Ռուսաստանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում կաջակցի ԵԱՀԿ նախագահությանը
12.01.2018թ. 15:10:57

Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում շարունակելու է աջակցել ԵԱՀԿ-ում 2018 թվականին նախագահող Իտալիայի ջանքերին: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

«Տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործով ԵԱՀԿ գործադրած ջանքերի հարցում մենք լիարժեքորեն կիսում ենք Իտալիայի տրամադրվածությունը»,- հայտարարել է Լուկաշևիչը՝ նշելով, որ դա նախ և առաջ վերաբերում է Ուկրաինայի արևելքում առկա ճգնաժամին:

ՌԴ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ չի կարելի թուլացնել ջանքերը նաեւ այլ հակամարտությունների կարգավորման գործընթացներում:

«Մենք աջակցելու ենք Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման գործում ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության ջանքերին: Բարձր ենք գնահատում ԵԱՀԿ-ի դերը՝ Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև երկխոսությանն աջակցելու հարցում, Անդրկովկասում անվտանգության մասին ժնևյան միջազգային քննարկումների շրջանակում»,- հայտարարել է Ալեքսանդր Լուկաշևիչը: