Նախագահի մեր թեկնածուն ունի կամք, վճռականություն և նպատակասլացություն
15.07.2017թ. 16:33:30

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն որոշում էր կայացրել Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններում առաջադրել Բ.Սահակյանի թեկնածությունը: Նշյալ ընտրությունների կարգի, Դաշնակցության որոշման հիմունքների եւ ակնկալիքների մասին «Ապառաժ»-ի հարցերին պատասխանում է Արցախի ՀՅԴ ԿԿ անդամ, Արցախի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը:

 

Մինչ այժմ Արցախում նախագահն ընտրվել է համաժողովրդական ընտրություններով, իսկ այժմ դա տեղի է ունենալու խորհրդարանի միջոցով: Ո՞րն է պատճառը:

– Արցախի Հանրապետությունն ապրում և գործում է իր քաղաքացիների կողմից ընդունված Սահմանադրության մեջ մատնանշված օրենքներով: 2017 թ. փետրվարի 10-ին ԱՀ ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը «այո» ասաց նոր Սահմանադրությանը, որի 12-րդ գլուխը՝ եզրափակիչ և անցումային դրույթները, հստակ պատասխանում են Ձեր հարցին:

Վերոհիշյալ գլխի 168-րդ հոդվածի համաձայն` ԱՀ Ազգային ժողովին տրվում է նմանօրինակ իրավասություն՝ ընտրել հանրապետության նախագահին: Ըստ այդ Սահմանադրության` 2020 թ. Արցախի ժողովուրդը միաժամանակ կընտրի ինչպես հանրապետության նախագահին, այնպես էլ Ազգային ժողովի պատգամավորներին:

ՀՅԴ Արցախի կառույցը, դեմ լինելով սահմանադրական փոփոխություններին, առաջադրել է նախագահական համակարգի թեկնածու: Արդյո՞ք հակասություն չեք տեսնում այս առումով:

– Այսօր էլ ՀՅԴ Արցախի կառույցը շարունակում է մնալ այն տեսակետին, որ երկրի կայուն և համաչափ զարգացում առավել նպաստավոր կլիներ կառավարման խորհրդարանական համակարգի գոյության պայմաններում: Բայց ժողովուրդն ընտրեց նախագահական համակարգը:

ՀՅԴ-ն ժողովրդի ծնունդ կառույց է, և նա, բնականաբար, չի կարող հակադրվել ժողովրդի կամքին: Գտնում եմ, որ Դաշնակցությունը պետք է ապրի և գործի այն օրենքների շրջանակներում, որն ընդունելի է ժողովրդի մեծամասնության համար: Այլ բան է, որ Դաշնակցությունը պետք է ամենօրյա աշխատանք կատարի քաղաքական ուժերի և հասարակության լայն շերտերի հետ և համոզի իր գաղափարների ճշմարտացիությունը:

Մեր պատմության մեջ նմանօրինակ դրվագներ շատ են արձանագրվել: 19-րդ դարի վերջերին Դաշնակցությունը հայությանը համոզում էր, որ նա իր հայրենիքում ազատ ապրելու իրավունք ունի, և դրան կարելի է հասնել միայն ու միայն ազատագրական պայքարի միջոցով: Ստրկության շղթաների մեջ գամված ժողովրդի համար դա դժվար էր հասկանալ: Ավելին, այն ժամանակ շատ գործիչներ դա խելահեղ և ազգադավ ծրագիր էին համարում: Դաշնակցությունը զենք վերցրեց և ժողովրդի առջևից քայլելով ոչ միայն ազատագրեց հայրենիքի մի հատվածը, այլև վերականգնեց պետականությունը: Կատարվեց անկարելին:

Տասնամյակներ շարունակ հայրենիքից հալածված Դաշնակցությունը հավատում էր, որ պիտի վերադառնա Հայաստան: Վերադարձավ և ժողովրդի հետ միասին խորհրդային ամբողջատիրության պայմաններում ազատագրեց կորուսյալ հայրենիքի մի հատվածը: Այսօր մենք ունենք ՀՀ և ԼՂՀ:

Մեր նորագույն պատմության շրջանում մենք անընդհատ խոսել ենք հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի մասին: Մեր օրերում դա արդեն իրականություն է: Նման օրինակներ կարելի է շատ բերել:

Մենք` որպես դաշնակցականներ, իրավունք չունենք հոգնելու, առավել ևս՝ հիասթափվելու: Միայն քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարող ենք հասնել ցանկալի արդյունքի, որն էլ այսօր մենք կատարում ենք: Հեռու չէ այն օրը, երբ մեր երկու զույգ հանրապետությունները կդառնան տարածաշրջանի զարգացող, ժողովրդավարական, հզոր երկրներ, որը կունենա հավաքական մեկ անուն՝ Հայաստանի Հանրապետություն: Այնպես որ, ՀՅԴ-ն չի կարող քաղաքական գործընթացներից դուրս մնալ, և նախագահի թեկնածուի առաջադրումը ամենևին էլ չի հակասում մեր մոտեցումներին ու սկզբունքներին:

ՀՅ Դաշնակցության Արցախի կառույցը 2007թ. և 2012թ. նախագահական ընտրություններին  պաշտպանել է Բակո Սահակյանի թեկնածությունը: Ըստ ձեզ` Բ. Սահակյանի նախագահության 10 տարիների ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել Ղարաբաղը, և արդյո՞ք արդարացվել են Դաշնակցության սպասելիքները:

– Ընդհանուր առմամբ` նախագահ Բակո Սահակյանի հետ մեր 10 տարիների համագործակցությունը կայացել է, և բավարար է:  Չնայած բազմաթիվ դժվարություններին` մեր երկիրը բավականին հաջողություններ է արձանագրել:

Արտաքին քաղաքականության ասպարեզում նախագահ Բակո Սահակյանը տարբեր ձևաչափերով բազմիցս հայտարարել է ԼՂՀ տարածքային ամբողջականության մասին, և որ մեր հայրենիքի ազատագրված հատվածները մեր պետության անօտարելի մասերն են:

Հայտարարություններից բացի, նախագահի հետ համագործակցաբար ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցների հետ աշխատանք է տարվում` միջազգայնորեն ճանաչելի դարձնելու ԱՀ-ն: Այսօր նախագահի գլխավորությամբ Արցախի իշխանությունները համակարգված աշխատանք են տանում վերաբնակեցված տարածքների զարգացման գործում:

Բանակաշինությունը Դաշնակցության կարևորագույն հարցերից մեկն է: Այդ ասպարեզը մշտապես գտնվում է նախագահի ուշադրության կենտրոնում: Բակո Սահակյանի ջանքերով 2016 թ. ապրիլյան իրադարձություններից հետո աննախադեպ ծավալուն աշխատանքներ է կատարվել առաջնագծի կահավորման, նոր ինժեներական կառույցների ստեղծման, սպառազինման, սպայական անձնակազմի ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման ուղղությամբ: Հար և նման փաստերն ակնառու են:

Այս տասը տարիների ընթացքում Բակո Սահակյանը երկրի քաղաքական ուժերի և հանրության լայն շերտերի համերաշխությունը և միասնականությունը ապահովելու առաքելությունը պատվով կատարեց: Պատերազմող երկրի համար առանց ժողովրդի միասնականության անհնարին է հաջողություն արձանագրել: Ի դեպ, նախագահի` որպես քաղաքական գործչի հատկանիշներն ու խառնվածքը այս հարցում էական դերակատարություն են ունեցել:

Մենք որոշակի հաջողություններ արձանագրել ենք նաև երկրի տնտեսական կյանքում: Խոսքս մերկապարանոց չլինելու համար բերեմ մի քանի տվյալներ ու փաստեր: Եթե 2009 թ. համախառն ներքին արդյունքը կազմել է 102.3 մլրդ դրամ, ապա 2016 թ. այդ թիվը աճել և հասել է 229.7 մլրդ դրամի: 2007 թ. առայսօր տարեկան տնտեսական աճը կազմել է 9-11 տոկոս:

Արցախը էլեկտրաէներգիա ներկրող երկրից վեր է ածվել այդ արտադրատեսակը արտահանող երկրի: Եթե 2009 թ. Արցախում արտադրվել է 119.2 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ապա 2016 թ.՝ 296.4 մլն կՎտ/ժ: Լիովին թարմացվել է տրակտորների և կոմբայնների խմբաքանակը: Վերջնականապես լուծվել է Ստեփանակերտի շուրջօրյա ջրամատակարարման հարցը: Այս տարիներին իրականացվել են սոցիալական բազմաթիվ ծրագրեր:

Նշանակալից հաջողություններ է արձանագրվել կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարում: Այսօր վստահ կարող ենք արձանագրել, որ կաշառակերությունը իսպառ արմատախիլ է արված իրավապահ մարմինների աշխատանքում: Հասարակական անվտանգության տեսանկյունից Արցախի Հանրապետությունը առաջատար երկրների շարքում է: Դրա մասին վկայում են նաև մեր երկիր ժամանած քաղաքական գործիչներն ու զբոսաշրջիկները:

Նման փաստեր կարելի է շատ բերել:

Բնականաբար, այս ամենով չպիտի բավարարվել: Աշխարհին համաքայլ լինելու համար ավելի հավակնոտ ծրագրեր պիտի իրականացվեն:

Ի՞նչ ակնկալիքներ ունեք  Ձեր կողմից առաջադրված նախագահի թեկնածուից առաջիկա 2.5 տարիների ընթացքում:

– Այսօր մենք բազմաթիվ հիմնախնդիրներ ունենք, որոնք կարոտ են լուծումների: Խոսքը վերաբերվում է գյուղի և գյուղատնտեսության զարգացմանը, տեղական ինքնակառավարման մարմինների կայացմանը, կադրային քաղաքականությանը, կրթության ոլորտին, առողջապահական համակարգի կատարելագործմանը: Վստահ ենք, որ նախագահի մեր թեկնածուն ունի կամք, վճռականություն, նպատակասլացություն և վերոհիշյալ հարցերը նույնպես իրենց լուծումները կստանան:

Ըստ Արցախի Սահմանադրության` Բակո Սահակյանը հնարավորություն է ունենալու առաջադրվել նաև 2020թ. նախագահական ընտրություններին: Այդ ժամանակ արդյո՞ք Դաշնակցությունը կպաշտպանի նրա թեկնածությունը:

– Նախագահ Բակո Սահակյանի հետ մեր համագործակցությունը կայացել է: Ապագայում համատեղ աշխատանքի համար լավ հիմքեր են ստեղծված: Իսկ ինչ վերաբերում է 2020 թ. Բակո Սահակյանի առաջադրվելուն և Դաշնակցության կողմից նրան սատարելուն` ապա պիտի ասել, որ դրանք ապագայում քննարկվելիք հարցեր են: Այսօր աշխարհաքաղաքական զարգացումներն այնքան արագաթափ են, որ նման հարցերի քննարկումը միայն մեզ սխալ տեղ կհասցնի: Մի բան պարզ է. Դաշնակցությունը գործել է և շարունակելու է գործել Արցախի Սահմանադրության շրջանակներում: Մեր քայլերը նպատակաուղղված կլինեն միայն ու միայն Արցախի Հանրապետության բարգավաճմանը:

«Ապառաժ»