«Ոգեղեն  հայրենիք» 
22.11.2017թ. 11:35:19

20-րդ դարում, պայմանավորված ազգային պատմության քաղաքական ընթացքով, ավելի ուժգին էր խփում հայ գրականության հայրենասիրական ջիղը: Ազգային ճակատագրի ողբերգական հարցադրումները դարձան դարի գրականության, հատկապես բանաստեղծության առանցքը, գեղարվեստի հոգեբանության օրինաչափությունը: Գրականության առաջնային դերը նշանավորվեց գեղարվեստի սահմանագծում պատմության հոգևոր արձանագրումով. գրական ժամանակի զարկերակը խփում էր պատմական ժամանակի իրողություններին համընթաց: Ազգային ճակատագրի դրաման դարձավ դարի գրական հանճարի ներանձնական դրաման` պատմաքաղաքական ներթափանցումներով և գնահատումներով:

Արևելահայ և արևմտահայ ազգային – գրական ընթացքը  նպատակամիտված էր ազատ, անկախ, միացյալ հայրենիքի վերստեղծման գաղափարին: Գրական անհատականությունները, հոգևոր կերտվածքի և ստեղծագործական ներքին առանձնահատկություններով հանդերձ, ամբողջանում էին գաղափարական սկզբունքների միասնության մեջ: Ազատասիրական մաքառման ոգին, ազգային գոյության անկումներն ու վերելքները, ողբերգություններն ու կորուստները, վերածնության հույսը, ազգային տեսակի պահպանման խնդիրը հայրենասիրական գրականության դիմագիծն են եղել ամբողջ 20-րդ դարում: Ցեղասպանությունից և պատմական հայրենիքի կորուստից հետո գրականությունը դարձավ կորուսյալ հայրենիքին փոխարինող հոգևոր հայրենիք, ազգային հիշողությունը պահպանելու և ժառանգելու, ազգային հավաքական կենսագոյության, միացյալ հայրենիքի գաղափարակիր ուժ: Սակայն դարի հայրենասիրական գրականության ճանապարհը նաև հավատաքննության ճանապարհ էր, հալածանքների, ձերբակալությունների, նահատակության ճանապարհ, որին զոհ գնաց գրական հանճարի մի քանի սերունդ:

Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին ընդառաջ «Ոգեղեն հայրենիք» հոդվածաշարում վերաքննվելու է 20-րդ դարի հայ գրականության մի մասը` գրական դիմանկարներով, գրապատմական հարցերով, գաղափարական արժեքներով: Անհրաժեշտ է` գրական երևույթները վերագնահատել ըստ էության, վերագտնել դարի հայրենասիրական  գրականության ներքին զարկերակը, հասու լինել գրականության ընդերքում պահված ճշմարտություններին, նորահայտ վավերագրերով վեր հանել նախընթաց տարիների գրականագիտության պատմությունից վրիպած էջեր, նորովի ընկալել 20-րդ դարի հայ հայրենասիրական գեղարվեստական մտքի ամբողջ պատմությունը:

«ՑԵՂԻՆ  ՍԻՐՏԸ»  ԵՎ  ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆԸ

Այս կամ այն ժողովրդի ուժակշիռն ու դիմագիծը պատմականորեն ձևավորող նախադրյալներ են ցեղային նկարագիրն ու գաղափարաբանությունը: 20-րդ դարասկզբի արևմտահայ պոեզիայում բարձրանում է ցեղային ինքնագիտակցության խնդիրը, ցեղային գլխավոր պաշտամունքների վերարմատավորման մտայնությունը: Նախաքրիստոնեական արմատներին գաղափարական դարձի հակումը պայմանավորված էր նախ և առաջ ազգային ողբերգությունների քաղաքական ընթացքով: Վարուժանի պոեզիան` «Ցեղին սիրտը» հավաքական պաշտամունքի խորհրդանիշով, դարձավ գաղափարական այդ մտայնության կենտրոնաձիգ առանցքը:

Բանաձևելով հայ հայրենասիրական, մասնավորապես Վարուժանի պոեզիայի ներքին բնույթը` Պ. Սևակը գրում է. «Հայրենասիրությունը հայ գրողի մոտ հանդես է գալիս ոչ որպես սոսկական մի զգացում, այլ որպես աշխարհայացք, որպես գաղափարախոսություն: Եվ, հիրավի, պատմական անցյալին, կոնկրետ դեպքում հեթանոսական դարերին անցնելու փաստը Վարուժանի մոտ հանդես է գալիս իբրև ամբողջական աշխարհայացք»: «Ցեղին սիրտը» սոսկ ցեղային հավաքական զգացմունք չի ուղենշում, այլև արմատներին դարձ խորհրդանշող արիական պաշտամունք: 1908թ. Ա. Չոպանյանին հղած մի նամակում Վարուժանը խոստովանում է. «Հեթանոս կյանքը օրեօր զիս կը գրավե. եթե այսօր կարելի ըլլար` կրոնքս կը փոխեի և սիրով կ’ընդգրկեի բանաստեղծական հեթանոսությունը»: Ցեղային ոգին` արիական իմաստասիրությամբ, դառնում է Վարուժանի ստեղծագործության` ներքին ենթաշերտից բխող աշխարհայացքը:

1932թ. Սոֆիայում լույս տեսան ցեղային շարժում սկզբնավորող Գ. Նժդեհի «Ցեղի ոգու շարժը» և «Ցեղակրոնությունն իբրև հաղթանակի զորույթ» որքան գաղափարական, նույնքան էլ գործնական տեսությունները: Շարժման գաղափարաբանության վերաբերյալ 1933թ. Բոստոնում Նժդեհը հռչակում է «Ցեղային արթնություն» խորագրով գաղափարախոսությունը` սկիզբ դնելով Ցեղակրոն Ուխտերին: Ժամանակակցի վկայությամբ` Նժդեհը «Ամերիկայի մեկ ծայրեն մյուսը էլեկտրականացուց մթնոլորտը իր կուռ բանախոսություններով, անկեղծ ու անվախ արտահայտություններով և անվիճելի փաստերով»: Մտավոր-ռազմական հանճարի գաղափարա-կազմակերպական առաջնորդությամբ Ցեղակրոն շարժումը միանգամից հզորանում է ԱՄՆ-ում և Բուլղարիայում` համախմբելով գաղութահայ բազմահազար խանդավառ երիտասարդների: Ցեղակրոնության բարոյականով սփյուռքահայությանը սպառազինելու և հավաքական ուժ դարձնելու Նժդեհի գաղափարական շարժումը նշանակալի երևույթ էր ազգային կյանքում և պատմականորեն իր նախահիմքերն ուներ արդեն 20-րդ դարասկզբի արևմտահայ, մասնավորապես Վարուժանի և Սիամանթոյի պոեզիայի գաղափարաբանության մեջ: Ռազմի և բանաստեղծության հանճարները անկախ իրարից համընդհանրանում էին ցեղային հավատամքով. ժողովրդին ցեղորեն վերադաստիարակելու գաղափարը ազգային կեցության գաղափարաբանություն էր այլևս:

Ցեղային արիական վարքի, ստեղծագործ երևակայության տիպական պատկեր է հայոց դիցաբանությունը` խորհրդանիշ աստվածություններով: Մեր տոհմիկ բանահյուսությունը ևս այլ բան չէ, քան ցեղի մտաբարոյական աշխարհի արտապատկերը: Նախաքրիստոնյա հայության հոգեգիծը պատմականորեն ձևավորած հեթանոս իմաստասիրության սկզբունքներից արիապաշտությունն ու սպառազինությունը նրան բարձրացրել են աշխարհակալ ցեղի զորության: Աստվածների` որպես գերբնական ուժերի առանձնացումով հանդերձ` ցեղային հանճարը նրանց ընդհանրացրել-միավորել է մի առաքինությամբ` արիության հատկանիշով օժտելով բոլոր աստվածներին ու աստվածուհիներին: Հատկանշական է, որ աշխարհը կառավարող գերագույն ուժը  նախնական իմաստնությունը համարել է ռազմի և արիության ուժը: «Երևակայում և օրհնում եմ քաջությունը հեթանոս հայի, որպես տղամարդու բարձր հատկություն,- գրում է Նժդեհը: -Նախաքրիստոնեական հայության մոտ այն աստիճան զարգացած էին քաջությունն ու իր պաշտամունքը, որ Վահագն արքան ժողովրդի կողմից արձանացած է հեթանոս երգերի մեջ, որպես գերբնական ծնունդ «երկնի, երկրի և ծիրանի ծովի»»: Խոյանքներով բարձրացող ցեղի ոգին Վահագնն էր` իր վիշապաքաղ վարքով:Աստվածներին վերապահված վարքը ցեղային վարքն էր, իսկ աստվածները ցեղի կերտած գաղափարատիպերն էին: Քրիստոնեությունը պատմականորեն վերափոխեց հայության հոգեկառուցվածքն ու մտահայեցողությունը. Քրիստոսի ճակատագիրը մի ներքին օրինաչափությամբ դարձավ մեր ժողովրդի ազգային ճակատագիրը, որ անընդհատ խաչվել ու վերածնվել է տասնյոթդարյա խաչապաշտ ճանապարհին: «Վահագնի հետ պիտի խոսենք հիմա- աստվածը հին արիական հայության,- առաջադրում է Նժդեհը:- Մի նոր գիրք պիտի դրվի մեր ժողովուրդի ձեռքը- Ավետարանը արիների: Արիություն- այս պիտ լինի մեր սերունդների կոչումը, քանզի այդ բարձր հատկությունն է փրկում ժողովուրդները ֆիզիկական և բարոյական անկումներից»:

Հեթանոս դարերի գաղափարաբանության և պատմության վերաիմաստավորումն ու վերարժևորումը առավել խտացված են Վարուժանի «Հեթանոս երգեր» ժողովածուում (1912): «Ցեղին սիրտը» շարքի հեթանոսապաշտությունը այստեղ կոնկրետանում է, միաժամանակ ընդարձակում  իր գեղագիտական ընդգրկումները` ցեղային ոգին մարմնավորելով համապատկերային կարգով: Ուղենշային է բնաբանը. «Ես կ’ երգեմ Գինին- Բագիններուն ծիծաղը և խորաններուն արյունը: Դարերու Կյանքը կ’ երգեմ, հանուն հաճույքի և տառապանքի գեղեցկության»: Ուժի և գեղեցկության պատկառանքը Վարուժանի պոեզիայում գերզգացված պաշտամունքից գեղագիտական հստակ կողմնորոշում էր կանխագծում: 1908թ. Ա. Չոպանյանին գրում է. «Ոչ միայն մեր, այլև ամբողջ մարդկության դյուցազնական դարերուն «nostalgie»-ն ունեմ: Ե՞րբ պիտի դառնա հեթանոսությունը և հին հաղթությունները, զոր վաստակելու համար հերոսներ պետք էին` այլ ո’չ դիվանագիտություն»: Շարունակության մեջ Վարուժանը նշում է, թե «Ահագին հեղեղ մը կայ  ներսս, որ մինչ ցարդ հայրենիքի դիակներով թմբված էր: Լարերս փոխելու վրա եմ: Ձեր աշխատակից քուրմերուն հետ ես ալ պիտի գամ «Անահիտի» բագնին վրա զոհ բերելու` սիրտս»: Ինքնազոհաբերության հեռապատկերն առկա է նաև «Հեթանոս երգեր» բանաստեղծական մեհյանը բացող «Գեղեցկության արձանին» քերթվածքում. «Թե հարկ ըլլա զոհ մը ընել քեզ պարգև, //Բագինիդ ե’ս պիտի  ուզեմ մորթըվիլ…»:

«Հեթանոս երգեր» գիրքը կրքոտ քննադատությունների տեղիք տվեց արևմտահայ գրական հատվածում: Կ. Պոլսում 1913թ. կազմակերպված գրական ասուլիսների նյութերը հրատարակվեցին առանձին գրքով: Վարուժանի պերճաշուք արվեստի բարձր գնահատումներին զուգահեռ հրատարակվեցին նաև հարձակողական բնույթի սուր գրախոսություններ: Հայ կաթողիկե պատրիարքարանի շաբաթաթերթի հարվածներին ի պատասխան` ուշագրավ էր Ե. Օտյանի «Ռոտեն կգայթակղի» պամֆլետը. «Եթե Դ. Վարուժան իր նուռ բաժակը փոխանակ դեպի Անահիտի ծիծերը բարձրացնելու, Սուրբ Մարիամին ծիծերուն բարձրացներ, թերևս «Կաթողիկե Արձագանքի» հոդվածագիրը առաջարկեր այդ տողերը եկեղեցիներուն մեջ կարդալու, ինչպես Երգ երգոցը, որուն մեջ ալ փառաբանված ծիծեր կան»: Քրիստոնեական առաքինության դիտակետից  հեթանոսամերժ գնահատումներ հնչեցին նաև արևելահայ որոշ քննադատների կողմից:

«Գեղեցկության արձանին» քերթվածքը, ինչպես Վարուժանն է ասում, բյուրեղացած իր արյունով, գեղեցիկի փառաբանության սկզբնաղբյուրն է, որից ծավալվում է շարքի գեղագիտությունը և արժանավայել վերջավորվում «Հարճը» պոեմով.

Մերկ ըլլաս դուն բանաստեղծի մ’ հոգվույն պես,

Եվ հեթանոս այդ մերկությանըդ ներքև

Տառապի’ մարդն ու չըկրնա դըպչիլ քեզ…

Մեռած աստվածներին վերածնելու գաղափարագեղարվեստական մտայնությամբ նշանավորվող Վարուժանի պոեզիայում  առանձնադիտելի է նաև Անահիտի հանդեպ պաշտամունքը` որպես կենարար գեղեցկության և  ուժի աստվածուհու: Գեղեցկությունն ու կորովը, առհասարակ,  Վարուժանի արվեստի ելակետն ու չափանիշն են:

Գեղագիտական որոնումների ոգեղեն ճանապարհին արվեստի նորահայտ գեղարվեստաբանության փառահեղ հիմներգ է Վարուժանի «Նավասարդյան» քերթվածքը` գրված «Նավասարդ» տարեգրքի հղացման օրերին: Հեթանոսական կամ անցյալապաշտ շարժման գաղափարագեղարվեստական այդ խտացումով էր մեկնարկվում Վարուժանի նախաձեռնած տարեգիրքը` նոր երևույթ նախանշելով արևմտահայ գեղարվեստի պատմության մեջ: Արևմտահայ գրական կյանքում սկզբնավորված հեթանոսական գաղափարագեղարվեստական շարժման արժեկշիռը աստիճանաբար բարձրանում էր` հրապարակում ունենալով ոչ միայն Վարուժանի «Հեթանոս երգեր»-ը, այլև Շանթի «Հին աստվածները»:

Վարուժանի «Նավասարդյան» քերթվածքը գեղարվեստի տեսության ուղեծիր նախանշող գաղափարներով, ինչպես վկայում է Հ. Սիրունին, դարձավ նավասարդականների հեթանոսապաշտ շարժման հանգանակը: Ամենայն հավանականությամբ, Վարուժանի սկզբնավորած հեթանոսական գաղափարաբանության արգասիք էին նաև 1913-ին արևմտահայ հոգևոր-մշակութային կյանքում կազմակերպված նավասարդյան տոները: Ինչպես հայտնի է, Նավասարդը հին հայկական տոմարի առաջին ամիսն է` կապված Հայկի` Բելին նետահարելու, ցեղի անկախությունը հռչակելու, Արարադ երկիրը հիմնադրելու իրողության հետ: «Նոր Արշալույսի» նավասարդյան կերտման սկզբունքով, հանուն «Ույժին, Գեղին, Սերին, Սերմին», Վարուժանը ձոներգում է.

Հանճա’րդ  Հայկյան, Նավասարդյան սա տոներուն

Արևափառ`

Ա’լ վերածնե փլատակներեն, և փառագոչ

Քընարըդ առ:

Հանու~ն Ույժին, հանու~ն Գեղին, մըտիր մեհյանն

Աստվածներուն.

Ջահը ձեռքիդ` բագնե բագին համասըփռե’

Հուր ու արյուն….

Զի մենք, հանուն Սերին, Սերմին, քու հին  Ցեղիդ

Մարմարեն կույս,

Մե’նք, Զավակներդ օգոստափառ, պիտի կերտենք

Ն~որ Արշալույս…

«Նավասարդ» տարեգրքի հղացմանը զուգահեռ, որի հաջորդ հրատարակությունը չկայացավ առաջին աշխարհամարտի պատճառով, Վարուժանը 1914թ. Կ. Զարյանի հետ հիմնում է նախապես հեթանոսական միտում ուրվագծող, «Նավասարդի» գեղագիտական որոնումներին հետամուտ «Մեհյան» ամսագիրը: Բայց մեհենականները  շուտով հստակեցնում են գեղագիտական տեսության իրենց ուղղվածությունը` հռչակելով արվեստի զարգացումը ապագայապաշտությամբ մշակելու նորամետ ծրագիր: Անցյալապաշտ  Վարուժանը հեռանում է ապագայամետ «Մեհյանից»` գեղարվեստի տեսության զարգացումը ուղղորդելով հեթանոսամետ ուղեգծով: Գեղարվեստագիտական  զարգացման տեսական տարակարծություններով ու ներքին  բախումով հանդերձ` «Նավասարդն» ու «Մեհյանը» գրապատմական առանցքային երևույթ էին  ժամանակի գեղագիտական որոնումների համակարգում, նշանակալի դեր ունեցան արևմտահայ ստեղծագործ ուժերն համախմբելու, գրական ընթացքը նպատակաուղղելու, գեղարվեստական զարգացման ուղեգծերն  ու  գաղափարագեղագիտական ըմբռնումները վերանորոգելու գործում` կենդանի պահելով արևմտահայ գրական կենսոլորտը:

Մեհենականները իրենց ծրագրային կանխագծումներում նախանշում էին ելակետային մի դրույթ`պաշտամունք և արտահայտություն հայ հոգու, որով հատկանշվում էր նաև «Նավասարդը». «Հայ  հոգին գոյ է: Պետք է բեկանել դատակնիքը, որ զԱյն լռության դատապարտած է: Առանց Հայ Հոգվույն, չկա հայ գրականություն և հայ արվեստ: Ամեն ճշմարիտ արվեստագետ` իր ցեղին հոգին միայն կարտահայտե»: Ցեղի կերպն ու դիմագիծը վերագտնելու, ցեղային ոգուն հաղորդակցվելու, ինքնատեսությամբ ցեղորեն զորանալու խնդիրն է գրականությանը  առաջադրում ցեղակրոնությունը ևս` ազգային զարգացման գրական ընթացքը նախանշելով ցեղայնացումից համամարդկայնացում. «Անարժեք է գրականությունը- «ազգի առաջապահը» չէ նա- եթե ցեղի ոգու ինքնարտահայտությունը չէ, եթե նրա մեջ ցեղի  ոգին չի ճառագայթում: Եթե մեծ թևաբախումներ ունի ժողովուրդը, ասել է` ցեղաշունչ է նրա գրականությունը, դա նշան է, որ նրա մեջ ցեղն է գործում»:

Ինչու՞ «Ցեղին սիրտ» կամ  ցեղակրոնություն, ինչպե՞ս տարբերակել «ցեղ» և «ժողովուրդ» հասկացությունները: Մի կողմ թողնելով հասարակագիտական բնորոշումները, որոնք,  ըստ էության, իմաստային տարբերակում չեն ընդգրկում, դառնանք Նժդեհին. «Ցեղը` դիմագծորեն ազգայինն է, այն տիպականը, որով ժողովուրդները տարբերվում են իրարից… Ցեղն ավելի հոգի է, քան կավ»: Ցեղի ոգու պեղումը, ժողովրդին ցեղորեն վերադաստիարակելու, ցեղի կերպը գրականությամբ ներկայացնելու հարցադրումները 20-րդ դարում ազգային գոյության նշանակության աստիճանի պահանջված էին: Ցեղակրոնությունը նույնպես ընդգծում է ցեղի խորքը պեղելու, նրա հոգևոր զորութենականությունը կիրարկելու, ցեղաճանաչությամբ ցեղային ինքնագիտակցությունը բարձրացնելու, քրիստոնյա հոգեբանությունը վերանորոգելու ներքին ուղեգիծը: Նախաքրիստոնեական հայության դիմագիծը ուղղորդեց ցեղի ընթացքը` դառնալով նրա պատմության նախապատկերը: «Ժողովուրդների հոգևոր արդյունազորությունը այնքան մեծ է, որքան բյուրեղացած է նրանց ցեղային գիտակցությունը, որքան բացահայտված է նրանց ցեղային էությունը, հոգին,-գրում է Նժդեհը:-Հազար խորհուրդ ունի հայ հոգին, որ դեռ իր խանդավառ մարգարեին կը սպասե, որ պիտի հայտնվի մի օր և զայն բացահայտե մեզ: Հայությունը ցեղաճանաչությամբ միայն կարելիություն պիտի ստանա իր էության չգիտակցված և չիմաստնավորված  ուժերը լծելու մեր ցեղի վարած անհավասար գոյամարտի գործին»: Գաղափարաբանական ընդհանրություններով հանդերձ` ցեղակրոնությունը չի նույնանում «Մեհյանին» կամ «Նավասարդին». «Անցյալի պաշտամունք չէ ցեղակրոնությունը…. ոչ էլ մեղկ ապագայապաշտություն: Մեր փառաշատ անցյալի և ապագայի մեծ հույսի ստեղծագործ մեծ կենակցությունն է դա, որից ժողովրդի հոգին իր ամենաշքեղ հղացումները կը առնե»:

Ցեղային արմատների  ընդերքում պահված հոգևոր արժեքների հայտնաբերումը և’ գրականության, և’ ազգային գաղափարաբանության ուղղորդիչ խնդիրն է: Արդիական լույսի տակ պեղել ու կիրարկել ցեղի ներքին արժեհամակարգը` ազգային կեցության նշանաբան հռչակելով, ժողովրդին տալ ինքնահիշողություն և ինքնաճանաչողություն, սերունդների պատմական շղթայում  գերպարտականության ինքնագիտակցություն, հասու դարձնել նրան իր ներքին ուժին, պարզել նրա ոգու նախաստեղծ հասակը. այստեղ է ոչ միայն Նժդեհի, այլև Վարուժանի ազգային գաղափարաբանության արժեկշիռը:

«Հայը միշտ էլ հերոսագործում է, երբ նրա առաջնորդներին  հաջողվում է, կռվի ընթացքում, հավաքական սիրտ ստեղծել»,- ասում է Նժդեհը: Վարուժանի գրական ժառանգությունը` մասնավորապես պոեզիան, ցեղի հավաքական  սրտի խորհրդանիշն է, ցեղի դիմագիծը չկորցնելու, ցեղի ոգով սպառազինվելու, ցեղից սոսկ բնակչության չվերածվելու գաղափարաբանություն: «Ժողովուրդը հաշվետես ուղեղ է, ցեղը` սիրտ, որ անհաշիվ կերպով զոհաբերել գիտե»,- ասում է ցեղակրոնությունը: «Ես  չուզեցի տեղ տալ իմ անհատական ցավերուս, գրեթե բռնի լռեցուցի իմ սիրտս ու նախընտրեցի երգել Ցեղին սիրտը, որուն բախյուններն կզգայի իմ մեջս, իմ սեփական արյունիս խորը: Հայությունը կուլար և կը մռնչեր իմ մեջս»,- գրում է Վարուժանը: Ժամանակակիցների կողմից Վարուժանը կոչվել է «Գրական ֆիդայի»: Ազատագրական պայքարի ժամանակ ֆիդայիները «Ցեղին սիրտը» փամփուշտի հետ կրում էին նաև իրենց մախաղներում:

Առաջին հրատարակությունից (1909//1910) սկսած` «Ցեղին սիրտը» առանձնացավ ոչ միայն նշանաբանային խորագրով, այլև շարքի մուտք հանդիսացող «Ձոն»-ով: Բանաստեղծական փոքր չափի մեջ Վարուժանը ընդհանրացնում է ոչ միայն իր բանաստեղծական աշխարհի համապատկերը, աjլև գաղափարանշում ազգային պատմության ողջ հոլովույթը: Բնաբանը` «Ընդ եղեգան փող բոց ելաներ»` Խորենացու առասպելաբանությունից, խտացնում է  ինչպես շարքի, այնպես էլ բանաստեղծի պոեզիայի գաղափարաբանությունը: Բանաստեղծական արվեստի կառուցվածքաբանության տեսանկյունից ևս «Ձոնը» առանձնահատուկ արժեք է.

Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.

-Քեզի ընծա~, իմ հայրենիք-

Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր…

-Քեզի ընծա~, հին հայրենիք-

Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.

Ընդ եղեգան փող լո’ւյս ելաներ:

Եղեգնյա գրիչ, փառք, Սոսյաց անտառ, քուրմ եզրույթները հեթանոսապաշտ փառահեղ ցեղի վարուժանական պաշտամունքի խորհրդանիշ են` գաղափարանշված անցյալի` «Ընդ եղեգան փող լույս ելաներ» պատկերով: «Ժողովուրդը հայ հոգու մարտիրոս կողմն է, ցեղը` հերոսական,- ասում է ցեղակրոնությունը:- Ժողովուրդն ավելի մեռելներ է տալիս, ցեղը` դյուցազներ… Ժողովրդի մշտախռով տարերքն է ցեղը»: Լույս, ողբ, սիրտ, ծուխ բանալի բառերով հատկանշվող փառքի ու տառապանքի պատմությունը պարտադրում է վերանորոգել հայ կյանքի գաղափարաբանությունը: Ցեղից ժողովրդի վերածված հայությունը հոգեփոխվելով, հեթանոսորեն վերահառնելով  կարող է հասնել ազգային իդեալին: Պայքարի խիզախումի, ոգու խոյանքի վահագնական կեցությունն է հայության գոյության ուղին: «Տակավին պաշտումով կվերաբերվիմ կռվողներուն հանդեպ»,- գրում է Վարուժանը 1907-ին: Ահավասիկ նաև՝

Ու պայքա~ր, պայքա~ր, պայքա~ր երգեցի,

-Ձեզի ընծա~, հայ մարտիկներ-

Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…

-Ձեզի ընծա~, քաջ մարտիկներ-

Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.

Ընդ եղեգան փող բոց ելաներ:

«Ցեղին հոգին արյուն կուլա մեջս,- 1909-ին նամակներից մեկում գրում է Վարուժանը,- հրդեհված քաղաքներեն եկող ամեն լուր տաք մոխիրի նման կը թափի գլուխիս և սրտիս վրա… Բայց հայը պիտի ապրի` հակառակ դահիճներուն և հակառակ իր առյուծի աչքին տակ բուսած կորեկին: Հայը պիտի ապրի ժողովուրդներու սիրազոդ շղթային մեկ ոսկի օղակն ըլլալու համար: Այս է մեր բոլորիս հույսը, հույս մը, զոր մուրճով կռեցինք, ինչպես մեր պապերեն մեկուն նիզակը, որ նպատակին կը դիմեր օդին և արևուն մեջ երգելով»: Վարուժանի պոեզիայի գեղագիտական ծրագիրը հետամուտ է հայության լինելության գերխնդրին, կամքեր կոփելու, պայքարի հզոր հրավեր կարդալու, ազգային կրավորական հոգեբանությունը սրբագրելու, ցեղային կորովով ոգեփոխելու: Բանաստեղծական այդ հզորակամ արվեստը ազգային վերելքի որոնումների ճանապարհի նշանակետային դրույթներից է. «Հայ գրագետի ապագան,- գրում է Վարուժանը,- Հայաստանի ապագան է… Նպատա՞կս.  մութի մեջ է, ինչպես դեռ մութի մեջ է հայ ազատության դատը. ամեն լույս այս ամպին հերձումեն պիտի ցայտի… Իսկ բաղձանքս,  բաղձանքս է ապագայի մարդերուն նվիրել  այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիքը ինծի պես արարած մը ծնած ըլլալուն գոնե չզղջա»: Ցեղային գիտակցության գաղափարական ճանապարհին ցեղակրոնությունը նույնպես միտված էր Թուրքիայից ունեցած մեր ազգային պահանջատիրությանը. «Մեր ժողովուրդը իր տկարության մեջ կարող է և մոռանալ թրքության մեզ հասցրած չարիքները: Ցեղը չի’ ների»:

Ցեղային ոգու վերարթնացումի գեղագիտական կողմնորոշումով հատկանշվող Վարուժանի պոեզիայում առանցքային  է ռազմի ուժակշիռը: Վարուժանի խոսքն այսպիսի դեպքերում, գեղարվեստական ուղեգծից փոքր-ինչ շեղվելով, վերածվում է համազգային ռազմի գաղափարաբանության: Համաժողովրդական դիմադրության վարուժանական գաղափարի դրսևորումներից է կռվի երթի հրավերը` ուղղված հայուհուն.

Երթանք, երթանք, Հայուհի…

Երթանք արդար բախումին:

Անդի~ն, անդի~ն կը մորթեն

Կյանքն արտին մեջ, և գաղափարը` գանգին…

«Թուրքը դեռ ծանոթ չէ մեր ցեղի բազկի ուժին,- ասում է Նժդեհը: -Նա գործ է ունեցել մեր ժողովուրդի, բայց ոչ ցեղի հետ: Նրա զենքի հաջողությունը սեփական ուժի լիությունից չէր, այլ` մեր ժողովրդի դիմադրության պակասից»:

Վարուժանի ռազմարվեստի մեջ որոշակի կշիռ ունեն մի շարք խորհրդանիշ բառ-պատկերներ` շանթ, բազե, առյուծ, արծիվ, որոնք տիպական են նաև Նժդեհի գաղափարախոսությանը և մեր ազատագրական պայքարի նշաձողային պատկերներից են: «Մեր արդար հպարտության առյուծն է ցեղը,- ասում է ցեղակրոնությունը:- Ցեղից են գալիս հայ զենքի, բազուկի  և գրչի բոլոր մեծությունները»: Ցեղի առյուծասիրտ հերոսների պաշտամունքի ինքնարտահայտություն է Վարուժանի «Հերոսները» քերթվածքը, որ եղեռնազոհ բանաստեղծի չսրբագրված պատառիկներից է:

Անոնք ծընան լայնարգանդ և լանջագեղ մայրերե,

Ծըծեցին կաթ մ’ որ ցեղին անմահության ավիշն էր:

…Իրենց մարմինն ըսպիտակ` դյուցազներու կաղապար

Զոր քանդակել կրնալու համար պիտի մ’ ուզեի

Գեթ օր մ’ըլլալ ես Աստված….

Հերոսների վարքի քանդակման չափանիշ են մեկ աստված, մեկ` հայրենի լեռները. «Եվ վաղը թող շինվին ձեր մարմարներեն ըսպիտակ //Հերոսներու արձաններ»: «Իր ընտիր մեռելների պաշտամունքը չունեցող ժողովուրդը` ապերախտ ու բարբարոս,- գրում է Նժդեհը,- անարժան է անկախ հայրենիքի, որը միշտ էլ նահատակների սրբազան աճյունից կը բարձրանա»: Հերոսների և բնության տարերքների պատկերային զուգադրությունները համատարած են Վարուժանի պոեզիայում: Ազատության բացարձակ գաղափարի պատկերակերտման գյուտով նշանավորվում է «Արծիվներու կարավանը» քերթվածքը` ձոնված հերոս նվիրյալներին. «Աստված իրենց գանգերուն մեջ կը բանտեն…»: Նաև այստեղից է սերում Վարուժանի պաշտամունքը առ Վահագնը, որ նույնն է թե ուժապաշտությունը կամ արիապաշտությունը:

Ով դու Վահագն, ո’վ աստվածն իմ հայրերուս,

Կ’ աղոթե~մ ես… կ’ աղոթե~մ…

Ուժի~ն համար, կրոնքի~ն համար բազուկիդ….

Ուժապաշտության գաղափարի սկզբունքին զինվորագրված Նժդեհը, շարունակելով Վարուժանի միտքը, գրում է. «Դու խաբված ես, ժողովուրդ, որ զոհն ես քրիստոնեական բարոյախոսության, որ շարունակում է մնալ որպես ներկ և շպար, որպես քող և դիմակ ուժեղների հոգու համար… Ուժեղինն է աշխարհը, հայրենիքը, ազատությունը և ամեն ինչ… Իսկ ուժիդ ապացույցը  տալու համար, ցույց տուր երկու բան.- առաջինը, որ գիտես մեռնել գիտակցորեն, կռվում գործոն և իմաստալի մահով, երկրորդը` որ գիտես մեռցնել»: Վարուժանի պոեզիայում Հիսուսին` որպես մահվան փառքի խորհրդանիշի, դիմադարձ է կյանքի փառքի խորհրդանիշների` հեթանոս աստվածների պաշտամունքը: Քրիստոսի հոգևոր խաչի  ճանապարհը Վարուժանը ներկայացնում է «Մատնված- տառապած- ապտակված- թըքնըված- մահապարտ- խաչված Հիսուս» պատկերաշղթայով: «Մեռած աստվածներուն» քերթվածքում, ողբալով հին աստվածների մահը, բանաստեղծը գրում է.

Մեռա~վ Խորհուրդն. և Բնությունն է արյունե’ր

Օրենքներու կարկինին սուր սըլաքով:

Ձանձրո~ւյթը մնաց, պըճնըված փուշ պըսակով,

Մարդն է ինկած գարշապարին տակ հըսկա

Խուլ Աստուծո մը հրեա…

Վերաիմաստավորելով արևելյան հին ճշմարտությունը` «Ինչ որ Աստվածն է, այն էլ իր երկրպագողներն են»,  Վարուժանը ազգային ողբերգությունների հիմքը հայտնաբերում է քրիստոնեական այս մտայնության մեջ. «Ես շա~տ եմ սիրեր»: Վարուժանի քրիստոսամերժ աշխարհայացքի գեղագիտական արգասիք է «Գողգոթայի ծաղիկներ» շարքը` «Փա~ռք սարբինային, Քրիստոս կը պատարագե» հայեցակետային բնաբանով:

Ողորմությանդ սըտությունն

Հոն վարը, տե’ս.- գյուղե~ր, գյուղե~ր և գյուղե~ր

Կը հըրդեհվին, և բոցն իրենց կը հասնի

Արարատեն բարձըր և բա’րձըր քեզմե…

«Ուզու՞մ ես վերջ տալ գերմարդկային տառապանքիդ,- ասում է Նժդեհը: -Ուզու՞մ ես վերջ տալ գողգոթայիդ, որի վրա որպես հույսի ժողովուրդ  կը մեռնես ամեն օր և չես մեռնի: Ուզում ես փրկվիլ- եղիր ուժեղ, քանզի թույլերը բարեկամ չունեն աշխարհում»: Նույն մտածության այլազան դրսևորում է Վարուժանի դրամատիկ այս խոհը. «Աղվո’ր աղջիկ, ուրիշներու արցունքին // Գիտե՞ս թե ո’րչափ աշխարհս է անտարբեր…»: Թե Վարուժանի, թե Նժդեհի գաղափարաբանության գերագույն պաշտամունքը հայրենիք-ցեղ բացարձակ արժեքն է. այստեղից նրանց աշխարհայացքային այլախոհությունը, արիապաշտ, քրիստոսամերժ գաղափարախոսությունը: «Պետք է կեղծ ու մոլար հայտարարել բոլոր կրոնները, բարոյականները, սկզբունքները, որոնք չեն դարբնում կուռ կամքեր, ուժեղ նկարագիրներ, արիներ, որոնց չգոյությունը ազգերին հաճախ է ստիպում դիմելու իրենց թշնամիների մեծահոգության»,- ասում է Նժդեհը: «Ջարդը» բանաստեղծության մեջ, ներբողելով հերոսների արիական վարքը, Վարուժանը գրում է. «Հայրենիքի Սերը վեհ // Կրոնքը կը’լլա հազարավոր կրոնքներու…»: Աշխարհայացքային նույնատիպ դրսևորում է «Բեգաս» քերթվածքը` «Ընկեր Մուրատին և իր ձիուն կայծակնավազ» ընծայականով. «Կ’ երգեմ // Արեգդեմ // Ազատությունը Մարդուն, և գերությունս Աստուծո…»: Բեգասը, ըստ դիցաբանության, Պերսեոսի և Արամազդի թևավոր նժույգն է, որի կայծակնացայտ սմբակի զարկից  ոգեշնչման աղբյուր է բացվել Նելեկոն լեռան վրա:

Ցեղակրոնության գնահատության հարցում, անտեսելով ցեղայինից մարդկային գաղափարական  ուղեգիծը, գրեթե միշտ շեշտը դրվում է նրա ազգային որակի վրա: Ցեղակրոնությունն ու «Ցեղին սիրտը» որքան ազգային, նույնքան համամարդկային բացառիկ գաղափարաբանություն են մշակույթի համաշխարհային արժեհամակարգում:

                                                                         Նարինե Հովհաննիսյան, բ.գ.թ., դոցենտ