Շփման գծում 6-7-ով կավելանա ԵԱՀԿ առաքելության դիտորդների թիվը
02.02.2018թ. 10:43:29

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը  Իտալիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անջելինո Ալֆանոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ դեռևս 2010 թվականից քայլեր են ձեռնարկվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վստահության միջոցների ամրապնդման ուղղությամբ: Ձեռք  է բերվել պայմանավորվածություն՝ որպես վստահության ամրապնդման հստակ քայլ շփման գծում 6-7-ով ավելացնել ԵԱՀԿ առաքելության դիտորդների թիվը:

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ցանկացած հակամարտության կարգավորման գործընթաց ենթադրում է զուգահեռ համաձայնեցված գործողությունների իրականացում, որոնք կհանգեցնեն անվտանգության ամրապնդմանն ու խնդրի քաղաքական կարգավորմանը:

«Այն տրամաբանությունը, թե որքան շատ կրակում են, այնքան ավելի արագ համաձայնության կգան, չի կարող աշխատել իրական կյանքում: Ակնկալում եմ, որ այն, ինչի շուրջ համաձայնության են եկել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները և որին ակտիվորեն աջակցում են Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ ներկայացուցիչները, կիրականացվի»,- նշեց Լավրովը: