Որոշումը մենք ենք կայացրել ելնելով մեր պետական շահերից
06.09.2017թ. 15:57:01

Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ

– Հաշվի առնելով աշխարհաքաղաքական օրեցօր լարվող իրադրությունը, ժամանակը չէ՞, որ Հայաստանը նոր շեշտադրումներ հաղորդի իր արտաքին քաղաքականությանը. ՀՅԴ-ի հրավիրած ներկայացուցչական խորհրդաժողովը` «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» կարգախոսով, պայմանավորված էր ա՞յս անհրաժեշտությամբ:

– Ձեր հարցում տեղ գտած շեշտադրումներն, անշուշտ, գոյություն ունեն: Նախ` Ադրբեջանի որդեգրած մարտավարությունը դժվարին վիճակ է ստեղծել մեզ համար՝ սահմանային բախումներ, զոհեր, ինչը չի կարող չանհանգստացնել: Հետևաբար մենք ոչ միայն հակազդողի դերում պետք է լինենք, այլև իրականացնենք նախաձեռնողական քաղաքականություն, ամեն ինչ պետք է անենք, որպեսզի նախաձեռնությունը մեր ձեռքը վերցնենք, և դա պետք է լինի տարբեր բնագավառներում:

Մենք մեր հերթին պետք է փորձենք Ադրբեջանին նեղը գցել: Մեզ համար ձեռնտու չէ պատերազմի վերսկսումը, մենք Արցախյան հիմնահարցի լուծումը տեսնում ենք բանակցային սեղանի շուրջ: Բայց դե ֆակտո պատերազմ է տեղի ունենում մեր սահմաններին, ուրեմն եթե հարկ լինի, պետք է դիմացինի ագրեսիան կանխելու համար դիմենք նաև հարձակողական քայլերի:

Ադրբեջանը, որի նպատակն է ռազմական ճանապարհով լուծել Արցախյան խնդիրը, իր հերթին պետք է սպասի հայկական կողմից նախահարձակ քայլերին ու գիտակցի, որ հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու դեպքում ինքն է վատ վիճակում հայտնվելու` կորցնելով նորանոր տարածքներ:

Երկրորդ՝ Արցախյան հարցը շարունակում է մնալ մեր ազգային գերխնդիրը, հետևաբար հայ քաղաքական միտքը ժամանակ առ ժամանակ պետք է մղել խնդրի առնչությամբ նոր գաղափարների, նոր դիրքորոշումների արտահայտման: Իսկ դրան նպաստում է հարցի շուրջ մտքերի փոխանակումը:

Միաժամանակ կար Դաշնակցության որոշ դիրքորոշումների ու որոշումների մասին հասարակությանն իրազեկելու, ինչպես նաև, հասարակական տարբեր շերտերի տեսակետները լսելու, քննարկելու անհրաժեշտություն:

Եվ վերջապես, Արցախի Հանրապետության անկախության տարեդարձն է, իսկ Դաշնակցությունն ամեն տարի նշում է այն` դա նաև առիթ ծառայեցնելով սեփական դիքորոշումներն արծարծելու: Խորհրդաժողովը ծառայեց իր նպատակին, նոր մոտեցումներ, նոր շեշտադրումներ հնչեցին: Կարծում եմ, համապատասխան մարմիները պետք է ուշադրություն դարձնեն այս ամենի վրա:

– Ապրիլյան պատերազմից հետո առավել քան հստակ դարձավ, որ «Մադրիդյան սկզբունքներն» այլևս ժամանակավրեպ փաստաթուղթ է, և ուրեմն, ժամանակը չէ՞ առաջ մղել Արցախի որպես բանակցային կողմ հանդես գալու անհրաժեշտությունը:

– Իրականում զրոյական վիճակ է` բանակցային սեղանին ոչ կոնկրետ փաստաթուղթ կա, ոչ էլ որևէ համաձայնություն:

Իսկ «Մադրիդյան սկզբունքներ» ասվածը Դաշնակցության համար անընդունելի է: Ադրբեջանի հիմնական ռազմավարությունն է հարցը ռազմական ճանապարհով լուծելը: Նա բանակցային գործընթացն օգտագործում է իր այդ ռազմավարությունը հաջողեցնելու համար: Այսինքն` բանակցությունները Ադրբեջանի ռազմական քաղաքականության մաս են կազմում: Այս առումով, այո, մենք պետք է կարողանանք վերաթարմացնել, վերանորոգել մեր մոտեցումները:

– Վերաթարմացում ասելով հասկանանք բանակցություններին չմասնակցելն ու Մադրիդյան փաստաթղթից հրաժարվելը:

– Կարծում եմ, չպետք է դիմել այնպիսի գործողության, որը կնշանակի, թե մենք դուրս ենք գալիս բանակցություններից: Իսկ Մադրիդյան փաստաթղթից հրաժարման տարբեր ձևեր կան, ամեն դեպքում ինձ համար բանակցություններից հրաժարումը չէ այդ ճանապարհը:

Ըստ իս, այսօրվա գործընթացը մեր օգտին է, որովհետև Ադրբեջանն է իր մերժողական կեցվածքով հայտնվել հիմար վիճակում: Պարզապես մենք պետք է շեշտադրումները հստակեցնենք, պետք է նախ հասնենք նրան, որ իրականանան 2016-ին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայմանավորվածությունները միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման հետ կապված:

Եթե անգամ Ադրբեջանը շարունակում է հրաժարվել, հայկական կողմը պետք է դրանք կիրառի: Դա մեզ հնարավորություն կտա ի ցույց դնել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը, ներազդել միջազգային հանրային կարծիքի վրա, դրանով իսկ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա:

– Մերօրյա հարցադրումներն են «ոչ մի թիզ հող», թե՞ «զիջումներ Արցախի կարգավիճակի դիմաց».Դաշնակցության դիրքորոշումը մնո՞ւմ է նույնը:

– Իհարկե, ոչ մի թիզ հող և ոչ մի զիջում. սա ինձ համար իմաստ կունենա այնքան ժամանակ, քանի դեռ ԼՂ անկախության փաստը չի ընդունվել բոլորի կողմից: Իսկ ամեն մի երկիր պետք է իրավունք ունենա իր պատմական տարածքների վրա իր կենսունակության ու անվտանգության պայմանները ստեղծել: Այդ կենսունակության, անվտանգության ու պատմական իրավունքի սկզբունքների հիման վրա էլ պետք է ձևավորվեն Արցախի վաղվա պետական սահմանները:

Ազատագրված տարածքները մեր անվտանգության երաշխավորն են: Արցախը պետք է իր ամբողջ սահմանի երկայնքով Հայաստանի հետ սահման ունենա, ինչպես նաև սահման ունենա երրորդ երկրի հետ: Արցախը պետք է վերականգնի հողային ամբողջականությունը, այսինքն` պետք է վերամիանան Շահումյանը, Մարտակերտի դաշտային շրջանը: Սա է մեր պատկերացումը: Բայց խնդրի լուծման հիմքը կամ սկիզբը Արցախի անկախության ճանաչումն է բոլորի կողմից:

– Ինչո՞ւ Հայաստանը որոշեց չմասնակցել Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spiri t 2017» զորավարժություններին:

– Դա շատ բնական քայլ է, Հայաստանն անկախ երկիր է, մենք ենք որոշում` ինչի՞ն մասնակցել, ինչին` ոչ: Այնպես որ, կարող էինք մասնակցել, կարող էինք նաև չմասնակցել: Իսկ չմասնակցության պատճառները կարող են տարբեր լինել, օրինակ, կա պատրաստվածության հանգամանքը:

– Դա Հայաստանի՞ որոշումն էր, թե՞ կա, ինչպես արևմտամետ վերլուծաբաններն են ասում, ռուսական կողմի ճնշումը, կամ էլ գուցե Ադրբեջանի մասնակցության հանգամանքն է իր դերակատարությունը ունեցել:

– Կարծում եմ, սա եղել է մեր պետության կայացրած որոշումը: Բայց հնարավոր է, որ հաշվարկի մեջ հաշվի է առնվել Հայաստանի ՀԱՊԿ-ի անդամակցությունը: Ես դրան նորմալ եմ վերաբերվում: Նա, ով Հայաստանի այս քայլից փորձում է խնդիր ստեղծել, դա իր գործն է, իր խնդիրն է: Այս որոշումն ինձ համար քաղաքական որոշում չէ, այլ նպատակահարմարության հարց, ժամանակի ու պահի անհրաժեշտությամբ թելադրված քայլ:

– Փաստորեն որքան էլ մենք կարևորում ենք «և… և»-ի քաղաքականությունը, այնուհանդերձ գալիս է մի պահ, երբ ծանրության նժարը հարկ է լինում թեքել այն կողմը, որտեղ Հայաստանի անվտանգության երաշխիքներ են:

– Իհարկե, ՀԱՊԿ, հայ-ռուսական տարբեր ռազմավարական պայմանագրեր և այլն, և դա իրողություն է: Յուրաքանչյուր երկիր գտնվում է որևէ ռազմաքաղաքական դաշինքի մեջ: Հայաստանն էլ այս ռազմաքաղաքական ճամբարի մեջ է: Բայց, դրանով հանդերձ, մենք չենք մերժում մյուս ճամբարների հետ մեր համագործակցությունը, չենք խզում մեր կապերը, չենք հակադրվում:

Սակայն հարաբերություններ չխզել չի նշանակում երկու ճամբարները հավասար հարթության վրա դնել, չէ որ մենք մեկի հետ համագործակցում ենք, բայց մյուսի մի մասն ենք կազմում, նրա անդամն ենք: Ի վերջո, պետք է հասկանալ, որ գոյություն ունեցող իրողությունը մեզանից համապատասխան կեցվածք է պահանջում: Եվ վերջապես, նման իրավիճակներում պետք է գիտակցել, որ ամեն մի քայլ արվում է մեր պետական շահերից ելնելով:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

«Հայոց Աշխարհ» օրաթերթ