Շուշիում տեղի է ունեցել ՀՅԴ կենտրոնի բացման արարողությունը
07.09.2017թ. 11:26:43

Սեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել ՀՅԴ Շուշիի Վահան Նավասարդյանի անունը կրող կենտրոնի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ, Ստեփանակերտի «Ա. Մկրտչյան» կոմիտեության անդամներ, աշխարհի տարբեր երկրներից Արցախ ժամանած հարյուրավոր կուսակցական և ՀՕՄ-ուհիներ, Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, այլ հյուրեր:

Միջոցառման սկզբում Արցախի հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանը ներկայացրել է ծնունդով շուշեցի դաշնակցական Վահան Նավասարդյանի կյանքն ու գործունեությունը:

Հակոբ Տեր-Խաչատրյանը իր խոսքում շեշտել է, որ այսօր դժվար է երևակայել, որ Շուշին, հայկական կենսունակ այն օջախը, որ մեզ Արամ Մանուկյան, Վահան Նավասարդյան է տվել, բռնագրվված, թրքացած էր: «Կտոր առ կտոր ազատագրվեց այս հողը, ազատագրվեց ՀՅԴ և այլ ազատամարտիկների արյունով: Այս Շուշին ամբողջական Հայաստան ստեղծելու քայլերից մեկն է»,-ավելացրել է Հակոբ Տեր-Խաչատրյանը:

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը զուգահեռներ անցկացրեց նույն օրը կայացած Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզի և կենտրոնի բացման միջև:

«Սերունդների և մեր ժողովրդի համար կարևոր գաղափարները ծնվում և առկա մարտահրավերներին դիմակայելու կարևոր որոշումները կայանում են հենց այսպիսի ակումբներում և կենտրոններում»,- նշել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՅԴ Կանադայի կառույցին՝ գրասենյակի վերանորոգման աշխատանքներին աջակցելու համար: