Չկա մի օր, որ չմտածեմ հայրենիք վերադառնալու մասին. Ռուբէն Ճանպազեան
Գլխավոր » Հասարակական » Չկա մի օր, որ չմտածեմ հայրենիք վերադառնալու մասին. Ռուբէն Ճանպազեան

Չկա մի օր, որ չմտածեմ հայրենիք վերադառնալու մասին. Ռուբէն Ճանպազեան

Այսօր, առավել քան երբևէ, հայ երիտասարդը  կանգնած է բազում մարտահրավերների առաջ: Ժամանակակից բարքերի քաոսում ոչ բոլորն են կարողանում չշեղվել իրենց հայեցի կերպարից եւ չտրվել օտար բարքերին: Հայապահպանությունն անչափ դժվար է` հատկապես Սփյուռքում ապրող երիտասարդի համար, ով ապրելով հայրենիքից հեռու՝ կանգնած է ազգային դիմագծի, ազգային մտածելակերպի, ազգային ոգու  պահպանման  եւ մի շարք այլ մարտահրավերների առջեւ:

 

Հիրավի, առանց ազգային դիմագծի աղավաղվում է հայ երիտասարդի կերպարը, աղավաղվում է նաեւ այն ապագան, որ պիտի կերտի այդ նույն երիտասարդը՝ լինի հայրենիքում, թե հայրենիքից հեռու:

 

Ռուբէն Ճանպազեանը  Կանադայի երիտասարդական միության կենտրոնական վարչության նախկին անդամ է: Այսօր Կանադայում հրատարակվող  ՀՅԴ  ԳԵՄ-ի «Արծիւ» պարբերականի խմբագիրն է: Դասավանդել է <<ՀՕՄ-ի Ամէնօրեայ  Վարժարան>>-ի նախակրթարան բաժնում: Զբաղեցրել է Տորոնտոյի Հայ Դատի գրասենյակի գործավարի պաշտոնը: Զբաղվում է նաեւ թարգմանչությամբ: Լույս է տեսել նրա «Սարոյեանը հայերէնով՝ Երկու պատմուածք»  գիրքը, որը Վիլյամ Սարոյանի պատմվածքների թարգմանությունն է:

 

Ռուբենը ծնվել է 1988 թվականին, Տորոնտոյում, ուսում է առել <<ՀՕՄ-ի Ամէնօրեայ Վարժարան>>-ում, բարձրագույն կրթություն ստացել Տորոնտոյի համալսարանում՝ պատմության եւ միջին արեւելյան քաղաքակրթության (History and Near and Middle Eastern Civilizations) բաժնում, ստացել պսակավոր արվեստի վկայական:

 

— Այսօր   սփյուռքահայ երիտասարդի համար, առավել  քան երբևէ, դժվար է պահպանել իր հայեցի կերպարը: Որքանո՞վ է դա ձեզ հաջողվում, եւ, ընդհանրապես, ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ է այսօր սփյուռքահայ երիտասարդը նահանջել հայկականությունից:

 

—   Սխալ կլիներ ասել, թե հայ երիտասարդի համար հեշտ է Սփյուռքում իր  հայեցի կերպարը պահպանելը: Հաճախ, երբ բարեկամներով հավաքվում ենք, նկատում եմ, որ օրվա նյութը կենտրոնանում է մեր ժողովրդի ապագայի շուրջ:  Այդ զրույցները (որոնք երբեմն նույնիսկ վեճերի են վերածվում) հաճախ վերաբերում են  Սփյուռքի ապագային, բնականաբար, միշտ կիզակետ ունենալով կանադահայ գաղութը: Ընդհանրապես, մեր խոսակցությունները   հայերենով են, սակայն երբեմն կայծակի արագությամբ  թափ  առած զրույցը կամ վեճը շարունակվում է անգլերենով: Մտածում ենք՝  վարժվելու՞ հարց է սա, թե՞ ինքնաբերաբար պատահող դիպված, կամ` գու՞ցե Կանադայում ծնվելու եւ մեծանալու հետեւանք: Ու սկսում ենք հարց տալ՝արդյո՞ք կարելի է հայեցի գոյատեւել  օտար ափերում, թե՞պարզապես մենք մեզ ենք խաբում:

 

Շատերը  պնդում են, թե ազգային ոգին լեզվից ավելի կենսական է, ազգի գոյապայքարի հիմքն է: Ճիշտ է՝ միայն հայերեն խոսելով չէ, որ կարող ենք մեզ հայ զգալ կամ կայուն պահել հայկական ոգին, բայց հարկ է նաեւ գիտակցել, թե որքան կարևոր է մայրենիի պահպանումը` իբրև գոյատևման գրավական: Այսօր սրտի ցավով տեսնում ենք, թե ինչպես Սփյուռքի համարյա բոլոր բնագավառներում հայ լեզուն, հատկապես արևմտահայերենը լուրջ նահանջ է ապրում: Հայերենը սկսել է ոչ միայն աղավաղվել, այլ՝ փոխարինվել այլ լեզուների բառապաշարով:  Հայերենը դադարել  է գործածական լեզու լինել  մեր գաղութների երեխաների, երիտասարդների եւ նույնիսկ չափահասների մոտ:

 

Եթե   կա մի իրականություն, որին բոլորս կարող ենք համաձայնել, այն է, որ Սփյուռքի շատ գաղութներում հայությունը հազիվ մի կաթիլ է  հսկա օվկիանոսի մեջ: Հաճախ քաղաքի կամ շրջանի ընդհանուր բնակչության նույնիսկ կես տոկոսը չենք զբաղեցնում: Սա նշանակում է, որ Սփյուռքում հայ ժողովուրդը միշտ շրջապատված է «օտարությամբ»` օտար լեզու, օտար ժողովուրդ, օտար մշակույթ եւ այլն:  Երբեմն մեղադրում ենք նրանց, ովքեր հայերեն չեն խոսում կամ նախընտրում են օտար բարքեր, սակայն չենք անդրադառնում այն փաստին, որ այս բոլորը պարզապես ապրելաձևի հետ կապված իրականություններ են, որոնք տարիների ընթացքում պիտի զարգանան եւ հետզհետե ավելի ցայտուն դառնան:

 

Բայցևայնպես` լավատես եմ, որովհետեւ Տորոնտոյում ու Կանադայի տարածքում ունենք Ամենօրյա վարժարաններ, բազում կազմակերպություններ, միություններ, եկեղեցիներ, որոնք գործում են այն համոզումով, որ հայապահպանումը սուրբ գործ է, որ իրենց արածը առաքելություն է: Իսկապես,  դա այդպես է: Առանց այդ հաստատությունների այս գաղութը վաղուց անհետացած կլիներ:  Հպարտ եմ ու բախտավոր, որ մեծացել եմ այս գաղութում: 

 

— Ի՞նչ եք կարծում, ապրելով հայրենիքից հեռու` ինչո՞վ և ինչպե՞ս կարող է սփյուռքահայ երիտասարդը օգտակար  լինել հայրենիքի զարգացման ու շենացման գործին: Սեփական փորձից ի՞նչ կարող եք ներկայացնել կամ մի՞գուցե ծրագրեր ունեք:

 

2000 թվականին ընտանիքիս հետ  առաջին անգամ  այցելեցի հայրենիք: Թեեւ փոքր էի, բայց Հայաստանն ինձ վրա մեծ ազդեցություն ունեցավ եւ ինձ մղեց, որ հաճախ գամ հայրենիք: Հայաստան այցելել եմ տարբեր առիթներով. մասնակցել եմ  ժողովների, սեմինարների, զբոսաշրջությունների եւ այլն:

 

2011-ին որոշեցի կամավոր աշխատանքների նպատակով  վերադառնալ Հայաստան: Եկա սովորականից ավելի երկար ժամանակով՝ «Դեպի Հայք» կազմակերպության աջակցությամբ: Սա մի որոշում էր, որը, իմ կարծիքով, ամեն մի հայ երիտասարդ առնվազն մեկ անգամ պիտի հանձն առնի: Ցանկանում էի աշխատել «Հրայր Մարուխյան» հիմնադրամում: Երեք ամիսների ընթացքում մասնակից եղա կազմակերպչական ծրագրային աշխատանքներին, ուսումնասիրություններին ու խորհրդաժողովներին, որոնց միջոցով ավելի ըմբռնեցի, թե մեր հայրենիքը որքան մեծ կարիք ունի նման կազմակերպությունների` իր քաղաքական, սոցիալական, տնտեսական  վիճակը բարելավելու համար:

 

Անցել են այն օրերը, երբ Հայաստանը համայնավար տիրապետության տակ էր, եւ Սփյուռքը մեր ժողովրդի միակ հայաշունչ հայրենիքն» էր: Ներկայումս մենք բախտավորություն ունենք ապրելու մի ժամանակում, երբ  անկախ Հայաստանը իրականություն է, եւ պետք է գիտակցենք, որ առաջիկայում միայն Հայաստանի մեջ ապրող քաղաքացիներն ու Հայաստանի առօրյայի հետ կապված սփյուռքահայ գաղութներն են, որոնք իրապես հայորեն պիտի գոյատեւեն:

 

— Երբևէ մտածե՞լ եք հայրենիք վերադառնալու մասին:

 

— Չկա մի օր, որ չմտածեմ հայրենիք վերադառնալու մասին: Լիովին հավատում եմ, որ Հայաստանը մեր վերջին հանգրվանը պիտի լինի` եթե ցանկանում ենք  ապրել ու մնալ որպես հայ:

 

— Բազմիցս լինելով հայրենիքում` քիչ թե շատ ծանոթ եք քաղաքական, հասարակական անցուդարձին:  Ի՞նչն է տպավորվել և ի՞նչը կցանկանայիք, որ փոխվեր այստեղ:

 

— Շատ հայերի համար, մանավանդ Սփյուռքում, Հայաստանը իդեալ է, երազային «դրախտավայր», որի մասին մտածելով՝ երևակայում ենք կապույտ երկինքներ ու Արարատ լեռ: Իրականում Հայաստանը շատ ավելին է: Հարկ է համոզվել, որ Հայաստանը իրական երկիր է՝ իրական խնդիրներով:

 

Հայրենի հողի վրա ֆիզիկական ներկայությամբ, մեր մասնագիտական կարողություններով պետք է թափ տանք աստիճանաբար դեպի վեր բարձրացող մեր անկախ հայրենիքի վերելքին՝ հաստատելու համար մարդկային իրավունքների հավասարություն, պաշտպանելու անիրավությունների զոհ դարձած հայրենակիցներին, օգնելու մեր երկրի  քաղաքական ու տնտեսական վիճակի բարելավմանը:

 

— Ի՞նչ նմանություններ և տարբերություններ ունեն Հայաստանի և Սփյուռքի երիտասարդները:  Ի՞նչ կմաղթեիք այսօրվա հայ երիտասարդին:

 

— Նմանություններ կան, անշուշտ, քանզի բոլորս նույն ազգի զավակներ ենք: Կան նաեւ որոշ տարբերություններ: Տարբերություններ՝ սովորույթների, կենցաղի եւ ընդհանուր վարվելակերպի առումով. սա բնական է: Այս տարբերությունները, սակայն, առիթ են ընծայում, որ իրարից շատ բան սովորենք, ասել է թե՝ իրար տանք ու իրարից առնենք: Կատարյալ համոզումով հավատում եմ բոլորիս: Թե՛ սփյուռքահայ, թե՛ հայաստանաբնակ երիտասարդի պարտականությունն է` հավատարիմ մնալ անկախության գաղափարին եւ էականորեն ձգտել Հայաստանն ուղղելու դեպի իրավացի եւ ճշմարիտ ժողովրդավար պետություն: Մաղթանքս է, որ այս գաղափարի շուրջ մեզ՝ երիտասարդներիս, միավորի համախոհությունը:

 

Հարցազրույցը՝ Հերմինե Ավագյանի

 

1