Նիդերլանդների խորհրդարանի դիմաց Ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ հավաք է անցկացվել
21.04.2017թ. 10:17:35

Հաագայի՝ Het Plein հրապարակում, Նիդերլանդների խորհրդարանի դիմաց տրվել է Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը:

Հանրահավաքը բացել է ՀՅԴ Նիդերլանդների Հայ դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը: Այնուհետև ելույթներ են ունեցել Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ, գրում է Չեխիայի «Օրեր» ամսագրի կայքը:

Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների անունից Ինգա Դրոստը նշել է Նիդերլանդներում վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվող նոր կառավարության կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման անհրաժեշտությունը։

Նիդերլանդների խորհրդարան պահանջագիր ներկայացրած Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների պատվիրակության անդամները միացել են Հաագայի Het Plein հրապարակում Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի առիթով կազմակերպած բողոքի ցույցին:

Ինգա Դրոստը ներկաներին պատմել է խորհրդարանում հանրագրի հանձման և տեղի ունեցած հանդիպման մասին: Հոլանդահայ ֆեդերացիայի նախագահ Մաթո հախվերդյանը անրադարձավ Հայոց Ցեղասպանության 102-ամյակի միջոցառումներին: