Ջուրը եւ ամառը
22.07.2017թ. 11:53:23

Ամառային շրջանում մայրաքաղաք Ստեփանակերտի  բարձրահարկ շենքերի բնակիչները  ջրի խնդիր են ունենում: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տնօրեն Մարտիկ Հայրապետյանի հետ:

– Պարոն Հայրապետյան, արդյո՞ք ամառային շրջանում ջուրը բավարարում է ստեփանակերտցիներին։

– Ջրի բավարարելու-չբավարարելու քանակական ճշգրիտ փորձաքնությունն անցել ենք 2014-2015 թվականներին․ 80 օր չոր երաշտ կլիմայական պայմաններում կարողացել ենք ջրով բավարարել քաղաքացիներին։ Այսօր չունենք այդ խնդիրը։

Շուջօրյա ջրամատակարարման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ էր մոտ 20 միլիոն ԱՄՆ դոլար։ Այն ամենահեռանկարային եւ ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերից մեկն է։

Այսօրվա դրությամբ քաղաքի բնակչության 99,9 %-ն ապահովված է շուրջօրյա ջրով։ Աշխատանքները դեռեւս ավարտված չեն Աջափնյակ եւ Կրկժան թաղամասում։ Ունենք նաեւ Իսակով 4, 4 ա, Մաշտոցի 5ա, 3, 4, 4ա շենքերի 5-րդ եւ Հեքիմյան 14 ա շենքի վերջին հարկերի խնդիր։ Ինտենսիվ ծախսի ժամանակ՝ առավոտյան, երեկոյան եւ ոչ աշխատանքային օրերին, օրվա կարգավորվող ջրամբարների ջուրը չի հասցվում վերջին հարկերին։ Ենթադրում ենք, որ այս շենքերի շինարարության ընթացքում է ինչ-որ խնդիր բաց թողնվել։ Պետք է ստուգենք ամբողջ խողովակաշարը։

Հիմնականում ջուրը ստանում ենք մակերեւութային ջրերից՝ Վարարակն,  Րակետ եւ Մեղրագետ գետերից։ Նաեւ օգտագործում ենք արտիզանների ջրերը։

Ընկերության կողմից իրականացվել են մեծածավալ ցանցային աշխատանքներ։ Կիրառվել են նորամուծություններ ջրամատակարարման շուրջօրյա տարբերակը պահպանելու համար։ Տարիների փորձը ցույց է տվել, որ թերությունները կապված են ըստ գոտիների բնակչության խտության անհավասարաչափ լինելու հետ։ Տարբեր գոտիներ իրար հետ միացնելով, որոշ տեղեր՝ ինքնահոս, որոշ տեղեր՝ պոմպերի տեղադրումով շտկել ենք այդ խնդիրը, որպեսզի ինտենսիվ սպառման ժամանակահատվածներում՝ առավոտյան, երեկոյան եւ ոչ աշխատանքային օրերին, ջուրը ըստ ծախսի բախշվի։

Կառուցել ենք արդիական նոր աղբյուրակապեր։ Եթե նախկինում գետերի, աղբյուրների ջուրը հասցվում էր քաղաք ու մաքրվում Ստեփանակերտի զտիչ կայաններում, ապա աղբյուրակապերից սկիզբ առնող ջրերը մաքրվում եւ նախապատրաստվում են  տեղում։ Այս արդիական մոտեցումը կարեւոր ձեռքբերում է։

Քաղաքացիներին կխնդրեի ջրի նկատմամբ մի քիչ խղճով վերաբերվել։ Անխնա օգտագործում են ջուրը՝ մտածելով, որ վճարելով ջրի դիմաց՝ կարող են անխնա օգտագործել։ Սակայն, իրականում մեր նախապատրաստած ջրի ինքնարժեքը 180 դրամ է, այնինչ սակագինը 100 դրամ է։

– Որքանո՞վ է մաքուր ջուրը, եւ ի՞նչ վիճակում են գտնվում զտիչ կայանները։

– 2012թ. թվականին ահագին տեխնոլոգիական նորամուծություններ ենք կատարել եւ կայանը հարմարեցրել մեր ջրի բնույթին։ Հոկտեմբերին շահագործման հանձնվեց առաջին զտիչ կայանը՝ հագեցած արդի նոր սարքավորումներով: Նոր սարքավորումները գերմանական են եւ, բնականաբար, համապատասխանում են եվրոպական չափանիշներին: Ինչպես ամենուր,  սարքավորումների արդիականացումը բարձրացնում է արտադրողականությունը և ինքնաբերաբար իջեցնում ինքնարժեքը։

Ջրմուղ-կոյուղու լաբորատորիան կազմված է երկու բաժնից՝ մանրէաբանական եւ քիմիական: Նոր սարքավորումների շնորհիվ մանրէաբանական հետազոտությունները կատարվում են այլ եղանակով՝ ըստ ՀՀ առողջապահության նախարարության հատուկ մեթոդական ցուցումների: Շնորհիվ զտման ժամանակակից սարքի` հետազոտության արդյունքներն ստանալու համար չի ծախսվում ոչ ժամանակ, ոչ էլ ծավալուն աշխատանք. տվյալները մտցնելուն պես զտման սարքն անմիջապես ցույց է տալիս ջրի ցուցիչները, ինչը մի քանի անգամ թեթևացնում է աշխատանքը եւ խնայում ժամանակը:

Զտիչ կայան համար 1-ը կարողանում է լիարժեք կատարել ջրի զտումը։ Զտման այս տեխնոլոգիան առաջինն  է Ղարաբաղում, իսկ Հայաստանի Հանրապետությունում այս մեթոդով ջուրը զտվում է միայն Դիլիջանում եւ Բերդում։

Այսօրվա դրությամբ Ստեփանակերտի 41 աղբյուր-ցայտաղբյուրներից չի գործում միայն երկուսը, որը մենք ստիպված ենք անջատել։ 2014-2015  թվականներին մեր ընկերության եւ հակահամաճարակային ծառայության անցկացրած փորձաքնության արդյունքները ցույց են տվել, որ այստեղ կան մեծ քանակությամբ բակտերիաներ, որոնք ռիսկի գործոն են հանդիսանում բնակիչների առողջության համար։ Խնդիրը նրանում էր, որ 9-րդ դպրոցի հարեւանությամբ տեղակայված առանձնատներում կոյուղու համակարգ գոյություն չուներ, կեղտաջրերը թափվում էին այն ձորը, որտեղից այդ աղբյուրը դուրս էր գալիս մակերեւույթ։ Ջուրը բակտերիաներ պարունակած էր դուրս գալիս ընդերքից։

Մի տարի է, ինչ երկու կոյուղագիծ է կառուցվել այդ թաղամասի սեփական տների համար եւ հունիսին արված փորձաքնությունում գրանցվել են առաջին արդյունքները․ աղբյուրակապը սնվում էր հինգ տեղից, եւ սրանցից մեկի արդյունքները լրիվ բավարարել են։ Երեք անգամ ստուգել ենք․ մյուս չորս աղբյուրակապերում բակտերիաների նվազման տենդենց կա։ Քաղաքապետարանը հավանության է արժանացրել աղբյուրակապը առանձին գծով օգտագործելու՝ ընկերության առաջարկը։ Նախագիծը պատվիրվել է եւ աշխատանքներն սկսվել են։ Նախատեսում ենք օգոստոսին ավարտել նոր ցանցի շինարարությունը։

– Ձմեռային շրջանում ունենո՞ւմ ենք խողովակների սառցակալման խնդիր։

-2014-15 թվականներին ունեցել ենք ավելի քան 187 սառցակալման դեպք, նույնիսկ ունեցել ենք մի շաբաթվա մեջ կրկնվող սառցակալում։ 2016-ին ունեցել ենք երկու դեպք, 2017-ին սառցակալման դեպք չենք ունեցել։

– Ի՞նչ վիճակագրություն է գրանցվել՝ կապված վթարների հետ:

-Ստեղծված է արագ արձագանքման վթարային բրիգադ, որն աշխատում է 9:00-ից  մինչև 24:00-ն, կիրակի օրը՝ մինչև կեսօր: Դրա արդյունավետ աշխատանքի կապակցությամբ մեծ թվով շնորհակալություններ ենք արձանագրում բնակիչների կողմից: Աշխատում է նաև շուրջօրյա թեժ գիծ (23-01 բջջային անվճար կարճ համարով և քաղաքային` 94-58-71), որոնց միջոցով նույնպես արագ լուծվում են քաղաքացիների ջրի եւ կոյուղագծերի վթարային խնդիրները: 2016-ին «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն ստացել է 4187 բողոք։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ քչացել են ջրամատակարարման հետ կապված վթարները։

– Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք նախատեսված։

– Շարունակվում են երկրորդ զտիչ կայանի կապիտալ վերանորոգման աշխատանքները։ Ապրիլյան դեպքերի պատճառով դադարեցվել է ֆինանսավորումը։ Կայանի վիճակը ջրի որակի վրա մեծ ազդեցություն չունի, բայց ջրի նախապատրաստման տեխնոլոգիայի պահանջները 100%-ով չի կատարվում։

Ուզում ենք ունենալ նաեւ կայքէջ եւ բնակչությանը հաղորդագրություններով տեղեկացնել վթարների եւ ջրի անջատման մասին։

Լուսինե Թեւոսյան