Նոր Ջուղայի «Հայ կանանց գթություն» միությունը՝ Արցախյան պատերազմի վիրավորի համար
06.09.2017թ. 14:08:37

Իրանի Նոր Ջուղայի «Հայ կանանց գթություն» միության օրակարգի հիմնական եւ առաջնային կետերից է Արցախը: Արցախում կյանքի են կոչել  և իրականություն դարձրել տարբեր ծրագրեր՝ աջակցություն զոհված և ծնողազուրկ երեխաներին, կարիքավոր եւ բազմազավակ ընտանիքներին, սահմանամերձ գյուղերի երեխաներին, Արցախյան պատերազմի հաշմանդամներին:

«Հայ կանանց գթություն» միության ջանքերով իրանահայ նվիրատուների կողմից տրամադրված դրամական օգնությունը սեպտեմբերի 5-ին փոխանցվել է Նաիրա Վարդանյանին՝ որդու կրկնակի վիրահատության ծախսերը հոգալու համար: Տիկին Նաիրայի որդին՝ Էրիկը, Արցախյան պատերազմի ընթացքում 2 անգամ ուղեղի ցնցում և բեկորային վիրավորում է ստացել: Բարերարների աջակցության շնորհիվ 1 անգամ արդեն վիրահատություն տարած որդին երկրորդ անգամ պիտի վիրահատվի: «Անցած տարվա հոկտեմբերին մասնագետները մեկ ամիս ժամանակ են տվել վիրահատությունը կատարելու համար, մինչև հիմա գումար եմ հավաքում»,- ասել է Նաիրա Վարդանյանը՝ շնորհակալություն հայտնելով իրանահայ նվիրատուներին:

Գումարը հասցեատիրոջն է փոխանցել միության անդամ Արմինե Սիմոնյանը, ով կարևորել է հայրենիքի պաշտպանության համար զոհված և վիրավորում ստացած ազատամարտիկներին և նրանց ընտանիքներին ուշադրության կենտրոնում պահելը: