորը` չարիք սերմանող, ներուժը մսխող, մեզ մեր միջից ուտող, անընդունելի և անթուլատրելի մթնոլորտը, ստեղծվում է միայն  այն ժամանակ, երբ քաղաքական դաշտի դերակատարները պատրաստ չեն հաղթանակը յուրացնել: Պատրաստ չեն հաղթանակի վրա կառուցել անելիքը: Կարծես թե անհարմար են զգում հաղթելուց և վախենում, որ ահա հիմա մեզնից հզորը կոչնչացնի ոչ միայն մեր հաղթանակը, այլ նաև մեզ: Դա շարունակությունն է «մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպան լինելու մեջ է»` բազմիցս ձախողված և պարտված տերպետրոսյանական մտայնության:

Սթափվել է պետք, իսկ սթափվելու համար մեկ անգամ ևս հիշենք Լեոնիդ Ազգալդյանի հիշարժան խոսքը. «Սա Հայաստա՛ն է և վերջ: Ո՛չ ոք չի կարող ասել, որ սա Հայաստանը չէ, ո՛չ ոք իրավունք չունի սա վաճառքի դնել, փոխանակման դնել, հանձման դնել, ինչպես նաև` մնացած Հայոց հողերը: Ո՛չ մի տեսակի գաղափար չի կարող արդարացնել Շահումյանի, Գետաշենի, Արցախի հանձնումը …»:

«Ապառաժ»-ի խմբագրական, 18 ապրիլ 2017թ.