Պատերազմը՝ քառակուսու մեջ
14.07.2017թ. 13:44:28

Հեռուստացույցը, որ ամբողջովին տարբերվում է իմ մանկության հեռուստացույցից, դարձյալ խոսում է նույն բանի մասին…

Պատերազմն այն ժամանակ միայն սեւ-սպիտակ էր, իսկ այսօր նոր երանգներ է ստացել…

Այն ժամանակ ես հավատում էի, որ հեռուստացույցը կախարդական խցիկ է եւ որոշ մարդիկ կարողանում են այնտեղ մտնել ու դուրս գալ: Ես երազում էի ինքս էլ մի օր մտնել այդ կախարդական խցիկը եւ հայտնվել լուրերի ստուդիայում նստած, սեւ-սպիտակ, ծաղկավոր պիջակով աղջկա փոխարեն… Երբ «ծաղկավոր» աղջիկը խոսում, ավարտում էր, մեկ էլ տատին ասում էր՝ փառք Աստծո, զոհ չկա…

Հիմա ոչ ոք չի հավատում. անգամ մանկապարտեզի երեխան կծիծաղի իմ միամտության վրա, եթե իմանա, թե ինչ էի մտածում ես իր տարիքում: Մի՞թե քառակուսին կարող է կախարդական լինել… Ծիծաղելի է: Ես հիմա ոչ մի երկրաչափական պատկերի, ավելի ճիշտ՝ այդ պատկերը կրող առարկայի կախարդական լինելուն չեմ հավատում, որովհետեւ մեծ եմ: Բայց ցավալի է, որ հիմա ոչ մեկը չի հավատում դրան, անգամ եթե փոքր է…

Ծաղկավոր պիջակով աղջկա փոխարեն այսօր տարբեր ալիքներով խոսում են տարբեր պիջակներով կամ առանց դրանց, հարդարված մազերով ու գրիմով աղջիկներ ու տղաներ, խոսում են  տարբեր բաների մասին, աշխարհի տարբեր ծագերի մասին, բայց մի բան նույնն է. տատին հերթով փոխում է ալիքները եւ… հերթով բոլորը նույն բանն են ասում՝ դարձյալ մեկ զոհ… Պատերազմը, փաստորեն, մնացել է քառակուսու մեջ…

Ես այլեւս չեմ ուզում հայտնվել հեռուստացույցում, առավել եւս՝ այնտեղից խոսող աղջկա փոխարեն լինել… Այնքան լավ կլիներ, եթե քառակուսին պատահաբար ջարդվեր ու դրա հետ ջարդվեր նաեւ այն, ինչի մասին խոսում են բոլոր ալիքները… Բայց պատերազմը հարմարվել է քառակուսու մեջ մնալուն: Նա ասես պահմտոցի խաղա. երբեմն թաքնվում է այս կամ այն քաղաքական գործչի խոսքում, տողատակերում, երբեմն մտնում է կանանց ու ծերերի աչքերը, առանց խղճի զգացումի թաքնվում է նաեւ բակերում խաղացող մանուկների աչքերում եւ… պահմտոցի է խաղում: Երբ նրան չեն գտնում, երբ նա հաղթում է, հայտարարում է՝ «ստո՜ւկ«, ես եմ, եւս մեկ զոհ…

Քառակուսին հիշեցնում է նաեւ ամենատխուր ածականի մասին՝ անավա՜րտ… Դա դպրոցում սովորած ամենավատ ածականն է ինձ համար: Ես միշտ խուսափում էի դրանով նախադասություններ կազմելուց: Այդ բառը, որ երազանքներ է թողնում կիսատ, ապրելու հույսեր, կյանքեր, սպասումներ… Այդ բառն էլ է հարմարվել քառակուսուն…

Ես անջատում եմ հեռուստացույցը եւ արտասվում այն ծաղկավոր ու ոչ ծաղկավոր պիջակներով աղջիկների ու կանանց փոխարեն, որ ստիպված են ամեն օր խոսել պատերազմից: Որքան դժվար է հայտնել ինչ-որ մեկի չլինելու մասին, հայտնել գուցեեւ առաջինը բոլորից, իսկ հետո… հետո՝ գուցե մեկը քարանա քեզ լսելով, մղկտա ցավից… Ախ, այդ քառակուսին, որ մեղավոր չէ, որ ինքը քառակուսի է, ստեղծված է խոսելու համար…

Երնեկ անջատվող հեռուստացույցի նման լռեր նաեւ պատերազմը, կամ էլ՝ երնեկ պատերազմն էլ հեռուստացույց լիներ, մի օր փչանար ու ոչ ոք հանձն չառներ այն վերանորոգել. պատերազմը հանգչեր քառակուսու մեջ…

Հերմինե Ավագյան