Նոր տարին չմարող երազանքով
28.12.2017թ. 13:01:31

Արցախի ներքաղաքական կյանքը 2017 թվականին հագեցած էր բուռն իրադարձություններով: 2017-ի սկզբին ԱՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մեկնարկը տրվեց, ամռանը 3 տարի անցումային ժամանակաշրժանի համար ընտրվեց ԱՀ նախագահ, իսկ աշնան սկզբին կազմավորվեց կառավարություն ԱՀ նախագահի գլխավորությամբ: ՀՅԴ Արցախի կառույցն ակտիվ մասնակցություն ունեցավ ներքաղաքական բոլոր իրադարձություններին: Դժվար բայց սկզբունքային որոշմամբ ՀՅԴ-ն դեմ էր Սահմանադրության փոփոխույունների տարբերակին, սակայն դա չխանգարեց մնալ որպես իշխանական հիմնական 3 քաղաքական ուժերից մեկը:

Քաղաքական ասպարեզում նման ծավալուն փոփոխությունները բնականաբար  իր հետ բերում է  ակնկալիքների և սպասումների  ստվար խմբաքանակ: Բնական է, որ յուրաքանչուր քաղաքացի նման փոփոխություններից ցանկանում է տեսնել բարելաված հնարավորություններ և ակնկալում կառավարման համակարգում ի շահ քաղաքացու ակնառու քայլեր: Սա ինքնին պարտավորեցնող է: Պարտավորեցնող՝ յուրաքանչյուր իշխանավորի և առավելաբար իշխանությանը մաս կազմող քաղաքական ուժի համար:

Դաշնակցության Արցախի կառույցը գիտակցում է այդ պատասխանատվությունը: Հատկապես այն հետնապատկերի վրա, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները և դրանից բխող օրենսդրական և քաղաքական դաշտը ՀՀ-ում հասարակության մեջ առաջացրել է գալիք օրվա հանդեպ հուսադրության դրական մթնոլորտ: Արցախի ժողովուրդը ևս չպետք է անմասն մնա այդ հուսադրող մթնոլորտի զգացումը վայելելուց: Իսկ դա պարտավորեցնում է առավել լրջորեն աշխատելու առավել թիրախային ու նպատակադրված լինելու և հասարակությանը չհուսալքելու նախանձախնդրությամբ:

Ահա այս գիտակցությամբ է, որ թևակոխում ենք 2018 թվականը: 2018 թվականը, որը հագեցած է հոբելյանական թվականներով:   Հայկական պետականության վերականգնման 100-ամյակ, Արցախում պետականության վերակերտման գործընթացի 100-ամյակ, Արցախյան շարժման 30-ամյակ. երեք հոբելյանական թվականներ, որոնք հիմք են հայկական զույգ հանրապետությունների լինելիության, հիմնաքարերն են մեր գոյատևման: Պետք է գիտակցաբար մոտենալ՝ հասկանալու համար, թե նշյալ երեք հոբելյանական օրերը ինչ վիթխարի իմաստ են պարունակում իրենց մեջ: Իսկ ըմբռնելով այդ իմաստը, անխուսափելիորեն կարելի է դասեր քաղել այդ իրադարձությունների մսանակիցների և դրանց կերտողների գործից, երազանքներից կերտած վեհ գաղափարից: ՀՅԴ-ն իր մեծ և անհերքելի ներդրումն է ունեցել հայոց պետականության վերականգնման այս երեք հոբելյանական օրերի կերտման գործում: Իսկ այժմ հավատացած է, որ հայկական զույգ հանրապետություններում պետական մակարդակով պետք է հիշատակվեն այդ օրերը հավուր պատշաճի: Հիշատակվեն, որպեսզի հնարավոր դառնա վառ պահել հայրենասիրական այն թելադրող շունչը, որը յուրաքանչյուրիս մեջ պետք է թելադրի պետականության հանդեպ պատասխանատվության զգացում:

 Հավատացած ենք, որ պատասխանատվության զգացումով տոգորված անհատն է միայն, որ կարող է իր ուսերի վրա կրել պետական համակարգի արդյունավետ գործունեության բեռը: Իսկ միայն այդ բեռը անկեղծորեն կրող ահատն է, որ կարող է հասարակության մեջ վառ պահել հայրենի պետքության ապագայի հանդեպ չմարող  երազանքը:

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ:

<<Ապառաժ>>-ի խմբագրական, 28 դեկտեմբեր, 2017թ․