Ոլորտի զարգացումը պետք է ապահովել արդեն բարձր նշաձողից. Սերգեյ Շահվերդյան
13.10.2017թ. 13:05:24

Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նորանշանակ նախարար Սերգեյ Շահվերդյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նախկին նախարար Նարինե Աղաբալյանից ընդունել է բավականին կայացած կառույց և հետագա զարգացումը պետք ապահովել  բարձր նշաձողից: «Դա նաև հավելյալ պարտավորեցնում է մեզ որպեսզի մեր ջանքերը բազմապատկենք: Սա բավականին  հսկայական ու պատասխանատու բնագավառ է և մեր կատարած աշխատանքի արդյունքները պետք է տեսանելի լինեն հանրության համար»,- ընդգծում է նախարարը: 

Նա նկատում է, որ ցանկացած փոփոխություն  նոր հնարավորություններ է ընձեռում և այս առումով մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կազմում  զբոսաշրջության վարչության ընդգրկումը ևս այդ տրամաբանության մեջ պետք է նայել: 

«Մենք պետք է զբոսաշրջության բնագավառի զարգացումը սահուն կերպով  շարունակենք արդեն այս նախարարության կազմում: Զբոսաշրջության համակարգը տարիներ շարունակ եղել է առանձին լիազորված մարմին, այնուհետև երկու տարի եղել է էկոնոմիկայի նախարարության կազմում  և այսօր, ընդգրկվելով է  մշակույթի երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության կազմում, ընդգծվել է նաև նախարարության անվան մեջ»,- պարզաբանում է Սերգեյ Շահվերդյանը: 

Նա նաև, համեմատելով ընթացիկ տարվա առաջին ինը ամիսների զբոսաշրջության ցուցանիշները, նախորդ տարիների նույն ժամանակահատվածի հետ, նշեց, որ շատ հուսադրող  արդյունքներ ունենք. 37 % աճ `2015 թվականի համեմատ և ավելի քան 40% տոկոս աճ 2016 թվականի համեմատ: 

 

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ