Նա չգիտեր, որ հայ է…
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Նա չգիտեր, որ հայ է…

Նա չգիտեր, որ հայ է…

Ցեղասպանության հետեւանքով իսլամացած հայերի մասին շատ էի լսել, բայց չէի հանդիպել: Չգիտեի, որ մի օր կարող եմ հանդիպել, այն էլ` Հայաստանում:

 

Իբրահիմին ծանոթացա Համահայկական 6-րդ խաղերի ժամանակ: Ընդհանուր ծանոթի միջոցով իմացա, որ ծագումով հայ է եւ որոշեցի հանդիպել: Իբրահիմը հուզվեց, երբ իմացավ, որ ցանկանում եմ զրուցել հետը, հատկապես, երբ իմացավ, որ Արցախից եմ:

 

Իբրահիմն ապրում է Մուշում,ամուսնացած է, ունի 3 զավակ: Ինչպես նա է պատմում`մի քանի տարի առաջ է իմացել, որ հայ է: «Մենք միշտ որպես քուրդ ենք ապրել, ծնողներս երբեք չեն ասել, որ մենք հայ ենք, երևի վախից կամ մեկ այլ պատճառով լռել են:

 

Սակայն Մուշի տարիքով քրդերը շատ լավ գիտեն, թե  Մուշում ով ինչ պատմություն, ինչ ծագում ունի: Նրանցից էլ շատ պատահական իմացա, որ ծնողներս հայ են, հարցրեցի` ծնողներս չժխտեցին»,- պատմում է Իբրահիմը եւ ավելացնում, թե պարզել է, որ իր նախնիները Սասունից են գաղթել Մուշ: Ցեղասպանությունից փրկվելու համար` իսլամացել են, ապրել քրդերի հետ որպես քուրդ:

 

Իբրահիմը խոսում է րքրդերեն, մի քանի հայերեն բառեր գիտի միայն, որ ինքնուրույն է սովորել: Նրան թարգմանում էր ընկերը, ով Ստամբուլից է եւ հայերեն ավելի լավ գիտի:

 

«Մեծ պապիս անունը եղել է Սաքո Սարգսյան,- ասում է Իբրահիմը,-  ինձ համար ցնցող էր, երբ իմացա ծագմանս մասին: Հավատալ չէր լինում: Որոշեցի` հայերի փնտրել, հայերեն սովորել»:

 

Իբրահիմն իմացավ, որ Մուշում գործում է «Տարոն-Մուշ» հայկական միությունը եւ միացավ միությանը: Միությունը կոչված է համախմբելու տեղի հայերին, պահպանելու նրանց հայեցիությունը, չիմացողներին հայերեն ու հայոց պատմություն ուսուցանելու: Իբրահիմն այնտեղ առաջին անգամ հայերենին ծանոթացավ եւ հիմա մի քանի բառեր, մի քանի պարզ նախադասություններ գիտի:

 

«Տարոն-Մուշ» միությունը Համահայկական խաղերին մասնակցել է ֆուտբոլային թիմով, Իբրահիմն էլ թիմի կազմում է հանդես եկել: «Ճիշտ է` թիմը հաջողություն չունեցավ, բայց ես ուրախ եմ, որ առաջին անգամ Հայաստան եկա: Ես եղա Գառնիում ու Գեղարդում: Գեղարդն ինձ վրա մեծ տպավորություն գործեց, հուզմունքս անհնար էր թաքցնել: Դա մեր պատմությունն է, դա նաեւ իմ ու իմ նմանների պատմությունն է, որի մասին չգիտեի, որը նոր գտա…»: 

 

Իբրահիմը պատմում է, որ Մուշում շատ կան իսլամացած, ծպտյալ հայեր ու նրանցից շատերին ճանաչում է անձամբ: Նրանցից շատերը նոր են իմացել իրենց հայկական ծագման մասին, որովհետեւ նախնիները թաքցրել են դա: «Քրդերի շրջապատում շատ դժվար է որպես հայ մնալը»,- ասում է:

 

Իբրահիմը երկու հորեղբայր ունի, մեծ հորեղբայրը 125 տարեկան է: «Երբ իմացա, որ հայ եմ, հարցրեցի հորեղբորս, եւ նա պատմեց, որ ինքը տեսել է Ցեղասպանությունը, հիշում է` ինչպես էին ավերում, սպանում, թալանում, խարազանում. ոչինչ չէին խնայում»,- պատմում է իմ զրուցակիցը եւ ավելացնում. «Երևի նման հայերը հրաշքով են փրկվել, բայց նրանց մեղադրելու չէ, նրանք ստիպված էին ծպտյալ ապրել»:

 

Իբրահիմը երկար չխոսեց, երևում էր, որ հուզվում է հայերեն չիմանալու պատճառով: Նա ասաց, որ այլեւս իրեն ոչինչ չի բաժանի Հայաստանից, հաջորդ անգամ կնոջն ու երեխաներին էլ կբերի…

Հերմինե Ավագյան

 
1