Նորմալ չէր, որ Մակրոն-Էրդողան հանդիպմանը չքննարկվեց Հայոց ցեղասպանության հարցը, մենք դատապարտում ենք դա․ Մուրադ Փափազյան
09.01.2018թ. 12:42:15
Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհուրդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից առաջ և հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված հայտարարություններով էր հանդես եկել: Tert.am-ի հետ զրույցում Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը ներկայացրեց՝ իրենց հայտարարության մեջ նշել էին, որ դեմ չեն, որ Ֆրանսիայի և Թուրքիայի միջև հանդիպումներ լինեն, բայց երբ Ֆրանսիայի պես երկիրն ընդունում է Թուրքիայի պես երկրի, այն էլ Էրդողանի պես նախագահի կողմից ղեկավարվող, Ֆրանսիան պետք է իր խոսքը հստակ ասի: 
 
«Ֆրանսիան ու Թուրքիան դաշնակից երկրներ են, կան մի քանի հարցեր՝ անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի և այլն, և նորմալ է, որ Ֆրանսիան այս ուղղություններով համագործակցի Թուրքիայի հետ: Սա հստակ է, և հակառակը որևէ մեկը չի կարող ասել: Ֆրանսիայի նախագահը Էրդողանի հետ հանդիպմանը բարձրաձայնեց մաքսային իրավական հարցերի, բանտարկված լրագրողների, Թուրքիայի Եվրամիության անդամ դառնալու անկարելիության հարցերը: Բայց նա չանդրադարձավ Հայոց ցեղասպանության, Կիպրոսի և քրդերի հարցերին: Մենք դատապարտեցինք և դատապարտում ենք դա, որովհետև դա նորմալ չէր: Իր պարտականությունն էր դա, որովհետև Ֆրանսիան, որպես ժողովրդավարական երկիր, որպես օրինակ, Եվրոպայի մեջ լիդեր պետություն, պետք է միշտ իր խոսքն ասի այդպիսի երկրների ղեկավարներին»,- ասաց նա:
 
Մուրադ Փափազյանը համաձայնեց՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համար կարևոր են այլ երկրների հետ տնտեսական հարաբերությունները: Նա մատնանշեց, որ Թուրքիան և Ադրբեջանը կարևոր շուկա են Ֆրանսիայի համար: «Մենք նաև մեր՝ Մակրոնին ուղղված հայտարարության մեջ դատապարտեցինք, որ պետք չէր հանդիպման առաջին իսկ պահին ստորագրեին ռազմական համագործակցության պայմանագրեր: Մենք վտանգված ենք, որ Թուրքիան և Ադրբեջանը նման քաղաքականություն են վարում: Օլանդի նախագահության ընթացքում նման խնդիրներ չկային: Մենք աշխատանք ենք տարել Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայ դատի, Արցախի ճանաչման հարցերի ուղղությամբ: Հիմա էլ մենք պետք է աշխատենք, դժվար է լինելու, բայց պետք է աշխատենք»,- ասաց նա:
 
Ֆրանսահայ գործչի խոսքով՝ դժվար է լինելու ներկայիս նախագահի Ֆրանսուա Մակրոնի հետ աշխատելը, բայց պետք է, որ Հայաստանն էլ Ֆրանսիայի համար կարևոր երկիր լինի: «Հայաստանը փոքր երկիր է, բայց կարող է հանգրվան լինել այլ երկրների ընկերությունների համար»,- ասաց նա: 
 
Մուրադ Փափազյանը, որպես Ֆրանսիային հետաքրքրող բան, մատնանշեց  Հայաստանում այս տարի սպասվող իրադարձությունները: «Այս տարի Առաջին հանրապետության 100-ամյակն  է: Այստեղ ներկա է լինելու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը: Պատմական նախաձեռնություն է, և պետք է որ հաջողենք»,- ասաց նա:
Երկրորդ, Ֆրանսիային հետաքրքրող միջոցառումը, ըստ Մուրադ Փափազյանի հոկտեմբերին Հայաստանում Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումներն են, որին մասնակցելու է անձամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: 
 
«Այս տարի նախաձեռնություններ պետք է լինեն, որպեսզի Հայաստանն արժևորվի: Դա շատ կարևոր, պատմական է լինելու, եթե հաջողություն արձանագրենք: Բայց կրկին հարց կա, և բոլորս պետք է գիտակցենք, որ Թուրքիան և Ադրբեջանը  տեսնում են, որ հայկական սփյուռքը հաջողել է Ֆրանսիայում ունենալ ամենաբարձր մակարդակներում իր կապերը և գուցե դրա դեմ քայլեր ձեռնարկի: Չկա ուրիշ մի երկիր, որտեղ նախագահը գալիս է մասնակցելու հայության կազմակերպած միջոցառմանը: Մենք մեր ուժերը պետք է ուղղենք, միացնենք, աշխատենք այդ ուղղությամբ: Հստակ է, որ մեզ համար դժվար է լինելու հիմա, քանի որ Մակրոնի խնդիրը երկիրը տնտեսապես բարելավելն է լինելու»,- ասաց նա:
 
Ֆրանսիայի նախագահը, ըստ Մուրադ Փափազյանի, ստացել է Հայկական ընկերությունները համակարգող խորհրդի հայտարարությունը, բացի այդ, նրանք պատրաստվում են իրենց դիտարկումները ներկայացնել խորհրդի այս տարվա ընթրիքին, որին հնարավոր է ներկա  լինի նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: