ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչները հանդիպեցին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչները հանդիպեցին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ

ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչները հանդիպեցին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ

ՀՅԴ Արցախի կառույցն արձագանքել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի՝ ներկայացված Սահմանադրության նախագիծը քննարկելու  առաջարկին:

 

Նոյեմբերի 21-ին  ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչները, այդ թվում՝ Արցախի ԿԿ անդամներ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներ եւ մի շարք ընկերներ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ քննարկել են Սահմանադրության վերաբերյալ ՀՅԴ կառույցի կողմից ներկայացված գրավոր առաջարկները:

 

ՀՅ Դաշնակցության կողմից ներկայացված առաջարկների հիմնական բաժինը վերաբերում էր երկրի կառավարման համակարգում Ազգային Ժողովի դերակատարության բարձրացմանը:

 

Հանձնաժողովի կողմից նշվել է, որ ելնելով ընդհանուր հայեցակարգից, Սահմանադրությունը հիմք է ընդունել նախագահական կառավարման համակարգը եւ սույն սկզբունքից ելնելով, կառավարությունը կազմվելու է արտախորհրդարանական եղանակով:

 

Սահմանադրության նախագծի «Արցախի Հանրապետության իրավազորության սահմանները» բաժնում, ըստ Դաշնակցության՝ պետք է հստակ ամրագրվի ԼՂՀ տարածքը:

 

Մասնագիտական հանձնաժողովի անդամները նշել են, որ տարածքների ամրագրման հարցը շոշափվել է զանազան քննարկումների ընթացքում: Այդ ուղղությամբ արված բոլոր առաջարկները քննարկվելու են եւ արդյունքում կընտրվի լավագույն տարբերակը:

 

Բացի վերը նշված հարցերից, քննարկվել են նաեւ մի շարք առաջարկներ, որոնց մի մասը քննարկման եւ վերանայման նյութ է դառնալու հանձնաժողովի կողմից:

 

Ըստ հանձնաժողովի նախագահի, նախագիծը ներկայացվել է ԼՂՀ նախագահին: Քանի որ քննարկումների 10 օրը չի բավարարել, առաջիկա 10 օրերին նախագահը շարունակելու է հանրային քննարկումները՝ ընդլայնելով քննարկումների մասնակիցների կազմը: Դեկտեմբերի 10-ին նախագիծն ուղարկվելու է Ազգային Ժողով, որտեղ քննարկվելու է մինչև հունվարի կեսը, որից հետո օրենսդիր մարմինը հաստատված Սահմանադրության նախագիծը հունվարի 20-ին ներկայացնելու է նախագահին՝ հանրաքվե անցակցնելու առաջարկությամբ: Ըստ նախնական ժամանակացույցի՝ հանրաքվեն կանցկացվի  փետրվար-մարտ ամիսներին:

1