Ռազմական լրագրության զարգացման հեռանկարներն Արցախում
19.05.2017թ. 19:52:16

Մայիսի 19-ին ԱրՊՀ-ում կայացել է «Ռազմական լրագրության զարգացման հեռանկարներն Արցախում» թեմայով քննարկում, որին հրավիրված էին ոլորտի մի շարք պատասխանատուներ, լրագրողներ, դասախոսներ, ուսանողներ:

ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը ողջունելով նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, նշեց, որ հենց շահագրգիռ քննարկումների, զրույցների, բանավեճի արդյունքում կարող ենք հասնել ճշմարտության:

Կլոր սեղան-քննարկմանը հրավիրված էին Արցախի ՊԲ մամուլի քարտուղար, գնդապետ Սենոր Հասրաթյանը, Արցախի Ժուռնալիստների միության  նախագահ Կիմ Գաբրիելյանը, 1990-ականներին առաջնագծում լրագրողական գործունեություն ծավալած, այժմ պատգամավորներ  Վարդգես Բաղրյանն ու Վարդգես Ուլուբաբյանը, Պաշտպանության բանակի «Մարտիկ» պաշտոնաթերթի խմբագիր Սուրեն Սարումյանը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանը և ուրիշներ: Հրավիրյալները խոսել են ռազմական դրության պայմաններում լրատվության ներկայացման առանձնահատկությունների ու դրանց կարևորության մասին, պատասխանել հետաքրքրող հարցերին:

Անդրադառնալով Արցախում ռազմական լրատվության ներկայիս վիճակի մասին հարցին, Սենոր Հասրաթյանն ասաց, որ տեղեկատվական աշխատանքների կազմակերպումը հիմա ավելի արհեստավարժ հիմքերի վրա է, քան 1992-1994թթ.:

«Ապրիլյան օրերին մենք կարողացանք միանգամից փոխել մեր ցանցը, եթերի տևողությունը, ձևաչափը՝ փորձելով տալ բոլոր հարցերի պատասխանները»,- նշեց Նորեկ Գասպարյանը և ավելացրեց, որ այս տարիներին պետության, բանակի կողքին կայացել է նաև հեռուստատեսությունը:

Գրականության և լրագրության ամբիոնի վարիչ Շուշան Ասկարյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշեց, որ նախորդ տարվա ապրիլյան ռազմական իրադարձություններից հետո Լրագրության բաժնում ավելացվել է ռազմական լրագրության  մասին դասընթաց, որի շրջանակներում էլ հրավիրվել է կլոր սեղան-քննարկումը: