Նոր համազարկեր զորքերի շփման գծում. ու՞մ է դա ձեռնտու
18.07.2017թ. 11:56:50

Հարցի պատասխանը, կարելի է ասել, ի սկզբանե հայտնի է համազարկերի հեղինակներին՝ թե դրանք նախաձեռնած և թե դրանց պատասխանած կողմերին, ու կարծես լրացուցիչ պարզաբանումների կարիք չի զգում։ Այն պարզից էլ պարզ է նաև միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համար։ Ու չնայած դրան, այնուամենայնիվ հարցը շարունակում է մնալ հրատապ քննարկման թեմա՝ խոհանոցներում լինի, վերլուծական կենտրոններում, թե միջազգային հարթակներում։

Եվ քանի որ այդպես է, ուստի վերստին շեշտենք. իրականում ու՞մ էին ձեռնտու արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում հուլիսի 4-ին սկիզբ առած համազարկերը։ Առավել ևս, որ դրանց հավանականությունը կարծես թե չէր զգացվում հատկապես հենց այդ օրը, երբ ԵԱՀԿ առաքելությունը, ըստ նախատեսված ժամանակացույցի, պլանային դիտարկում էր անցկացնում շփման գծի մեկ այլ՝ Մարտունու շրջանի արևելյան հատվածի ուղղությամբ։ Այո, ադրբեջանական կողմն այդ օրը ԵԱՀԿ առաքելությանը թույլ չի տվել դուրս գալ իր առաջապահ դիրքերը։ Բայց, համաձայնենք, առաջին անգամը չէ դա: Ադրբեջանական կողմը հարաբերական հրադադարի ողջ ընթացքում բազմիցս է դիմել նման կամայական քայլերի, ինչը կարծես թե սովորական, առօրեական երևույթ է դարձել մեզ, ինչու՞ չէ՝ նաև ԵԱՀԿ միջնորդական կառույցի՝ Մինսկի խմբի համանախագահների համար։ Հակառակ պարագայում, այսինքն՝ եթե դիտորդական առաքելությունը դուրս գար առաջնագիծ, գուցե թե այս կամ այն չափով պարզվեր ու կանխվեր Բաքվի հերթական արկածախնդրությունը։ Փառք Աստծո, կապի արդի միջոցները տալիս են դրա հնարավորությունը։ Այլ կերպ ասած, ՙբանը կհասներ դիվանբաշուն՚, իսկ որ միջնորդական եռյակը կարող է ճնշում գործադրել հակամարտ կողմերի, տվյալ պարագայում՝ նախահարձակ կողմի՝ Ադրբեջանի վրա, ասենք թե՝ մատ թափ տալով արգելեր ու կանխեր նրա ծրագրած այդ ծավալուն խախտումը, կարծում եմ, կասկածի տեղիք տալ չի կարող։ Ի վերջո, եթե հակամարտ կողմերի համար ցանկացած բախում անխուսափելի մարդկային զոհերի ու նյութական վնասների խնդիր է պարունակում, ապա ԵԱՀԿ-ի և նրա Մինսկի խմբի համանախագահ երկրների համար այն արդեն արժանապատվության ու հեղինակության խնդիր է։

Բոլոր դեպքերում, համոզված եմ, ԵԱՀԿ առաքելությունը Բաքվի կամայական որոշմամբ առաջապահ դիրքեր չհանելու այդ իրողությունը կարող էր էական գործիք ծառայել հուլիսյան փոխհրաձգությունները կանխելու գործում։ Իսկ եթե անգամ անհաջողության մատնվեին միջնորդական ջանքերը, ապա նույնքան էական ապացույց կհանդիսանար ադրբեջանական զինուժի կողմից առաջինը հրադադարի ռեժիմը խախտելու փաստը համանախագահության հրապարակված հայտարարություններում բացահայտ վերահաստատելու համար։ Չնայած, կասկած չունեմ, միջնորդական առաքելությունը հստակ քաջատեղյակ է, թե ով է մեղավոր։ Ինչպես որ տեղյակ էր 2014-ի օգոստոսի բախումների ժամանակ։ Ինչպես որ տեղյակ էր 2016-ի ապրիլյան բախումների ժամանակ։ Այլ բան է, որ առաջացած իրավիճակի իրենց գնահատանքներում նրանք դարձյալ առաջնորդվում են համահարթեցման, հավասարեցման, վաղուց ի վեր իր դարն ապրած միևնույն ստանդարտով։ Թե ինչու՞, քանիցս է ասվել, չկրկնենք։ Ասողին լսող էլ է պետք։

Այնուամենայնիվ, նորից կրկնեմ հարցը. ու՞մ էր այս ամենը ձեռնտու։ Հակամարտության հայկական կողմերի՞ն՝ Հայաստանին և Արցախին։ Ադրբեջանի՞ն։ Փորձենք պարզել։

Հայաստանի և Արցախի պահվածքում անզեն կամ նույնիսկ զինված աչքով անգամ հնարավոր չէ մեղքի նշույլ հայտնաբերել։ Թե Երևանում և թե Ստեփանակերտում ամենայն պատասխանատվությամբ գիտակցում են, որ վատ խաղաղությունը, այնուամենայնիվ, շատ ավելի լավ է, քան լավ պատերազմն իր աղետալի հետևանքներով։ Հետևապես և հասկանալի է հայկական կողմերի նախապատվությունը բանակցային երկխոսությանը, այսպես ասած՝ բանավիճային մենամարտին։ Դա նաև շահագրգիռ միջազգային հանրության կամքն է, ինչը միանգամայն համահունչ է պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի սկզբունքային դիրքորոշմանը։ Հայաստանը և Արցախը երբեք պատերազմը չեն դիտարկել որպես հիմնախնդրի լուծման առաջնահերթ միջոց՝ մշտապես համարելով, որ խաղաղ բանակցային կարգավորումն այլընտրանք չունի։ Եվ եթե նույն հուլիսի 4-ի երեկոյան Արցախի Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկեցին պատասխան գործողություններ, ապա դա բառիս բուն իմաստով ոչ այլ ինչ էր, քան՝ հարկադրված քայլ։ Այլապես դժվար չէ պատկերացնել այն ծանր հետևանքները, որ կարող էր պատճառել ադրբեջանական նախահարձակ հրաձգությունը։ Եվ ամենևին արցախյան ուժերի մեղքը չէ, որ պատասխան գործողության հետևանքով զոհեր եղան ադրբեջանական կողմի նաև քաղաքացիական բնակչության շրջանում։ Դա երևի անխուսափելի էր։ Անխուսափելի էր, քանզի ադրբեջանական կրակակետը, որտեղից կրակում էին այդ հռթիռային կայանքները, տեղակայված էր հենց նույն այդ գյուղի անմիջական հարևանությամբ՝ բնակելի տներից մի քանի մետր հեռավորության վրա։ Այլ կերպ ասած՝ Բաքուն իր հարվածային ուժերի համար պաշտպանական վահան է դարձրել քաղաքացիական բնակչությանը՝ ենթադրելով, իսկ գուցե և վստահ լինելով, որ հայկական զինուժը պատասխան կրակ չի բացի այդ ուղղությամբ, իսկ ինքը կարող է անպատիժ շարունակել արցախյան դիրքերի գնդակոծությունը։ Ու հիմա, երբ այլևս անշրջելի է տեղի ունեցած փաստը, Բաքուն վայնասուն է բարձրացրել աշխարհով մեկ՝ մանկուրտի իր հոգեբանությամբ ու գիտակցությամբ փորձելով մոռացության մատնել տալ եղերական դեպքը Մարտունի շրջկենտրոնում՝ անցյալ տարվա ապրիլի սկզբներին, երբ  իր զինուժի հրետակոծության հետևանքով զոհվեց արցախցի դպրոցական Վաղինակ Գրիգորյանը, իսկ երկու այլ տղեկներ ծանր վիրավորվեցին։

Շարունակենք հարցի պատասխանի որոնումները։ Ադրբեջանում, վստահաբար կարելի է ասել, այլ չափանիշներ են գործում։ Արցախի խնդրում Բաքվի դիրքորոշումը շփման և ոչ մի եզր չունի հակամարտությունների համընդունելի քաղաքակիրթ կարգավորման հետ։ Ղարաբաղն ամբողջությամբ կամ պատերազմ։ Ահա ադրբեջանական իշխանությունների սկզբունքը։ Դա, իհարկե, ներկայիս հաշվարկով։ Հեռանկարը Բաքուն տեսնում է այլ ծավալային ընդգրկման մեջ՝ ներառելով նաև Հայաստանի Հանրապետության տարածքը, այն համարելով Ադրբեջանի պատմական հող։ Պատահական չէ, որ անգամ օտարազգի շատ վերլուծաբանների գնահատանքով՝ Ադրբեջանի դիվանագիտական ջանքերը, մասնավորապես Արցախյան խնդրում, նշույլ անգամ կառուցողականություն չեն պարունակում։ Բաքվում առկա է մի անհեթեթ կացություն, երբ աջ ձեռքը չգիտե, թե ինչ է անում ձախ ձեռքը։ Զուր չէ, որ ինչպես վերջերս հայտարարել է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը, ադրբեջանական ապաշնորհ դիվանագիտությունը տանուլ է տալիս բացարձակապես բոլոր ուղղություններում։

Քաղաքական վերլուծաբանները՝ մեկնաբանելով, թե ինչն է Բաքվին դրդել դիմելու հրադադարի հուլիսյան խախտումներին, տարբեր պատճառներ են մատնանշում. ներքին սպառման գործոն՝ կյանքի վատթարացող պայմաններից բնակչության շրջանում հարաճուն դժգոհությունն ու բողոքն արտաքին վտանգի ահագնությամբ սքողելու համար, հայկական կողմերին նոր պատերազմի սանձազերծմամբ սպառնալիք, միջազգային հանրությանը, առանձնապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը բացառապես Բաքվի շահերը պարտադրելու ցանկություն, խաղաղ բանակցությունների այլընտրանքի՝ ուժի կիրառման անխուսափելիության ապացույց, բանակցային գործընթացն այլ միջազգային հարթակ տեղափոխելու անհրաժեշտության կարևորում, Մեծ քսանյակի Համբուրգյան գագաթնաժողովի ուշադրության գրավում և այլն, և այլն։ Անշուշտ, իրական կամ իրականությանը մոտ են պատճառահետևանքային կապի այդ տեսլականները, որոնք թե առանձին-առանձին և թե իրենց ընդհանրության մեջ պարունակում են մեր հնչեցրած հարցի պատասխանը, այսինքն՝ այն, թե որտեղ է ՙթաղված շան գլուխը՚։

Միքայել Հաջյան