Պաղեստինյան Երուսաղեմի ճանաչման թուրքական նախաձեռնությունը
19.12.2017թ. 12:50:48

Թուրքիայի նախագահի հայտարարությունը Արեւելան Երուսաղեմում կամ Պաղեստինում դեսպանություն բացելու, կարելի է բնական շարունակությունը համարել Անկարայի կողմից նախաձեռնված եւ Ստամբուլում տեղի ունեցած իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ ժողովի ընթացքում Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելու որոշման:

Անկարան այս հարցում գերաշխույժ վարքագիծ է դրսեւորում: Այս հայտարարությունների առիթով կարելի է մտաբերել շարժառիթային մի քանի հանգամանքներ:

Նախ, բնականաբար Անկարան պահը պիտի փորձեր լիարժեք շահարկել համաարաբական եւ այս դեպքում նույնիսկ համաիսլամական հարթությունների վրա հեղինակություն ամրագելու:

Շրջանում ի վերջո Անկարայից ավելի Թել Ավիվին թշնամի համարվող եւ ըստ էության թշնամի եղող այլ երկրներ ու պետություններ կան, որոնք Անկարայի օգտագործած հռետորաբանությունից եւ նախաձեռնողականությունից  հետ են մնում։

Համակրանք, զորակցություն շահելու, բայց նաեւ հեղինակություն վերահաստատելու քաղաքական այս քայլը թիրախային տարբեր ուղղություններ ունի. սուննի զանգվածը, արաբական աշխարհը ընդհանրապես եւ իհարկե իսլամ զանգվածները:

Ներսաուդյան իրադարձությունները նկատի ունենալով եւ Ռիադի համեմատական թուլացման ժամանակները օգտագործելով, Անկարան այսպիսով շրջանցում է նաեւ Եգիպտոսին եւ նախ սուննի դավանանքին պատկանող զանգվածներին, ապա ընդհանրապես արաբական իսլամական աշխարհին` ներքին սպառման շուկայի համար վաճառվող հարմար արտադրանքով է ներկայանում:

Բայց բնականաբար միայն դա չէ շարժառիթը: Այս դեպքում, հայտարարողական թիրախը որքան Թել Ավիվն է, նույնքան Վաշինգտոնը: Ի վերջո, որոշման հայտարարություն կատարողը ԱՄՆ-ի նախագահն է, որին հակաքայլ որոշումներ եւ համարժեք պատասխան քայլեր առնելու վճիռներ է հնչեցնում Թուրքիայի նախագահը:

Տարածաշրջանում բեւեռացում առաջացրած Երուսաղեմի քաղաքային կարգավիճակի այս խնդրում Անկարան ուզում է խաղալ երկրորդ բեւեռի դերը: Էրդողան ընդդեմ Թրամփ այս խաղում Էրդողանի առած քայլը հենվում  է սակայն Մոսկվա-Թեհրան-Անկարա վերջին շրջանում դրսեւորված ռազմաքաղաքական առանցքի վրա: Թեեւ իրար ոչնչացնելու ամբաստանություններով ոչ վաղ անցյալում հանդես եկած Թել Ավիվն ու Թեհրանը Անկարայի այս գերաշխույժ դրսեւորումները չեն ցուցաբերում: Անկարայի լարման տանող հռետորությունից հեռու է նաեւ Մոսկվան, որը միայն վերջերս շնորհակալություն հայտնեց Վաշինգտոնին, Պետերբուրգում ապահովական հարցերի հետ կապված կանխարգելման գործողության իրականացման օժանդակած լինելու փաստի առիթով:

Անշուշտ Անկարայի այս մեղադրական շեշտերն ու ձեռնարկած հակաքայլերը միտումնավոր են եւ տեսանելիորեն բացատրվում են նշված հանգամանքներով:

Հայկական առումով եւս դիտարկելի կետեր կան այստեղ. նախ անմիջապես հիշենք, որ պաշտոնական Թեհրանը իսլամական երկրների համագործակցության կազմակերպությունից բխած հայտարարության առումով հրապարակել էր որոշ վերապահություններ: Նկատի ունենալով նաեւ Բաքվի ոչ աշխույժ դիրքորոշումը Երուսաղեմի գծով ստեղծված երկվությունում, նշմարվում է անմիջապես, որ Անկարան եւ Բաքուն այս հարցում չեն որդեգրել համահունչ դիրքորոշումներ: Բաքուն հատկանշվում էր վերջերս Թել Ավիվի նկատմամբ իր որդեգրած սերտ հարաբերություններով եւ ավելին` շեշտված ռազմական համագործակցությամբ:

Այս հանգույցների հետ, թեեւ ոչ ուղղակի, այնուամենայնիվ քաղաքական տրամաբանությամբ աղերս կարող է ունենալ նաեւ դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած Նախիջեւանի օրենսդիր մարմնի ղեկավարի եւ Իրանի մեջլիսի խոսնակի հանդիպման առիթով ադրբեջանական մամուլի շեշտված քննադատությունները Իրանի նախագահ Հասան Ռոհանիի արտաքին քաղաքականության մասին: Չմոռանանք, որ ադրբեջանական մամուլը ամբողջովին վերահսկվում է Բաքվի կենտրոնական իշխանությունների կողմից:

Այս բոլորով հանդերձ, դժվար թե Էրդողանի հրապարակային հայտարարությունը Արեւելան Երուսաղեմի կամ պաղեստինյան Երուսաղեմի ճանաչման առումով առարկայանա: Այս խնդիրը շարունակում է մաս կազմել իբրեւ գլխավոր թեմա` սկսված պարանաձգությանը: Առ այս պահը Անկարան եւ Թել Ավիվը ռազմավարական հատուկ գործընկերներ են:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր